«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծը դեռ ԱԺ չի մտել
00:00, August 31, 2011 | Նորություններ | Հակամարտություններից տուժածների իրավունքներ«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի մշակման աշխատանքներն ավարտվել են 2011թ.-ի ապրիլին, սպասում է արդարադատության նախարարության հաստատմանը, որպեսզի դրվի Ազգային ժողովի քննարկման:
Այս մասին Aysor-ի թղթակցին տեղեկացրեց Կարմի խաչ միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի Հասարակակական կապերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Ռուզանա Վարդանյանը:
Օրենքի նախագծի մշակմանը մասնակցել է աշխատանքային խումբ` բաղկացած ՀՀ ազգային ժողովի, Նախագահի աշխատակազմի, պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, առողջապահության նախարարության, աշխատանքի և սոցիալական ապահովության հարերի նախարարության, մարդու իրավունքների պաշտպանի, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչներից:
Խումբն աշխատում էր Արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության տնօրենի ղեկավարությամբ, իսկ ԿԽՄԿ-ն հրավիրված էր մասնակցելու խմբի աշխատանքային նիստերին և օրենքի հեղինակներին տրամադրում էր իրավական խորհրդատվություն։
Ռ. Վարդանյանը տեղեկացրեց, որ օրինագծի հիմքում ընկած են ԿԽՄԿ-ի ղեկավար սկզբունքները` ուղղված անհայտ կորածների և նրանց ընտանիքների կարգավիճակն օրինականացնելուն։ Այն հաշվի է առնում բոլոր մանրամասները` սկսած անհայտ կորածներին հատուկ կարգավիճակ տրամադրելուց, մինչև նրանց հիմնարար իրավունքները և երաշխիքները, նման անձանց որոնումը և աճյունների արտաշիրմումը, ինչպես նաև` ֆինանսական փոխհատուցումը նրանց ընտանիքներին։