Եվրոպայի խորհուրդն ու ԵԱՀԿ-ն ողջունում են վերջերս փոփոխված հանրահավաքների մասին օրենքը բարեփոխելու կապակցությամբ համաձայնությունը
00:00, April 22, 2008 | Հավաքների և միավորումների ազատությունՍտրասբուրգ, 22.04.2008թ.
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովն այսօր ողջունեցին Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ վերջերս փոփոխված հանրահավաքների մասին օրենքը բարեփոխելու կապակցությամբ ձեռք բերված համաձայնությունը:
«Այս համաձայնագիրը դիտարկում ենք որպես Հայաստանի իշխանությունների և ԺՀՄԻԳ-ի ու Վենետիկի հանձնաժողովի միջև հանրահավաքների օրենսդրական կարգավորման գործում երկարատև համագործակցության ևս մեկ քայլ», – ասել է ԺՀՄԻԳ տնօրեն, դեսպան Քրիսթիան Շթրոհալը:
«Վենետիկի հանձնաժողովն ու ԺՀՄԻԳ-ն ակնկալում են ստանալ նոր փոփոխությունների նախագծերը և պատրաստ են քննարկել դրանք համապատասխան միջազգային չափանիշների լույսի ներքո», – ավելացրել է Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջանի Բուքիքիոն:
Մարտի 28-ին հրապարակված իրավական կարծիքում ԺՀՄԻԳ-ն ու Վենետիկի հանձնաժողովը լուրջ մտահոգություններ հայտնեցին մարտի 1-2-ի բռնություններից անմիջապես հետո «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ:
Ապրիլի 15-ից 16-ը Երևան այցի ժամանակ ԺՀՄԻԳ և Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Ազգային ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանի, Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի, նախագահի խորհրդական Գևորգ Մհերյանի հետ:
Համաձայնություն ձեռք բերվեց վերացնել կամ բարեփոխել խաղաղ հավաքները, հատկապես ինքնաբուխ հավաքները, սահմանափակելու համար ներմուծված փոփոխությունները: Այս բարեփոխումները օրենքը կմոտեցնեն իր սկզբնական բովանդակությանը, որը դրական էր գնահատվել ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի կողմից:
Ըստ ձեռք բերված համաձայնության՝ նոր փոփոխությունները կմշակվեն և կներկայացվեն ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի ուսումնասիրությանը: ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի փորձագետներն առաջարկեցին, որ բավականաչափ ժամանակ տրամադրվի փոփոխությունների հանրային քննարկումների համար: