Անվճար իրավախորհրդատվություն Լոռու մարզի Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր և Սպիտակ քաղաքներում
00:00, June 16, 20082008թ. մայիսին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավական խորհրդատվության Ստեփանավանի, Ալավերդու, Տաշիրի և Սպիտակի կենտրոններ են դիմել 17 քաղաքացիներ իրենց խախտված իրավունքի վերականգնման և իրավունքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու հարցերով:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանները քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին պատասխաններ են տվել տեղերում՝ նրանց համար իրավախորհրդատվություն իրականացնելով:
Կենտրոնների երկամսյա գործունեության ընթացքում առավել ակտիվություն է դրսևորվել Ստեփանավան և Ալավերդի քաղաքներում:
Այն հարցերը, որոնք նույնն են եղել բոլոր կենտրոններում կազմակերպության կողմից ներկայացվում են ընդհանուր:
Այսպես, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Լոռու մարզի Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր և Սպիտակ քաղաքների կենտրոններ քաղաքացիները դիմել են հետևյալ հարցերով.
Ստեփանավան
Ստեփանավան քաղաքում բարձրացված 1 խնդիրը վերաբերվել է սեփականության իրավունքի խախտման փաստին, մյուս դեպքերում քաղաքացիները դիմել են հիմնականում սոցիալական աջակցության իրավունքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար:
1. ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրը վարույթ է ընդունել մի գործ, որի վերաբերյալ արդեն կայացված է համապատասխան վճիռ և մտել է օրինական ուժի մեջ: Արդյունքում խախտվել է քաղաքացու սեփականության իրավունքը:
1993թ. հոկտեմբերին Ստեփանավանի քաղաքային ժողովրդական դատարանը վճռով Է.Հ.-ին ճանաչել է բնակարանի սեփականատեր: 1994թ. ՀՀ Գերագույն դատարանը բեկանել է նշված վճիռը և գործն ուղարկել Թումանյանի շրջանի ժողդատարան նոր քննության: 1994թ. Թումանյանի շրջանի ժողդատարանը կայացրել է որոշում Է.Հ.-ին սեփականության իրավունքով բնակարանը հատկացնելու վերաբերյալ և այս որոշումը մտել է օրինական ուժի մեջ: Վճռի հիման վրա քաղաքացին օրենքով սահմանված կարգով գրանցել է բնակարանի սեփականության իր իրավունքը: 1998թ. սակայն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բողոքի հիման վրա ՀՀ Գերագույն դատարանը բեկանել է Թումանյանի շրջանի ժողդատարանի վճիռը և գործը նորից ուղարկել Ստեփանավանի քաղաքային ժողդատարան նոր քննության: Ստեփանավանի քաղաքային ժողդատարանում գործը չի քննվել և նոր վճիռ չի կայացվել: Փաստորեն, գործը թողնվել է առանց քննության և օրինական ուժի մեջ մտած է համարվել 1994թ. Թումանյանի շրջանի ժողդատարանի վճիռը: Դրանից 14 տարի անց՝ 2008թ., Ստեփանավան քաղաքի մեկ այլ բնակիչ Հ.Պ.-ն դիմել է Պետական կադաստրի անշարժ գույքի Ստեփանավանի տարածաշրջանի տարածքային ստորաբաժանում այդ նույն բնակարանի նկատմամբ իր սեփականության իրավունքը գրանցելու խնդրանքով: Հ.Պ.-ն իր դիմումը հիմնավորել է նրանով, որ տասը տարիների ընթացքում ինքը բացահայտորեն և անընդմեջ տիրապետում է այդ բնակարանը որպես սեփական գույք: Նման պայմաններում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետը թույլ է տալիս գրանցել քաղաքացու սեփականության իրավունքը /ձեռքբերման վաղեմություն/: Օրենքով սահմանված այս դրույթը, սակայն, վերաբերում է տիրազուրկ գույքին, որը սեփականության իրավունքով մեկ ուրիշին դեռևս չի պատկանում: Մինչդեռ 1994թ. Թումանյանի շրջանի ժողդատարանի վճռով այդ բնակարանի նկատմամբ Է.Հ.-ի սեփականության իրավունքը ճանաչվել է և Պետական կադաստրի անշարժ գույքի Ստեփանավանի տարածաշրջանի տարածքային ստորաբաժանման կողմից հաստատվել: Ուստի Հ.Պ.-ի դիմումը անշարժ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ անհիմն է: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրը, սակայն, վարույթ է ընդունել Հ.Պ.-ի հայցադիմումը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ պատրաստվել է միջնորդություն՝ դատարանի կողմից նույն գործի քննման անթույլատրելիության վերաբերյալ: Ներկայացած միջնորդությունը դատարանը, սակայն, հաշվի չի առել և կայացրել է նոր վճիռ, որով ոչ տիրազուրկ բնակարանի սեփականատեր է ճանաչվել Ստեփանավանի մեկ այլ բնակիչ:
Քաղաքացիների տեղեկատվություն ստանալու դիմումները վերաբերվել են սոցիալական աջակցության իրավունքին և եղել են հետևյալ բնույթի.
1, Անչափահաս երեխայի նկատմամբ օրենքով սահմանած կարգով ամուսնալուծվելուց
հետո ի՞նչ պարտավորություններ է կրում հայրը: Ի՞նչ կարգով են սահմանվում այդ պարտավորությունները:
Ամուսնալուծությունից հետո երեխայի ապրուստի միջոցները հոգալու ծնողների պարտավորությունները չեն դադարում: Երեխաների համար ապրուստի միջոց՝ ալիմենտ, վճարելու վերաբերյալ ծնողների միջև համաձայնության բացակայության դեպքում ծնողներից բռնագանձվում է դատական կարգով:
2, Օգտվու՞մ է արդյոք Աֆղանստանում զոհված զինվորի ընտանիքը սոցիալական որևէ
աջակցությունից:
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին ՀՀ օրենքով Աֆղանստանի զինծառայողներն իրենց կենդանության օրոք օգտվում են երկարամյա ծառայության կենսաթոշակից: Նրանց մահից հետո ընտանիքն օգտվում է սոցիալական կենսաթոշակի իրավունքից, եթե ընտանիքում կան
1. 18 տարին չլրացած երեխա
2. 18 տարեկանից բարձր հաշմանդամ երեխա
3. բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ցերեկային ուսուցմամբ սովորողներ:
Այս դեպքում ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է ներկայացնում սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն՝ կցելով համապատասխան փաստաթղթերը:
3, Հաշվառու՞մ են արդյոք քաղաքացիներին ժամանակավոր կացարանում՝ տնակում:
Եթե տվյալ տնակը սահմանված կարգի հասցե ունի, ապա քաղաքացին կարող է ժամանակավոր հաշվառվել տվյալ հասցեում:
Ալավերդի
Ալավերդի քաղաքում քաղաքացիների կողմից բարձրացված 1 խնդիրը վերաբերվել է նախկին պրոֆթոշակառուների սոցիալական աջակցության իրավունքի խախտմանը:
1, «Մանես-Վալեքս» լեռնամետալուրգիական գործարանը պրոֆթոշակ է նշանակել 115 աշխատակցի: «Մանես-Վալեքս» լեռնամետալուրգիական գործարանի լուծարումից հետո նրա իրավահաջորդ է դարձել «Մանես» գունավոր մետաղների ԲԲԸ-ն, որը մինչև 2006թ. դեկտեմբերը վճարել է քաղաքացիների պրոֆթոշակները: 2006թ.-ից ի վեր քաղաքացիների պրոֆթոշակները չեն վճարվել այն պատճառաբանությամբ, որ ընկերությունը ներկայումս իրականացնում է առկա գույքի գնահատում լուծարային
գործընթաց:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստանձնել է «Մանես» գունավոր մետաղների ԲԲԸ-ի նախկին աշխատակիցների իրավունքների պաշտպանության հարցը: Կազմակերպությունը պատրաստվում է աշխատակիցների իրավունքները պաշտպանել դատական կարգով: Արդյունքների մասին տեղեկությունները կհրապարակվեն լրացուցիչ կարգով:
Իրավունքի վերաբերյալ տեղեկություններ ստանալու քաղաքացիների հարցերը եղել են հետևյալ բնույթի.
1, Օգտվու՞մ է արդյոք 1986թ. Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի մասնակից քաղաքացու ընտանիքը պետության կողմից տրվող սոցիալական աջակցությունից նրա մահից հետո:
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին ՀՀ օրենքով Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի մասնակից քաղաքացիներն իրենց կենդանության օրոք օգտում են երկարամյա ծառայության կենսաթոշակից: Նրանց մահից հետո ընտանիքն օգտվում է սոցիալական կենսաթոշակի իրավունքից, եթե ընտանիքում կան
1. 18 տարին չլրացած երեխա
2. 18 տարեկանից բարձր հաշմանդամ երեխա
3. բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ցերեկային ուսուցմամբ սովորողներ:
Այս դեպքում ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է ներկայացնում սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն՝ կցելով համապատասխան փաստաթղթերը:
2, Կենսաթոշակի ավելացումը հի՞մք է արդյոք պետական նպաստներից ընտանիքին
զրկելու:
2008թ. հունվարի 1-ին պետական կենսաթոշակների ավելացմանը զուգահեռ համապատասխան փոփոխություններ է իրականացվել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում: Այդ փոփոխությունների համաձայն՝ փոփոխվել է ընտանիքի անապահովությունը գնահատող միավորի հաշվարկման կարգը և սահմանային միավորը:
Սահմանային միավորի հաշվարկման ժամանակ հաշվի է առնվում ընտանիքի բոլոր դրամական մուտքերը և ծախսերը, այդ թվում և կենսաթոշակները: Ուստի կենսաթոշակի նույնիսկ հարյուր դրամ ավելացումը կարող է ընտանեկան նպաստի վճարումը դադարեցնելու հիմք հանդիսանալ: