Առաջիկա նախագահական ընտրությունները և կրթական համակարգը
00:00, January 14, 2008 | Քննարկումներ | Ընտրական իրավունք2008թ. հունվարի 14-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի /ՀՔԱ/ Վանաձորի գրասենյակում կայացավ քննարկում «Առաջիկա նախագահական ընտրությունները և կրթական համակարգը» թեմայով:
Քննարկմանը մասնակցում էին Վանաձորի հանրակրթական դպրոցների ներկայացուցիչներ՝ տնօրեն և ուսուցիչներ, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Քննարկման նպատակն էր պարզել, թե ինչպես են ընտրական գործընթացներն ազդում կրթական համակարգի վրա, և առհասարակ որքանով են դրանք տեղավորվում օրինականության մեջ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նշում է, որ ընտրությունների ժամանակ օգտագործվում է կրթական համակարգը, որի դեպքում վիրավորվում է աշխատողների արժանապատվությունը: Դպրոցների աշխատակիցներն հաճախ ոչ իրենց ցանկությամբ և կամքով ընդգրկվում են այս կամ այն կուսակցության շարքերը: «Այս ձևով նրանք կարողանում են արժանանալ տվյալ կուսակցության հովանավորությանը և իրենց պաշտպանված են զգում»:
Այսօրվա քաղաքական փոփոխությունները և նախորդ փորձը ցույց են տալիս, որ իշխող կուսակցությունն օգտագործում է իր վարչական ռեսուրսները և դպրոցների աշխատակիցներով համալրում իր կուսակցության շարքերը:
Թիվ 23 դպրոցի տնօրենը նշեց, որ ամբողջությամբ համակարգը փոխել հնարավոր չէ, միևնույն ժամանակ ավելացրեց, որ աշխատակիցներին ոչ իրենց կամքով քաղաքականացնելու գործում մեղավոր են հենց աշխատակիցները. «Եթե թույլ են, պիտի մի ձևով օգտագործվեն»:
ՀՀՇ կուսակցության ներկայացուցիչը նշեց, որ դպրոցը պետք է հեռու մնա քաղաքականությունից, որպեսզի երեխաներին չփոխանցվեն ընտրությունների ժամանակ կիրառվող վատ տեխնոլոգիաները:
«Դպրոցը դաստիարակող համակարգ է, և անարդարացի է, որ իշխանությունն իր լծակներն օգտագործի երեխաների նկատմամբ»: Նույն կարծիքը կիսեցին բոլոր մասնակիցները:
10-րդ դպրոցի ուսոցիչներից մեկը տեղեկացրեց, որ ինքը դպրոցում աշխատում է մոտ 3 տարի:
Որևէ քաղաքական կուսակցության չի հարում, տնօրինության հետ էլ խնդիրներ չունի:
Դպրոցի ղեկավարության կողմից երբևէ փորձեր չի արվել՝ ստիպողաբար այս կամ այն քաղաքական կուսակցության մեջ ընդգրկելու:
«ՀԵՆԿ» հասարակական կազմակերպության ղեկավար Արշալույս Զուրաբյանը գտնում է, որ խնդիրը մարդկանց բարոյահոգեբանության և արժեքների մեջ է: Մարդկանց մոտ դեռևս առկա է ստրուկի հոգեբանությունը, որն էլ պատճառ է դառնում նման երևույթների տարածման, նաև քաղաքական կուսակցությունների մեջ ոչ իրենց կամքով ընդգրկվելու:
°
23-րդ դպրոցի տնօրենը նշեց, որ իր աշխատակազմի 60անդամներից 23-ը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, բայց նրանց ոչ ոք չի ստիպել անդամակցել այս կուսակցությանը:
Վանաձորի հանրակրթական դպրոցների հանդիպմանը մասնակից ներկայացուցիչները նշեցին, որ իրենց դպրոցներում առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ թեկնածուների նկատմամբ որևէ խտրականություն չի դրսևորվելու: 23-րդ դպրոցի տնօրենը նշում է, որ թեկնածուների նախընտրական հանդիպումները համաձայնեցվում են վերադասի հետ: «Եթե հակաքարոզչության բնույթ հանդիպումը չի կրում, դպրոցում հնարավոր է լինում կազմակերպել համապատասխան հանդիպումը»:
Անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ իշխող կուսակցությունների փոփոխությունը իր բացասական ազդեցությունն է ունենում կրթական ծրագրերի բովանդակության վրա, մասնավորապես՝ հայ ժողովրդի պատմություն առարկայի օրինակով:
Քննարկման արդյունքում ձևակերպվեց հետևյալ եզրակացությունը, որ կրթական համակարգը, մասնավորապես՝ տնօրեններն ու ուսուցիչները պետք է զերծ մնան քաղաքական կուսակցությունների ազդեցությունից, քանի որ կրթական համակարգի նպատակն է կրթել ապագա քաղաքացուն և ոչ թե կուսակցության ապագա անդամներին:
Շատ դպրոցների ներկայացուցիչներ չէին եկել հանդիպմանը, իսկ հանդիպման սկզբում երկու մասնակիցներ հայտնեցին, որ իրենց կանչել են Լոռու մարզպետարանի կրթության վարչություն և հեռացան: