«Human Rights Watch-ն օբյեկտիվ է»
00:00, January 26, 2011 | Նորություններ | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Կյանքի իրավունք, Հավաքների և միավորումների ազատություն, Տեղաշարժի ազատություն, Տեղեկատվության եւ խոսքի ազատություն | Զինված ուժեր, ՔաղբանտարկյալներՀայաստանյան իրավապաշտպանները գտնում են, որ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր տարեկան զեկույցում օբյեկտիվ գնահատական է տվել ՀՀ բոլոր ոլորտներում առկա իրավիճակին:
Նրանք հատկապես կարեւորում են այն հատվածը, որտեղ գնահատական է տրվել Հայաստանի միջազգային գործընկերներին: «Հայաստանի միջազգային գործընկերները թերացել են իրենց ներուժն օգտագործել, որպեսզի ՀՀ-ում դեմոկրատական զարգացումները շատ ավելի արագ լինեն»,- այսօր «Ա1+»-ին իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
Նա չի կարծում, թե ՀՀ իշխանությունները հաշվի կառնեն Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպություն զեկույցը. «Դա ոչինչ չի նշանակում: Շատ կարեւոր է, որ նորմալ միջազգային կազմակերպությունները, Հայաստանում ապրող նորմալ մարդիկ իրենց ճշգրիտ եւ օբյեկտիվ խոսքն ասեն, այլ խնդիր է, թե ինչ կասեն դիկտատորները, հանցագործները, ժողովրդավարության դեմ աշխատող բռնակալները»:
Ընդգծելով, որ Human Rights Watch կազմակերպությունը աշխարհի ամենահեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններից է` Ավետիք Իշխանյանն ասաց. «Human Rights Watch-ը երբեք քաղաքական նպատակներ չի հետապնդում եւ օբյեկտիվ զեկույցներ է ներկայացնում: Որեւէ մեկը չի կարող վիճարկել ՀՀ-ի վերաբերյալ բարձրացրած հարցերը` մարտի 1-2-ի 10 զոհերի սպանությունների բացահայտված չլինելը, որոշ դեպքերում հավաքների արգելումը, ոստիկանության բաժիններում մարդկանց խոշտանգումները` օրինակ բերելով Վահան Խալաֆյանի սպանության դեպքը, բանակում կատարված սպանությունները: Եթե որեւէ մեկը կասկածում է այս կազմակերպության օբյեկտիվության վրա, կարող է բացել այլ երկրներին վերաբերող զեկույցները եւ համեմատել»:
Պարոն Իշխանյանը նաեւ հիշեցրեց, որ «Human Rights Watch» այն կազմակերպությունն էր, որը 2008 թ. մարտի 1-ից անմիջապես հետո զեկույց հրապարկեց դեպքերի վերաբերյալ. «Այդ զեկույցը շատ օբյեկտիվ էր եւ առանց պիտակավորումների»:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցին նույնպես բավարարում է Հայաստանի վերաբերյալ «Human Rights Watch»-ի զեկույցը, սակայն նա կարծում է, որ բանակում տեղի ունեցող ողբերգական դեպքերին կարելի էր ավելի խիստ գնահատական տալ:
Սաքունցի կարծիքով ՀՀ իշխանությունները հաշվի չեն առնում ինչպես «Human Rights Watch»-ի, այնպես էլ այլ իրավապաշտպան կառույցների զեկույցները. «Եթե զեկույցները Հայաստանի իշխանությունները հաշվի առնեին, ապա այսօր մենք չէինք ունենա քաղբանտարկյալներ, մարտի 1-ի 10 զոհերի սպանությունները բացահայտված կլինեին, «Ա1+» հեռուստաընկերությունը կլիներ եթերում, Ազատության հրապարակում հանրահավաքներ կլինեին եւ այլն»:
Սաքունցը համոզված է, որ Հայաստանի վերաբերյալ «Human Rights Watch»-ի զեկույցը հաշվի կառնեն այն միջազգային կառույցները, որի անդամ է կամ համագործակցում է Հայաստանը` ՄԱԿ, ԵԽ, ԵՄ եւ այլն:
Աղբյուրը՝ http://www.a1plus.am/am/politics/2011/01/25/human-rights-advocates