Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանին
00:00, December 28, 2007 | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքՀաղորդում
/քաղաքացիների նկատմամբ խոշտանգումների փաստերի վերաբերյալ/
Հարգելի պրն գլխավոր դատախազ
Սույնով Ձեզ ներկայացնում եմ 2007թ. ընթացքում Վանաձորում քաղաքացիների նկատմամբ իրականացված խոշտանգումների, անձի նկատմամբ կատարված այլ հանցագործությունների մասին, որոնց վերաբերյալ իրավապահ մարմինները կա°մ որևէ գործողություն չեն իրականացրել, կա°մ իրականացված գործողությունները առնվազն լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս:
Վանաձորի 3-րդ մաս թաղամասի «Արամ» առևտրի կենտրոնում գողության բացահայտման նպատակով Վանաձորի ոստիկանության աշխատակիցների կողմից բերման են ենթարկվել քաղաքացիներ, որոնց նկատմամբ կիրառվել են բռնություններ, ծեծ, ահաբեկում և սպառնալիք: Մասնավորապես՝ 2007թ-ի մարտի 26-ի առավոտյան 8:30-ի սահմաններում ոստիկանության երեք աշխատակիցներ քաղաքացիական համազգեստով բերման են ենթարկել Վանաձոր քաղաքի Մոսկովյան 12/4 հասցեում բնակվող Արթուր Արզումանյանին: Վանաձորի ոստիկանության բաժնում նա պահվել է մինչև ժամը 18:00-ն:
2007թ-ի ապրիլի 2-ին, 9:30-ի սահմանում Վանաձոր քաղաքի Նարեկացու 2-րդ նրբանցք, տուն 8 հասցեում Իսրայելյանների բնակարան են այցելել ոստիկանության աշխատակիցներ՝ հայտնելով, որ այդտեղ բնակվող Սասուն Իսրայելյանին պետք է տանեն Վանաձորի ոստիկանության բաժին: Հարազատները հայտնել են, որ իրենք հաջորդ օրը կներկայանան, և ապրիլի 3-ին ժամը՝ 10:00-ին, ներկայացել են ոստիկանություն: Ս. Իսրայելյանը պահվել է ոստիկանապետի տեղակալ Զատիկյանի աշխատասենյակում մինչև ժամը 19:00-ն: Այդ ընթացքում, ըստ հարազատների վկայության, նրա հանդեպ կիրառվել են ծեծ, բռնություններ:
Այս փաստերի վերաբերյալ 2007թ-ի ապրիլի 6-ին հաղորդում է ներկայացվել Լոռու մարզի դատախազություն: Որոշ ձգձգումներից հետո նշանակվում է ծառայողական քննություն, որն իրականացվել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության աշխատակիցների կողմից: Ծառայողական քննության արդյունքում, ըստ Լոռու մարզի դատախազության կողմից 2007թ-ի օգոստոսի 6-ին տրամադրած տեղեկատվության, կարգապահական տույժի է ենթարկվել ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպեր լիազոր Ա.Նահապետյանը: Փաստորեն իրավապահ մարմինները համարժեք գործողություններ չեն իրականացրել անձի դեմ ուղղված հանցավոր գործողությունները քննելու ուղղությամբ:
Հայտնի է, որ երկու քաղաքացիների միջև, որոնք պաշտոնատոր անձինք չեն, նմանատիպ գործողությունների դեպքում անպայման հարուցվում է քրեական գործ և գործերն ուղարկվում են դատարան: Այս դեպքում, քանի որ կողմերից մեկում պաշտոնատար անձինք են, իրավապահ մարմինները որդեգրում են հանցագործությունը կոծկելու ճանապարհը՝ բավարարվելով ընդամենը կարգապահական տույժով և այն էլ՝ օպեր լիազորի նկատմամբ, որը որևէ մասնակցություն չի ունեցել քաղաքացիների նկատմամբ կիրառվող բռնությունների գործում:
2007թ-ի հունվարի 27-ին, Լոռու մարզի դատախազության ավագ քննիչ (ներկայումս դատախազ) Մարզպետ Խաչատրյանի որոշմամբ հարուցվել է թիվ 33200107 քրեական գործը՝ Լոռու մարզի Գուգարք գյուղի 5-րդ փողոց, 9-րդ տան բնակիչ Մանյակ Անուշավանի Մելքոնյանի սպանության փաստի հիման վրա:
2007թ-ի փետրվարի 5-ին, հիմնվելով գործով մեղադրյալ Արփինե Ավետյանի ցուցմունքի վրա, հանցագործության մասնակից է համարվել նաև Վանաձոր քաղաքի Դիմաց թաղամաս Ե-1 բնակարան 34 հասցեի բնակիչ Դավիթ Մհերի Պապյանը: Մարզպետ Խաչատրյանը միջնորդություն է ներկայացնում Լոռու մարզի առաջին ատյանի դատարան՝ Դավիթ Պապյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց, կիրառելու նպատակով: Այնուհետև, Մարզպետ Խաչատրյանը ևս 2 միջնորդություն է ներկայացրել՝ Դավիթ Պապյանի կալանքի ժամկետը երկարացնելու համար՝ 29.03.2007թ-ին և 25.05.2007թ-ին: Ընդհանուր առմամբ Դավիթ Պապյանը անազատության մեջ է գտնվել 8 ամիս 20 օր: Նախաքննության ընթացքում Մ. Խաչատրյանի կողմից նշանակվել են փորձաքննություններ, որոնց արդյունքներով պետք է հիմնավորվեր Դ.Պապյանի մասնակցությունը սպանության մեջ: Նշանակված փորձաքննության եզրակացությունները բացառել են Դ.Պապյանի գտնվելը սպանության վայրում և նրա մասնակցությունը սպանությանը: Սակայն, քննիչը փորձաքննության եզրակացությունները չի ծանոթացրել ո°չ սպանության մասնակցության մեջ մեղադրվող Դավիթ Պապյանին և նրա փաստաբանին, ոչ էլ դատարանին:
Դատաքննության ժամանակ մեղադրյալ Արփինե Ավետյանն ուղղակիորեն հայտարարել է, որ ինքը Դ. Պապյանի դեմ ցուցմունք է տվել դատախազության քննիչ Մարզպետ Խաչատրյանի հորդորմամբ, քանի որ վերջինս բացատրել է, որ Դավիթ Պապյանի՝ սպանությանը մասնակցելու վերաբերյալ այլ ապացույցներ չկան: Դ. Պապյանը դիմել է Ձեզ 2007թ-ի դեկտեմբերի 1-ին թվագրված նամակով իր նկատմամբ իրականացված անօրինականության մասին, բայց Լոռու մարզի դատախազության կողմից Դ.Պապյանին համոզել են հրաժարվել իր բողոքից: Այսինքն՝ տեղի է ունեցել պաշտոնատար անձի կողմից ապօրինի գործողությունները կոծկելու փաստ: Արդյոք, եթե անձը հրաժարվում է բողոքից, ապա կատարված անօրինականության վերաբերյալը քրեական գործ և հետապնդում չի իրականացվում
2007թ-ի ապրիլի 26-ին, ժամը 21:00-ի սահմանում Վանաձորի նախկին «Մորթու-մուշտակի» ֆաբրիկայի ապամոնտաժված շինության արևմտյան հատվածում, «Թեժ լեռ» կոչվող տեղանքում ծագած վիճաբանության ընթացքում դանակահարվել է Վանաձոր քաղաքի Վարդանանց 51/40 տան բնակիչ Հրանտ Հակոբյանը, որն այնուհետև՝ ապրիլի 27-ին, Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիրում ժամը 02:25-ին մահացել է: Հարուցված թիվ 19104707 քրեական գործի նյութերը ցույց են տալիս, որ նախաքննությունն իրականացվել է ուղղորդված՝ նպատակ ունենալով քրեական պատասխանատվության չենթարկել Վանաձորի ավագանու անդամներ Սամվել Դիլոյանին, Վահագն Այվազյանին և քաղաքացի Արեն Վերանյանին, որոնք ուղղակիորեն մասնակցել են Հրանտ Հակոբյանի հետ վիճաբանությանը: Նախաքննության ընթացքում նույն անձինք փոխել են իրենց ցուցմունքները և վերջում ստացվել է պատկեր, որ սպանվածը՝ Հրանտ Հակոբյանը, ինքն է հարձակվել նշված չորս անձանց վրա և վերջիններս, ինքնապաշտպանությունից դրդված, 15 անգամ դանակով հարվածել են Հրանտ Հակոբյանին: Սպանությանը չորրորդ մասնակցի՝ Գոռ Թորոսյանի նկատմամբ սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 108 հոդվածով, և ուղարկվել դատարան: Հրանտ Հակոբյանի քույրը դիմել է Ձեզ, գործում առկա նյութերի հիման վրա՝ որպես նոր հանգամանքներ և ապացույցներ, քրեական գործ հարուցելու պահանջով: Մինչ այժմ որեւէ պատասխան կամ արագանք չկա ՀՀ Գլխավոր դատախազության կողմից, չնայած 10-օրյա ժամկետում առնվազն պետք է պատասխան տրվեր:
2007թ-ի օգոստոսի 25-ի գիշերը՝ Լոռու մարզի դատախազ Ա. Ղազարյանի սպանության գործի քննության շրջանակներում, բազմաթիվ քաղաքացիներ են բերման ենթարկվել ոստիկանության մարզային վարչություն, քաղաքային բաժին և դատախազություն: Քննության ընթացքում կիրառվել են բռնություններ, ծեծ, հոգեբանական և ֆիզիկական ճնշումներ, և այդ փաստերի մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել ԶԼՄ-ներով: Նշանակվել է ծառայողական քննություն, որի արդյունքները հայտնի չեն: Քաղաքացիների նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները միանշանակ ենթակա են քրեական պատասխանատվության:
Նշված փաստերի նկատմամբ իրավապահ մարմինների վերաբերմունքը, մոտեցումը և անգործությունը, ցավոք սրտի, քաղաքացիների մոտ իրավապահ մարմինների նկատմամբ վստահություն չեն կարող առաջացնել, ավելին՝ առաջացնում են անպաշտպանվածության զգացում: Բնականաբար, նման պայմաններում բարեփոխումների, հանցագործությունների բացահայտման, ընդհանրապես իրավական համակարգի ձևավորման մասին խոսելը դառնում է խիստ կասկածելի:
Սույն գրությամբ դիմում եմ Ձեզ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, որպեսզի իրականացվեն հնարավոր միջոցառումները՝ արդարությունը, օրինականությունը և քաղաքացիների մարդու խախտված իրավունքները վերականգնելու նպատակով:
Դիմող կազմակերպության նախագահ՝ Ա.Սաքունց
ՀՀ հատուկ քննչական ծառայության պատասխանը (PDF) >>>