Արթուր Սաքունցը՝ Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա այրելու և դատի տալու մասին
06:07, October 15, 2013 | Նորություններ | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք«Կողջունեմ այն, որ ՀՀԿ-ն խնդիրները փորձի դատական ճանապարհով, այլ ոչ թե ոչ իրավական»,-Aravot.am-ի հարցին՝ ՀՀԿ-ն արդյոք դատական hայց կներկայացնի՞ Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահին խաղատանը գումար տանուլ տալու մասին հարց հղելու կապակցությամբ, այսպես պատասխանեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Հիշեցնենք, որ ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանը կարծիք էր հայտնել, թե «ՀՀԿ-ն ճիշտ կանի դատի տա Զարուհի Փոստանջյանին և պատիվ պահանջի նախագահի համար»:
Շարունակելով միտքը՝ պարոն Սաքունցը նշեց. «ՀՀ-ում թող ձևավորվի մշակույթ, որ հարցերը ոչ թե բռնությամբ ու սպանությամբ լուծվեն, այլ իրավական հարթության վրա»: Մեր հարցին՝ արդյոք Զարուհի Փոստանջյանը ոչ իրավաչափ քա՞յլ է արել. «Իմ համոզմամբ՝ Զարուհին իրականացրել է իր իրավունքը կարծիք արտահայտելու և հարց տալու՝ որպես քաղաքական գործիչ: Եթե իրենք գտնում են, որ հարցի ու կարծիք արտահայտելու մեջ կա նվաստացուցիչ վերաբերմունք, ապա դա նաև իրենց իրավունքն է դատական պրոցեսում սկսել վիճարկել այն: Ես ողջունում եմ, որ հարցերը լուծվում են դատարաններում, այլ ոչ թե փողոցներում՝ բռնությունների, կոչերի ձևով, ինչպես ՀՀԿ ներկայացուցիչն է խարույկի վրա այրելու հայտարարություն անում: Ես ակնկալում եմ, որ Հանրապետական կուսակցությունը առնվազն գոնե գնահատական տա իր իշխանության ներկայացուցչի կողմից արված նման խայտառակ հայտարարության համար»:
Հիշեցնենք, որ «Հայոց արծիվներ» կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի մասին այսպիսի կարծիք էր հայտնել. «Նույն Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես Ժաննա Դ’Արկի, այլ` որպես Ռամիլ Սաֆարովի»:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2013/10/14/396018/