Անվճար իրավախորհրդատվություն Լոռու մարզի Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր և Սպիտակ քաղաքներում
00:00, March 5, 2009Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է անվճար իրավական խորհրդատվություն տրամադրել Լոռու մարզի Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան, Սպիտակ քաղաքներում:
2009թ. հունվար, փետրվար ամիսներին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավական խորհրդատվության Ստեփանավանի, Ալավերդու, Տաշիրի և Սպիտակի կենտրոններ անվճար իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 6 քաղաքացիներ:
Քաղաքացիների կողմից ներկայացված տեղեկատվության հարցումները վերաբերվել են թե° մարդու իրավունքներին, թե° տվյալ օրենքի կիրառումն ապահովող սահմանված օրենսդրական մեխանիզմերին:
Այսպես, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Լոռու մարզի Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր և Սպիտակ քաղաքների կենտրոններ քաղաքացիները դիմել են հետևյալ հարցերով.
Տաշիր
Քաղաքացիական իրավունք
1. Տեղի է ունեցել ավտովթար, որի արդյունքում քրեական գործի հարուցումը մերժվել է բողոք չներկայացնելու հիմքով: Կարո՞ղ է արդյոք տուժող կողմը պահանջել վնասի փոխհատուցում, եթե այո, ապա ինչ կարգով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն` քաղաքացին կարող է հայց ներկայացնել դատարան` իրեն պատճառված վնասի փոխհատուցման համար:
Ձեռնատիրական իրավունք
2. Քաղաքացին հանդիսանում է արտադրական կոոպերատիվի բաժնետեր, սակայն տարիների ընթացքում որևէ եկամուտ չի ստացել և 2008թ. հարկային տեսչությունը դատարան է դիմել հարկային պարտավորությունները դատական կարգով բռնագանձելու համար: Քաղաքացին ինչպե՞ս կարող է պարզել, թե մյուս բաժնետերերի կողմից ինչ գործողություններ են իրականացվել, որի համար հարկեր են գոյացել:
Քաղաքացու համար պատրաստվել են դիմումներ` ուղղված հարկային տեսչությանը և պետական ռեգիստրին` պարզելու բաժնետերերի կողմից իրականացված գործողությունների և հարկային պարտավորությունների ծագման իրավական հիմքերը:
3. Աշխատանքային պայմանագրով աշխատում է որպես ուսուցչուհի Լոռու մարզի Միխայլովկա գյուղում: Դպրոցի տնօրենը, առանց իրավական ձևակերպման, իր աշխատանքային ժամերից 7 ժամը տվել է մեկ այլ մասնագետի, որը չունի համապատասխան կրթություն և մասնագիտացում: Նշված աշխատանքի վարձատրության դիմաց ստորագրում է ինքը, բայց համապատասխան գումարը չի ստանում:
Քաղաքացուն առաջարկել ենք բողոքարկել` դիմելով Լոռու մարզպետարան և ՀՀ աշխատանքի պետական տեսչություն, սակայն քաղաքացին մերժել է:
Ստեփանավան
Առողջության պահպանման իրավունք
4. Քաղաքացին առողջության հետ խնդիրներ ունի և հաշմանդամության խումբ ստանալու համար դիմել է Ստեփանավանի ԲՍՓՀ, սակայն նրան մերժել են հաշմանդամության խումբ տրամադրել` առանց հիմնավորելու մերժման պատճառները:
Կազմակերպության կողմից պատրաստվել է համապատասխան դիմում` ուղղված Լոռու մարզպետարանին` նշված խնդիրը կարգավորելու և քաղաքացու հաշմանդամության հետ կապված հարցերը պարզաբանելու խնդրանքով:
Սոցիալական իրավունք
5. Վճարվու՞մ է արդյոք 1986թ. Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքով քաղաքացու համար սահմանված փոխհատուցումը, եթե քաղաքացին այն ժամանակին չի չստացել:
«ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու միջոցառումների և առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» ՀՀ կառավարության որոշման համաձայն` ժամանակին չստացված փոխհատուցման գումարը քաղաքացուն միանվագ վճարվում է անցած 3 տարուց ոչ ավելի ժամանակաշրջանի համար:
Ալավերդի
Ժառանգության իրավունք
6. Քաղաքացին ցանկանում է իմանալ, թե որքան է կազմում նոտարական գրասենյակում ժառանգություն ընդունելու համար պետական տուրքի չափը:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն` յուրաքանչյուր հերթի ժառանգի համար սահմանված է պետական տուրքի հետևյալ չափը.
• առաջին հերթի ժառանգներ – 2000 դրամ
• երկրորդ և երրորդ հերթի ժառանգներ – 3000 դրամ
• այլ անձինք – 5000 դրամ: