ԲԱԺԱՆՎԵՑԻՆ «ՈՍԿԵ ԲԱՆԱԼԻՆԵՐ» ԵՒ «ԺԱՆԳՈՏԱԾ ԿՈՂՊԵՔՆԵՐ»
00:00, September 30, 2006 | Մամլո հաղորդագրություններ | Տեղեկատվության եւ խոսքի ազատությունՏեղեկատվության ազատության միջազգային օրվա կապակցությամբ այսօր անցկացվեց «Տեղեկատվության ազատության» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Այս տարի եւս մրցանակակիրները բաժանված են երկու խմբի: Նրանց մի խմբին տրվեց «Ոսկե բանալիներ»՝ որպես հրապարակայնության խորհրդանիշ, իսկ մյուս խմբը ստացավ «Ժանգոտած կողպեքներ»՝ որպես գաղտնիության խորհրդանիշ:
Մրցանակաբաշխության ժյուրին բաղկացած է 9 տեղական հասարակական կազմակերպություններից եւ լրագրողական կազմակերպություններից: 2006 թվականին «Ոսկե բանալի» մրցանակին արժանացավ Հելսիանկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որը ճանաչվեց տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ եւ լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն: Մեկ այլ «Ոսկե բանալի» ստացավ «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը: «Նա ամենահետեւողականն է լուսաբանել տեղեկատվության ազատության հիմնախնդիրները, ինչպես նաեւ իր պրակտիկայում ամենահաճախն է օգտագործել, այսինքն՝ հղումներ է կատարել տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքին».- պարզաբանում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի ղեկավար Շուշան Դոյդոյանը: Այս տարվա ամենաբաց գերատեսչությունն է ճանաչվել ՀՀ Կոտայքի մարզպետարանը՝ որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառող գերատեսչություն: Ըստ ժյուրիի, տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ կիրառած քաղաքացի է ճանաչվել Արտակ Զեյնալյանը, իսկ լավագույն պաշտոնական ինտերնետային էջ է ճանաչվել ՀՀ Գլխավոր դատախազության ինտերնետային էջը:
Որպես ամենափակ մարմին «Ժանգոտած կողպեքներ» բաժանվեցին «ԱրմենՏել»-ին եւ որպես ոչ ճշգրիտ պատասխան տրամադրած պետական գերատեսչություն՝ ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությանը: Ի դեպ, այդ մրցանակների հետ կցվել են նաեւ բանալիներ` այն ակնկալիքով, որ նշված կառույցները կդառնան բաց:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության կազմակերպած միջոցառմանը մասնակցում էր նաեւ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, որը տեղեկացրեց, որ օմբուդսմենի գրասենյակը հարյուրավոր դիմում-բողոքներ է ստանում. «Պետական մարմինները մերժում են տեղեկատվություն տալ այն պատճառաբանությամբ, որ կառավարությունը կարգը չի սահմանել, այնինչ օրենքը ուղղակի է աշխատում: Եթե կարգ չկա, պետք է իրենց ձեւով տեղեկատվություն տալ»: Օմբուդսմենը վստահեցնում է, որ բոլոր գերատեսչություններն էլ տեղեկատվություն չեն տրամադրում կամ դժկամությամբ են տրամադրում: Իսկ մերժումների համար նա պատճառ է համարում հետեւյալը. «Երեւի փակ հասարակության իներցիա է խորհրդային միությունից եկած: Շատ մարդիկ սովետական հասարակության արդյունք են եւ միգուցե գիտակցաբար հասկանում են, սակայն ենթագիտակցաբար ինչ-որ արգելքներ ունեն: Բայց դա պետք է փոխվի, քանի որ ժողովրդավարությունը առաջին հերթին ինֆորմացիայի ազատություն է: Ինֆորմացիայի ազատություն չկա, խոսքի ազատությունը ոչ մի նշանակություն չունի»,- ավարտում է նա:
[08:23] 29 Սեպտեմբերի, 2006 [ http://www.a1plus.am/am/?page=issue&iid=41402 ]
Տե°ս նաև
Ամփոփվեցին Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխության արդյունքները
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ Է ՇՆՈՐՀԵԼ