«Եթե որդուն սպանում են, մորն էլ պիտի սպանեն»
12:06, April 17, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԶինծառայող Հայկի Կալեյանի ծնողները պատմում են, որ երբ բանակում սպանված որդու գործով դատն ավարտվել է, դատավոր Լեռնիկ Աթանեսյանին ասել են Դուք սխալ դատ արեցիք, վերջինս Հայկի հորը` Մերուժան Կալեյանին պատասխանել է» «փախիր ստեղից»:
18-ամյա զինծառայողի մահվան գործով դատաքննությունը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել էր 2013թ հունիսի 20-ին: Ամիսներ տեւած դատական նիստերից դժգոհ էին ինչպես նախկին զինծառայողի ծնողները, այնպես էլ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Ապրիլի 7-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց մահացած ժամկետային զինծառայող Հայկ Կալեյանի գործով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճռի դեմ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի եւ ամբաստանյալ Սանթուր Դոմբրյանի շահերի պաշտպան Արկադի Իսրայելյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը:
18-ամյա Հայկ Կալեյանը բանակ էր զորակոչվել Գեղարքունիքի մարզի Սեւանի տարածքային զինկոմիսարիատից 2012թ հունիսի 25-ին: Ծառայությունն անցկացրել էր ԼՂՀ Մարտունի 3 զորամասում: Նա հասցրել է ծառայել ընդամենը 74 օր:
Ըստ պաշտոնական մեղադրանքի 2012թ սեպտեմբերի 6-ին, շարքային Հայկ Մերուժանի Կալեյանը ինքնասպանություն կատարելու նպատակով ԿԳ տեսակի BП-647 համարի գնդացրով 3 կրակոց է արձակել իր որովայնի շրջանում եւ տեղափոխվել Մարտունու զինհոսպիտալ, որտեղ ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Նախաքննական մարմինը զինծառայողի մահվան այս դեպքը որակել է ինքնասպանություն:
Գործում ներգրավված 5 մեղադրյալներից 3-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր օրենսգրքի 359 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, մյուս երկուսին քր օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ մասով եւ 358 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը դատարանում հանդես է եկել ճառով, որտեղ մասնավորապես :
«Սույն գործի քննության ընթացքում ինչպես տուժող կողմի, այնպես էլ նախաքննական մարմնի, մեղադրողի, դատարանի միակ խնդիրը պետք է լիներ Հայկ Կալեյանի մահվան իրական հանգամանքների պարզումը: Սակայն գործով նախաքննությունն ընթացել է միակողմանի, նախաքննությամբ գնահատական չի տրվել մի շարք կարեւոր հարցերի, որոնք կարող էին էական նշանակություն ունենալ գործի ելքի համար»-հայտարարել է տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչը` սույն ճառի շրջանակներում ներկայացնելով դատաքննության ողջ ընթացքում հետազոտված ապացույցների հիման վրա բացահայտված հանգամանքերը, որոնք հիմք են տալիս պնդելու, որ նախաքաննությունը եւ դատաքննությունը չեն իրականացվել օրինականության հիման վրա:
Քրեական գործի նյութերով հիմնավորված չէ ինչպես Հայկ Կալեյանի ինքասպանության, այնպես էլ նրան մեկ այլ անձի (անձանց) կողմից ապօրինաբար, դիտավորյալ կյանքից զրկելու վարկածի հերքումը: Սակայն դատարանն իր վճռում որեւէ կերպ չի անդրադարձել տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի կողմից բարձրացված հարցերին, որոնց հիման վրա առաջարկվել էր գործը վերադարձնել մեղադրողին եւ մեղադրանք առաջադրել վաշտի հրամանատարի նկատմամբ:
Տեղեկացնենք, որ Հայկ Կալեյանի մահվան գործում ներգրավված մեղադրյալներից Սանթուր Դոմբրյանի նկատմամբ դատարանը պատիժ է սահմանել ազատազրկում 4 տարի 6 ամիս ժամկետով:
Ապրիլի 7-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նիստը նախագահող Ե Դարբինյանը հրապարակել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտի բովանդակությունը եւ դրա դեմ ներկայացված վերաքննիչ բողոքների էությունը:
Սանթուր Դոմբրյանի փաստաբանն իր վերաքննիչ բողոքով խնդրել էր Ս Դոմբրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածով մեղսագրվող 3 դրվագները վերաորակել 360-րդ հոդվածով եւ նշանակել ավելի մեղմ պատիժ: Իսկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը խնդրել էր բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:
Ներկայացված վերաքննիչ բողոքների դեմ ՀՀ զինվորական դատախազության թիվ 1 կայազորի զինվորական դատախազությունը ներկայացրել էր պատասխաններ եւ գտել, որ կայացված դատական ակտը օրինական է, իսկ վերաքննիչ բողոքները ենթակա են մերժման:
Վերաքննիչ դատարանում ներկա կողմերն անհրաժեշտ համարեցին մեղադրող կողմի ներկայությունը, ինչից ելնելով էլ դատավոր Ե Դարբինյանը դատական նիստը հետաձգեց: Դատական մյուս նիստը նշանակվեց 2014թ ապրիլի 28-ին: Հայկ Կալեյանի ծնողները վճռական են տրամադրված որդու մահվան գործի բացահայտմամբ: Նշում են, որ դիմելու են մինչև Եվրոպական դատարան: «Եթե որդուն սպանում են, մորն էլ պիտի սպանեն»,-արցունքները մաքրելով ասում է Հայկի մայրը` Նվարդ Պետրոսյանը:
Աղբյուրը՝ forrights.am