«Ո՞րն է փոփոխությունների չափորոշիչը»
17:46, April 17, 2013 | Նորություններ | ՈստիկանությունԻրավապաշտպան, Հելսինկյան ընկերակցության Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին տարակուսանք են պատճառել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վերջին կադրային նշանակումները: irates.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ոչ միայն տարիներ առաջ ընդդիմության ակտիվիստ Գրիշա Վիրաբյանին խոշտանգող Աշոտ Կարապետյանի՝ Երևանի ոստիկանապետի պաշտոնում նշանակելն է իր համար տարօրինակ, այլև՝ Սարգիս Մարտիրոսյանին, ով նախկինում զբաղեցրել է ոստիկանության Երևանի կենտրոնական բաժնի պետի պաշտոնը: Արթուր Սաքունցը նշեց, որ այսօր քրեական գործ է հարուցվել Սարգիս Մարտիրոսյանի ենթակաների` ոստիկանության երկու աշխատակիցների նկատմամբ, ինչը նշանակում է, որ նա չի իրականացրել պատշաճ հսկողություն: Իրավապաշտպանն ուշադրություն է հրավիրում նաև մեկ այլ նշանակման փաստի վրա՝ Չարենցավանի ոստիկանապետ է նշանակվել Սամվել Տոնոյանը, ով նախկինում օպեր-լիազոր էր, և ում անունը շոշափվում էր ոստիկանության Չարենցավանի բաժնում երեք տարի առաջ դաժանաբար սպանված Վահան Խալաֆյանի քրեական գործում:
«Ինձ համար այս ամենն անհասկանալի է, քանի որ այդ պաշտոնյաները չեն կատարել սովորական զանցանքներ, այլ խոսքը քրեական գործերի մասին է: Եթե խնդիր չի դրվում փոխելու քաղաքացու նկատմամբ վերաբերմունքը, ապա այդ փոփոխությունների չափորոշիչը ո՞րն է՝ անձնական նվիրվածությու՞նը, հմա՞յքը: Այդ դեպքում հարց է ծագում՝ որքանո՞վ ոստիկանությունը կծառայի քաղաքացիներին»,– տարակուսում է Արթուր Սաքունցը:
Արթուր Սաքունցը կարծում է, որ հանրությանը պատշաճ կերպով չներկայցվեց հիմնավորում, թե ինչու պաշտոնանկ արվեց Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը:
Նա նշեց նաև, որ հասարակական կազմակերպությունները պետք է աշխատեն հասարակական կարծիք ձևավորելու ուղղությամբ, որպեսզի մեր երկրում նման որոշումներ չկայացվեն:
Աղբյուրը՝ http://www.irates.am/hy/1366198311