«Բարեփոխումների զարկը մարեց»
00:00, November 21, 2011 | Նորություններ | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Ոստիկանություն, Քրեակատարողական հիմնարկներ«Բարեփոխումերի զարկը մարեց և դարձավ ի շրջանս յուր։ Տարիներ առաջ բարեփոխումներ սկսվեցին Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակ, բայց հետո հետընթաց եղավ։
Կենտրոնացված իշխանության փիլիսոփայության դեպքում բարեփոխում չի կարող լինել. քրեակատարողական հիմնարկի պետը Արդարադատության նախարարին չի ենթարկվում: ՔԿՀ պետ նշանակում է նախագահը, և նա երթարկվում է նախագահին»,- ասում է Արթուր Սաքունցը՝ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ղեկավարը:
Նոյեմբերի 18-ին մոնիթորինգային նախաձեռնությունների խնդիրներն ու հեռանկարներն էին քննարկում փակ հաստատություններում դիտորդական խմբերի, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները՝ կարևորելով մոնիթորինգի մեխանիզմների դերը մարդու իրավունքների ոլորտում:
Ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի ղեկավար Սուրեն Իսկանդարյանն հատկապես այս տարի իրենց գործունեությունն արդյունավետ է համարում. «Այս տարի 60 հրատապ հաշվետվություն ենք ներկայացրել և ունենք մեծ արդյունքներ. ոստիկանապետի հեռացում (Մասիս քաղաք), ոստիակնապետերի խիստ նկատողություններ և այլն։ Մենք, երբ ապացուցված բան ենք ներկայացնում, երբ ապացուցող փաստեր ենք ներկայացնում, անպայման դրանց հիմքով ծառայողական քննություն է լինում ու արդյունք ենք ունենում»։
ՔԿՀ դիտորդների խմբի ղեկավարի խոսքերով՝ հրատապ լուծման համար ՔԿՀ-ում թիվ մեկ խնդիրը ոչ ֆորմալ կանոնների գերակայությունն է իրավական նորմերի հանդեպ: Խմբից ջանքեր է պահանջվում դիտարկումների ժամանակ ապացուցողական փաստ ձեռք բերելու համար:
«ՔԿՀ-ում ներքին բողոքարկման համակարգը խիստ անարդյունավետ է. չգրված կանոնները գերակշռում են գրված կանոններին: Այստեղ քայլ չի կատարվում, որպեսզի իրավական նորմերն ունենան ավելի մեծ ուժ և արդյունավետություն, քան չգրված օրենքները։ Սա մեծ խոչընդոտ է ՔԿՀ-ներում մարդու իրավունքների պաշտպանության և այլ հարցերում։ Օր.՝ ՔԿՀ-ում գտնվողը բողոք ունի, բայց նա պետք է թույլտվություն ստանա բողոքը ներկայացնելու համար, հետո չգիտի՝ իր բողոքն ինչ ընթացք կստանա վարչախմբում։ «Զոն նայողի», «կամերա նայողի» ինստիտուտները դեռևս գործում են և ազդեցությամբ գերակայում են իրավական նորմերին»,- ասում է Սաքունցը։
Երկրորդ կարևոր խնդիրը, Սաքունցի կարծիքով, մինչև պատժի կրման ժամկետը լրանալն ազատ արձակվելու հարցն է, ինչը հնարավոր է պայմանական վաղաժամկետ կամ պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդության պատճառով ազատմամբ. «Ոչ մի մեխանիզմ չկա, անհնար է: Ստացվում է՝ մարդն ընկավ ՔԿՀ-ը, բողոքարկման ոչ մի մեխանիզմ չկա նրա իրավունքները պաշտպանելու համար. մի կողմից ոչ ֆորմալ կանոններ, մյուս կողմից՝ ֆորմալ անհնարին մեխանիզմ»:
Ոստիկանությունում դիտորդական խումբը հրատապ լուծման երկու օրենսդրական բարեփոխման հարց է դրել իր առջև:
«Միջազգային չափորոշիչներով՝ քննիչն իրավունք չունի սահմանափակել ձերբակալվածի կամ կալանավորվածի հեռախոսազանգերն ու տեսակցությունը նրա հետ. մենք այն քիչ երկրներից ենք, որտեղ կա նման սահմանափակում։ Մեր իրավաբանը հիմա աշխատում է այս ուղղությամբ»,- ասում է Սուրեն Իսկանդարյանը:
Որպես իրավական կարևոր երկրորդ խնդիր՝ Իսկանդարյանը նշեց կալանքը որպես խափանման միջոց կիառելու դատական ակտի կայացման դռնփակ անցկացումը. «Մենք ուզում ենք հասնել նրան, որ բաց լինի այդ դատը, նույնիսկ գործով փաստաբանին չեն ներգրավվում: Եթե բաց լինի, շատ ավելի ճիշտ կլինի»։
Մարդու իրավունքների գրասենյակի գործունեությունը՝ որպես խոշտանգումների կանխարգելման մեխանիզմ, ոստիկանության և քրեակատարողական հիմնարկների դիտորդական խմբերի ղեկավարները բացասական գնահատեցին, նրանց կարծիքով՝ համագործակցության եզրեր դեռևս չեն գտնվել, իսկ մեխանիզմն ուղղակի չի գործում:
«Ես պնդում եմ, որ որպես Խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ, օմբուդսմենի գրասենյակը մատնված է անգործության: Օմբուդսմենի ինստիտուտի համար քաղաքական գործոններն ավելի մեծ ազդեցություն ունեն, քան մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչն անհարիր է այդ կառույցին և անտրամաբանական»,- ասում է Արթուր Սաքունցը։
Քննարկմանը Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկա չէր՝ Սյունիքի մարզ գործուղվելու պատճառով: Կազմակերպիչների՝ ՄԻՊ գրասենյակի համապատասխան աշխատակցի ներկայության ապահովման հորդորը, Կարեն Անդրեասյանը թողել էր անպատասխան:
«Մոնիթորինգի մեխանիզմների դերը մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում. մոնիթորինգային նախաձեռնությունների խնդիրներն ու հեռանկարները» թեմայով քննարկումը կազմակերպել էին «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպությունը (PRI), ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, Քաունթերփարթ Ինթերնեշնլ-Հայաստանը, Բաց հասարակության հիմանդրամներ-Հայաստանը և «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը:
Աղավնի Եղիազարյան
Աղբյուրը՝ www.hra.am