«Էս թուրքին մեր միջից հանեք»
00:00, September 1, 2010 | Նորություններ | Կոռուպցիայի կանխարգելումԼեռնապատցի հանրապետականները կառավարությանը խնդրում են, ուղղակի չոքըմ են, բավական ա` բոլ ա
Մինչ Լոռու մարզի Լեռնապատ գյուղի գյուղապետը հերքում է իր անձի մասին տպագրվող եւ քննության առարկա դարձած տեղեկությունները, մենք հանդիպեցինք նաեւ համայնքի բողոքող բնակիչներին:
Գյուղի դպրոցի զինղեկ, Բորիս Աշրաֆյանից նախ հետաքրքրվեցինք` բարեկամ ե՞ք գլխավոր դատախազության կոռուպցիայի եւ ԿՀԴՊ վարչության պետ Արմեն Աշրաֆյանի հետ, ով իբր հովանավորում է Վանո Եղիազարյանին: «Մի ազգ ենք»` եղավ պատասխանը, բայց նա բողոքողների շարքում էր. «Ես արդարության կողմնակից եմ… Երբ Վանոյին, երիտասարդ տղա, գյուղապետ առաջարկեցին, ես երեք անգամ էլ ձայնս տվել եմ իրեն: Ասել եմ` երիտասարդ տղա ես, Վանո ջան, չգայթակղվես, մարդավարի կաշխատես: Ասեց` հա ընկեր Աշրաֆյան…, բայց էս վերջերս, էս 2 տարվա մեջ, իմ բարեկամներից գալիս են, ասում են` սենց բան կլինի` մի ամսվա, երկու ամսվա, երեք ամսվա նպաստս կտրում ա… Հետո եկավ մեր տուն, ասեցի` Վանո, ամոթ քեզ, էս ինչե՞ր եմ լսում: Բա թե` կարա՞ն ապացուցեն: Ասի` թող ապացուցեն, բայց քեզ սազական բան չի… ինքն էլ, եթե` ապացուցել տվողը թող երկու տարի նստի, ես էլ իրեք տարի: Ասի` ամոթ քեզ: Գազի գործով մարդիկ կային, որ ասենք թե տունը հեռու ա, մի երկու ստոլբա ա տնգել, իրա համար գազ ա քաշել: Ես էլ որպես վարչական հանձնաժողովի հասարակական կազմակերպության նախագահ, դե էդ ժամանակվա, թե արի` տուգանում ենք. բա ի՞նչ ա եղել: Հետո ասեց` թե ապօրինի գազ ա քաշել: Արա, ուրախ չե՞ս, ապօրինին ո՞րն ա… 2 ստոլբա ա տնգել մարդը, պիտի ուրախ լինես, որ ծախս չես անում, էն մարդը գազ ա տարել… Ու հետո, որ էս ցուցակը բացվեց օգնության, ես մնացել էի ապշած… Ասեց` բա դու էլ գրեիր, քեզ էլ կտայի: Ասի` ամոթ քեզ, էս գյուղում էլ սոված մարդ չկա՞ր, բացի հորիցդ, մորիցդ, փեսենոցիցդ… Հոռոմսիմյան Նորիկը երեկ անցնում էր, ասում ա` ախպորս անունից 100.000 գրել են` մեռած մարդ ա, բայց իրա ստորագրությունը չի: Սա գայթակղվեց… Հիմա սա տեսախցիկ ու բան ա դրել, չգիտեմ «Առավոտ» թերթում գրել էին, թե ինչի՞ ես տեսախցիկ դրել, ասել էր, թե` գյուղում անասնագողությունը տարածված ա, դրա համար տեսախցիկ եմ դրել: Խի գյուղապետարանի մոտից անասուն են գողանո՞ւմ… Սա խայտառակություն է: Ափսոս էդ տղեն, բայց գայթակղվեց»:
Արտյոմ Աշրաֆյանը եւս Աշրաֆյանների ազգից է եւ մեզ հետ զրույցում ասաց. «Չորս երեխատեր տղա եմ, դոմիկի էլ ապրող եմ, ընդհանրապես ինձ ոչ մի օգնություն չի հասել: Խոստացել ա, որ երեխեն ընդունվի` ինչ-որ բանով կօգնի, դա էլ չի արել: Ես էդքանը կարամ ասեմ»: Կամսար Թամարյան. «Մեր գյուղի ամենալավ ապրողը ես եմ: Ես նայել եմ, որ մեր գյուղը կործանվում ա, մեր գյուղում նույնիսկ սովից մարդ ա մահացել: Անունը չեմ ուզում ասեմ` կոպիտ ա հնչում, բայց ես 2 տարի առաջ էդ նույն Վանոյին ասել եմ` մեր կարմիր Հաջղարին` մեր գյուղը թուրքը չի մտել, ինքը իմ հետ ընդհարվել ա, ու ես եմ իրա դեմ դուրս եկել: Իմ պապերն էս գյուղում թուրք են մորթել, չեն թողել, որ էս գյուղը թուրքը մտնի, ու նա էս գյուղը ջնջել ա: Ես էսօր կանգնած եմ, որ մեր գյուղը գոնե 50 տարի հետո նմանվի մեր առաջվա Լեռնապատին… Գյուղը երկու մասի ա բաժանվել. ոչ մեկը չեն կարում աշխատեն, քանի որ կաշառում ա` 5000-ով. սովը վատ բան ա, չունենալը աշխարհի տակին ամենավատ բանն ա: Էս մարդիկ մտածում են, որ Վանոն նորից գյուղապետ աշխատի, իրանց նպաստը կկտրվի: Էսօր ես կխնդրեմ Երեւանից մի հատ կամիսիա, մեր գյուղում մի հատ բնակիչ Արտյոմ կա. երրորդ երեխեն պտի ունենա, որի կինը ուղեղն էնքան չի աշխատում, ինչքան որ երեխա բերելուն աշխատում ա, բայց կրթություն չունի: Խաբել են գյուղապետարանում, Վանոյի երկու քույրերը, Մալխասյան Մհերը գրիլ են տվե, որ մարդդ աշխատում ա: Էն տղեն բոլորին օգնում ա` ինձ էլ ա օգնում, Աշրաֆյան Բորիկին էլ ա օգնում, բայց էն աշխատանքը չունի: Դոմիկում ապրող ա, մերը ինվալիդ ա, շատ վատ վիճակում ա, նպաստ չեն տալիս: Մենք նորից պտի խնդրենք Սերժ Սարգսյանին, որ նորից կամիսիա գա գյուղապետարան, որ էսօր Վանոյի քույրը, թոռը նպաստառու ա, որ քույրն աշխատում ա գյուղապետարանում, իրա քրոջ տղեն Մոսկվայում մեծ բիզնեսի մեջ ա, էսօր մենք բոլորս կառավարությանը խնդրում ենք, ուղղակի չոքըմ ենք, մենք բոլորս հանրապետական ենք, …բավական ա` բոլ ա, էս կոռուպցիայի առաջն առնեն, մեղք է էս ժողովուրդը… Պատգամավոր Արկադի Համբարձումյանի` գյուղին նվեր տված ավտոբուսը «Վանաձորյան խճանկարում» Վանո Եղիազարյանը դրել ծախում էր», հետ ենք բերել, …որ հին գյուղից երեխանցը պտի բերեր թազա գյուղի դպրոց: Խմելու ջրի պրոբլեմ էսօր էլ ունենք: Մենակ ուզում ենք կառավարությունն իմանա` երկու «դվուխսպալնին» գյուղապետն ի՞նչ պտի անի, գյուղապետարանում դրած ա: Էդ ո՞նց եղավ, որ Վանոյի հորը հասավ 630.000 դրամ օգնություն, Վանոյի քրոջ տղուն հասավ 1 մլն 100 հազար դրամ օգնություն, ու գյուղում սոված մարդիկ կան, կոպեկ չհասավ»:
Միտիչյան Ղարիբ. «Սկզբնական շրջանում ճիշտ ա` մենք գլխի չենք եղել, բայց վերջին շրջանում արդեն բացարձակ ձեւով իր դեմքը բացեց ու սկսեց ժողովրդին վնաս տալը` ուժեղ կարգով: Ցանկապատի տակ թուփ էր դուրս եկել, խոտ բերելուց խանգարում էր: Կտրեցինք, էդ մարդը վեր կալավ` դատի ներկայացրեց: Թե` ինչի՞, ո՞ր մեղքիս համար, որ իբր ընդդիմադիր եմ` բնությանը վնաս եմ հասցրել` 40.000 դրամ»: Հարցրի` բողոքարկել ե՞ք, նա պատասխանեց. «Չէ, ում տի բողոքարկեմ, պտի կառավարություն ըլնի, պետություն ըլնի, էս մարդը տասը տարի ա` թալանով ա զբաղված, սրան ոչ մի բան չեն կարում անեն, բայց մի ամսվա ընթացքում` ձեռս դնել տվին Ավետարանի վրա, որ սուտ չխոսեմ ու ասեմ` ծառ եմ հատիլ: Հիմա երեխոնց բերնից կտրել եմ` 20.000 մուծել եմ, մնացածն էլ պտի մուծեմ: 6 տղա ունեմ, 12 թոռ ունեմ: Էս մեծ տղուս համար, որ ինքը` գյուղապետը տնատեղ տվեց, 500 դոլար ուզեց, …հետո վեր կալավ ու նորից դատարան մտցրեց, թե` ապօրինի շինություն ա: Էդ 500 դոլարը չէինք տվել, գիտեինք ինչ մարդ ա էլի, ասինք` ամեն ինչը կանենք, նոր… Ես դիմել եմ քանի անգամ (գյուղապետին)` թոռս մահամերձ էր, տարել եմ` 50.000-ի տեղը, տվել ա 15.000 պարտքով, բայց հետագայում փող չըլնելու պատճառով վրես 50.000 գրել ա, 15.000-ն էլ հեչ եմ անում: Էն օրը զանգել եմ հարսիս, ասում եմ` այ բալիկ, քու վրա էլ փող կա: Ասում ա` այ պապ, ես փող չեմ ստացել: Իմ անունով` 50 հազար, էն տղուս անունով` 50.000, էն մի տղուս անունով էլ, որ վապշե չի տվել, այսինքն` իրա ընկերն ա, ասել ա, Հովո ջան, բեր էդ 50.000-ը բենզին եմ առնում, ծախսեր եմ անում, տեղս նեղ ա, բայց ինչ նեղ…: Սա հիմնարկի տարածք ա եղել, երկրաշարժից հետո եկել եմ պահակ եմ աշխատել, հիմնավորվել, ոչ տեղ, ոչ տուն: Էդքան երեխեն պահել, մեծացրել եմ: Էս պետությունից ես հիասթափված եմ: Փոխանակ ինձնից շնորհակալություն հայտնեն, ինձ դատի են ներկայացնում… Ամեն ինչում ճնշում ա. մի հատ տեղեկանքի ես գնում` կոպիտ ձեւով պատասխանում ա, թե գնա, իմ աշխատաժամը չի, ես էլ չգիտեմ` էդ աշխատաժամանակը երբ ա՞: Եթե ես մի քիչ խելքս կորցնեմ` կտամ, կսատկացնեմ: Ախր մարդու հոգուն չի կարելի հասցնել… Անընդհատ սենց ոնց որ վախի մթնորոտում ապրենք: Էս մարդը չի կարա մենակ անի, նա հովանավոր ունի: Քուրն էլ, հորեղբոր աղջիկն էլ բացահայտ ասում են` դուք ինչ կարաք անեք, վեց ամիս ինչ արիք, որ հմի ինչ անեք: Մենք լավ պաշտպաններ, հարազատներ ունենք»: Ղարիբ Միտիչյանի խոսքով` հողերը վերածվել են ամայի խոտհարքների: «Դաժե չի թողացել ցորեն ցանենք, ասել ա` ինչի՞դ ա պետք, խոտ արա` ծախի, բայց չէ՞ որ ես 6 երեխա եմ պահել մեծացրել, ուղարկել բանակ, հետո էդքան թոռ ունեմ… Բայց հիմա էդ հողի կարգն էլ ա փոխել էդ մարդը. չջրվող հողը դարձրել ա ջրովի, որ ավելի շատ հարկ վերցնի: Վրես 120.000 դրամ ա գրած` ավելորդ, չգիտեմ էդ գումարը որտեղից ա եկել… Եթե գյուղացին հողը պտի ջրեր` էսօր արդյունք ստանար, էս տարի էլ էդ կոմբայնի խաթր` վեր կալանք հողերը անասնակեր սարքեցինք: Իրան ձեռ չի տալիս: Ինքը ցորեն չունի, ժամանակ էլ չունի, որ գնա մարզպետարան, գնա կոմբայնի հետեւից… Էս մարդը չի ուզում գյուղացիներին օգնի»: Գյուղացիներն ասում են, որ ամբողջ համայնքի հողի չնչին տոկոսն է մշակվում. «Անցյալ տարի ընդհանրապես ջուր էլ չտվեցին, միայն էս աղմուկից հետո ջրպետին կարգադրեց, որ ջուրը բաց թողնի, որ ժողովուրդն իր նկատմամբ` լավ տրամադրվի», – ասաց գյուղացիներից մեկը:
Գեւորգ Մելքոնյան. «Խմելու ջրով ԳԷՍ ա դրել ինքը, իրա սեփական ԳԷՍ-ն ա… Ըստեղ ապօրինի հանք ա դրել (բազալտի), 35, թե 25 հեկտար: Իրականում այդ հանքն իրավունք չունեին շահագործման հանձնելու, փակված հանք ա եղել: Հանցավոր համաձայնության գալով նախկին տնօրենի հետ` ինչ-որ Հարությունյան Սամվելի, մեծ գումարներ ա վերցրել, պայթեցումներ ա եղել այնտեղ, ստեղ էլ դպրոցը մոտիկ ա… Երբ հարցրել ենք, ինչու ա տրվել, ուրեմն մեզ ինչ լկտի ձեւով ա պատասխանել. դա Հարությունյան Սամվելին տրվել ա որպես արոտատեղ: Մենք ուզում ենք իմանալ` ընդեղ արածողը Սամվելն ա՞ լինելու, գյուղապե՞տը, թե՞ ավագանին… Հարությունյան Սամվելը ֆերմեր չի, անասուն չունի…»: Պայթեցումներից գյուղի տները վնասվում են, իսկ գյուղի դպրոցը նույնիսկ նորմալ հիմք չունի: Կամսար Թամարյանը հավելեց. «Դպրոցն էլ մոտ 200-250 մետր է հեռու, եւ դպրոցում էլ մենք զոհեր ենք տվել երկրաշարժի ժամանակ… Երեք անգամ ուժեղ պայթեցում ա եղել… եթե էդ պայթեցումներից մի բան լինի` ո՞վ է պատասխան տալու: Երբ է սրա վերջը լինելու: Ասել են` բեր գերեզմանների ճամփեն շինի, ասել ա` բա ինձ պետք ա՞: Եթե ինքը ունենար էդ զոհերը, սրտացավ կլիներ: Ես խնդրում եմ կառավարությանը. մեր գյուղը մեծատառով գյուղ ա, միակ գյուղն ա, որ թուրքն էս գյուղը չի մտել, էսօր մեր միջից թուրք ա ծնվել: Խնդրում ենք` մեր միջից հանել թուրքին»: Նրանք նաեւ ասացին, որ գյուղապետը մոտ 1 միլիոնով դրել է գյուղապատերանի կամար-դարպասը, գրեթե նույնքան գումարով դիմացի սալիկները, մոտ 50.000-ով բիլիարդի սեղանը, որը սակայն մուտք է արված 845.000-ով:
Գեւորգ Մելքոնյան. «Դիմում-բողոքների շարժը չի երեւում: Քննիչների մոտ նույնիսկ դա կա. 2009 թիվն էր կարծեմ, նայեցինք դիմում-բողոքների գիրքը, 9 հատ դիմում էր գրանցված: Այսինքն` մի ամբողջ տարվա ընթացքում ընդամենը 9 հոգի ա դիմել, բայց ինքը էդ ընթացքում, ասենք, մի 50 հոգու օգնություն ա տվել: Բա ո՞ւր են էդ դիմումները…»: Ասում է, որ ավագանին է որոշել, եւ ինքը պարտավոր է այն կատարել. «Ավագանին կարող ա հիմար որոշումներ ընդունի, ինքը պարտավոր ա դատական կարգով այդ որոշումը չընդունի` եթե հակասում է օրենքին… Ավագանին, ասենք, որոշում է, որ մեկին ոչ թե 50.000, այլ բյուջեից 5 մլն տա, իմ հարազատն ա… Անգրագետներ` բառիս բուն իմաստով, ավագանին որոշեց, ուրեմն էդ 5 միլիոնը պետք ա տան դրա՞ն… Ավագանիներից երեքին գրիչը տվել եմ, ասել եմ` ձեր անուն-ազգանունները գրեք, չեն կարացել գրել. կոնկրետ Եղիազարյան Հրոն, իրա հորեղբոր տղեն ա, Թորոսյան Արայիկը, Աշրաֆյան Սամվելը… Կամ` գազի հետ կապված: Ցանկացած համայնքում եթե սոցներդրումների հիմնադրամը ինչ-որ բան է կառուցում…10 տոկոսը պարտավոր է համայնքը կատարի: Նա պարտավոր էր 10 տոկոսի ներդրում անել: Այս գազի ծրագիրը մոտ 29 մլն դրամի ծրագիր է, այսինքն` մոտ 3 մլն-ը նա պարտավոր էր կատարել համայնքից: Եթե մեր գյուղում բյուջեն 55-56 միլիոն է, 3 մլն-ը դժվա՞ր էր իրա համար ներդրում աներ…», – հարցնում է Գեւորգ Մելքոնյանը: Առաջին կարգի հաշմանդամ Աբազյան Ալբերտն էլ ասաց, որ չնայած գոմ ունի ու անասուն չունի (որի առկայության դեպքում նպաստ չեն տալիս), բայց դիմել է եւ նպաստ չի ստացել. «Ոտիս (կտրած) պահով 10.000 դրամ ա տվել. էդ ա մի անգամ, էդ էլ հողի հարկ ա վեր կալել: Երեւանից մեկն էլ եկավ` Բարսեղյան Աշոտ (սոցապից), նպաստ տվողն էլ ստեղ, դրան խայտառակ արավ, որ առաջին կարգի հաշմանդամին դու իրավունք չունես նպաստ չտաս… Հիմա չգիտեմ` դա ինչ ֆոկուս ա, ու մինչեւ հիմա չեմ ստանում: Իսկ ընդհանրապես մեր դաշտերի երկու տոկոսը հազիվ ցանվում ա… Ջուրը քաշել են մինչեւ անտառի տակը, մեզ ջուր չի տալիս, որ իբր ջրովի հող ա, հարկը տանք: Ջուր տվողն ասել ա` պետք ա գյուղով հավաքվեք, գաք խնդրեք, փողերն էլ մուծեք, որ տամ… Չնայած ջուրը ինքնահոս ա, բայց սաղ հողը էռոզացվել ա»: Արուս Աբազյան. «Մոլորել եմ, թե երեխանցս ինչ եմ կերակրելու ձմեռը: Ստանում եմ` թոշակ, պահում եմ թոռներիս, հարսս, տղես անաշխատանք…»: Շուշանյան Մաքսիմ. «Գազը քաշում են` 20.000 տվել եմ ու ինձանից գազը 1200 մետր հեռու ա, ասում ա` մնացածը պտի դու տանես, ու գազ չունեմ…»:
Աղբյուրը` http://www.zhamanak.com/article/15899/