«Երիտասարդ խաղաղասերների բրիգադի ձևավորում» ծրագրի մասնակիցների ամփոփիչ հանդիպում
00:00, April 6, 2010 | Մամլո հաղորդագրություններ | Հակամարտություններից տուժածների իրավունքներՀՔԱ Վանաձորի գրասենյակը Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ 2008 թ. օգոստոս ամսից իրականացնում է «Երիտասարդ խաղաղասերների բրիգադի ձևավորում» ծրագիրը, որի նպատակն էր Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի երիտասարդներին ներգրավել խաղաղասիրական գործընթացներում, հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով նպաստել նրանց դերի և արդյունավետ մասնակցության ընդլայնմանը:
2010 թ. մարտի 19-21 Վրաստանի Թբիլիսի քաղաքում տեղի ունեցավ «Երիտասարդ խաղաղասերների բրիգադի ձևավորում» ծրագրի ամփոփիչ հանդիպումը:
Հանդիպման նպատակն էր ամփոփել ծրագրի ընթացքում իրականացված գործողությունները՝ պատերազմից տուժածների /փախստականներ, անհայտ կորածների ընտանիքներ, նախկին ռազմագերիներ/ շրջանում իրականացված մոնիթորինգի արդյունքները, դրանց ներկայացնելը պետական և հասարակական կառույցներին, «Պատերազմից տուժածները» ֆիլմի նախապատրաստման աշխատանքները, բլոգի ստեղծումը:
Հանդիպմանը մասնակցում էին ծրագրի աշխատակազմը, Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի երիտասարդ խաղաղասերները և երիտասարդ հեռուստալրագրողները:
Հանդիպման սկզբում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մոնիթորինգի մասնակիցներին առաջարկեց ներկայացնել ոչ միայն ուսումնասիրության արդյունքները, այլ նաև այն դժվարությունները, որոնց հանդիպել են մոնիթորինգի իրականացման ժամանակ:
Հայաստանի մոնիթորինգի մասնակիցները, ներկայացնելով իրենց մոնիթորինգի արդյունքները, հատկապես առանձնացրեցին պատերազմից տուժածների հոգեբանական վիճակը: Նրանք պետության կողմից ուշադրության պակաս են զգում և աջակցության կարիք ունեն:
Հայաստանի մոնիթորները նշեցին, որ իրենց համար առավել դժվար էր փախստականների և նախկին ռազմագերիների հետ հարցազրույցներ անցկացնելը: Փախստականները, թողնելով իրենց բարեկեցիկ կյանքը, թողնելով ամեն ինչ, հայտնվել են ոչ նորմալ պայմաններում, և մինչ օրս չեն կարողանում հարմարվել նոր պայմանների հետ: Նրանք չեն զգում իրենց որպես հասարակության լիիրավ անդամներ:
Նախկին ռազմագերիները նույնպես պետության կողմից անուշադրության են մատնված: Նրանք չունեն աշխատանք, կորցրել են առողջությունը, չեն կարողանում նորմալ ապահովել իրենց ընտանիքները:
Անհայտ կորածների հարազատների միակ պահանջը անորոշության վերացումն է, կոնկրետ տեղեկություն ստանալը իրենց հարազատի մասին:
Հայաստանի մոնիթորինգի մասնակիցները նշեցին, որ այսպիսի նախաձեռնությունները շատ կարևոր են, քանի որ մինչև հիմա ապրելով այդ մարդկանց կողքին, չեն իմացել այդ մարդկանց խնդիրների մասին:
«Այն, որ մենք բարձրացնում ենք այդ մարդկանց խնդիրները, ներկայացնում տարբեր պետական և ոչ պետական կառույցներին, հնարավորություն կտա փոխել իրավիճակը և աստիճանաբար լուծել խնդիրները»:
Ադրբեջանի մոնիթորինգի մասնակիցը նշեց, որ ի տարբերություն Հայաստանում բնակվող փախստականների, Ադրբեջանում նրանք օգտվում են տարբեր արտոնություններից, պետության ուշադրության կենտրոնում են, և շատ դեպերում, մարդիկ ձեռք են բերում փախստականի կարգավիճակ, որը ավելի լայն հնարավորություններ է տալիս իրենց:
Հայաստանում և Ադրբեջանում անհայտ կորածների հարազատների պահանջը մեկն է, տեղեկություն իրենց հարազատի մասին:
Նախկին ռազմագերիների շրջանում հարցումներ չեն իրականացվել Ադրբեջանում, քանի որ նրանց համարում են ազգի դավաճաններ և մեծ մասամբ ենթարկում են ազատազրկման: Միջազգային կազմակերպությունները շատ դեպքերում օգնում են նրանց փախչել երկրից:
«Մարդիկ գնում են պատերազմի, կռվում հայրենիքի համար, բայց հետ են գալիս ու պետությունը նրանց պատժում է»,- նշեց ադրբեջանցի մասնակիցներից մեկը:
Լեռնային Ղարաբաղում անցկացված մոնիթորինգի արդյունքները ցույց տվեցին, որ պատերազմից տուժածների խնդիրները նույնն են, նրանք ուշադրության պակաս են զգում, հոգեբանական աջակցության կարիք ունեն:
Երիտասարդ հեռուստալրագրողները նկարահանել էին ֆիլմ` «Պատերազմից տուժածները», որտեղ ներկայացվում են Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի փախստականների, նախկին ռազմագերիների և անհայտ կորածների հարազատների խնդիրները:
Երիտասարդ հեռուստալրագրողները նշեցին, որ շատ հետաքրքրիր էր աշխատել նմանատիպ նախագծում, որը հնարավորություն տվեց այդ մարդկանց խնդիրների հետ ծանոթանալ մոտիկից, բարձրացնել այդ խնդիրները:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև ծրագրի շրջանակներում ստեղծված բլոգը` www.hcav.am/blog , որտեղ ներկայացված են ծրագրի ընթացքում կատարված իրադարձությունների մասին նյութեր, վերլուծություններ, ընթանում են քննարկումներ խաղաղասիրությանն առնչվող թեմաների շուրջ, տեղեկանում աշխարհում ընթացող խաղաղասիրական գործընթացներին:
Հանդիպման վերջում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը, ամփոփելով ծրագիրը, մասնակիցներին առաջարկեց նշել, թե ինչ կարելի է անել հետագայում, ինչպիսի նախագծեր իրականացնել, որ հարցերի վրա ուշադրություն դարձնել:
Հանդիպման մասնակիցները առաջարկեցին կազմակերպել հայ-ադրբեջանական ուսուցողական սեմինարներ` դերային խաղերով, համատեղ աշխատանքներ կատարել: Նկարահանել փոքրիկ ֆիլմեր, թեման կարող է նաև չվերաբերվել կոնֆլիկտին, նկարների ցուցադրություններ կազմակերպել, կազմակերպել ֆիլմի փակ դիտումներ հետագա քննարկումներով, ներգրավել հենց պատերազմից տուժածներին, կազմակերպել համատեղ քննարկումներ չեզոք թեմայի մասին, որտեղ հայկական և ադրբեջանական կողմերը հանդես կգան ոչ թե երկու կողմով, այլ ` մեկ: