Երեւան գնալը դարձյալ անհնար է
00:00, March 17, 2011 | Նորություններ | Հավաքների և միավորումների ազատություն, Տեղաշարժի ազատությունԱյսօր՝ 2011 թ. մարտի 17-ին, վանաձորցիները նորից հնարավորություն չունեն մեկնելու Երեւան:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցների կողմից կատարվել է ուսումնասիրություն Վանաձորի ավտոկայանում եւ Վանաձոր-Սպիտակ ավտոմայրուղում:
2011 թվականի մարտի 17-ի առավոտյան ժամը 09:00-ից ուսումնասիրությունների ժամանակ Վանաձորի ավտոկայանում Երեւան մեկնող միկրոավտոբուսներ չեն եղել: Ավտոկայանում սպասող քաղաքացիները փորձում էին ճշտել, թե երբ հնարավորություն կլինի մեկնել Երեւան: Նրանց հարցին միկրոավտոբուսների աշխատանքը համակարգող աշխատակիցը պատասխանեց. «Ամբողջ օրը միկրոավտոբուսներ չեն լինելու, քանի որ Երեւանում միտինգ է»:
Քաղաքացիներից մեկը նշեց. «Իսկ եթե էրեխես քննության է», աշխատակիցն էլ պատասխանեց. «Մարդիկ վիրահատությունից են ուշանում, դու քննությունից ես խոսում»:
Քաղաքացիները դժգոհեցին նաեւ, որ երթուղային տաքսիներից եւս անհնար է օգտվել, քանի որ հրաման կա, որ ոչ մի մեքենա Երեւան քաղաք չի մեկնելու:
Ավտոկայանում սպասողները փորձում էին Երեւան մեկնել անհատական երթուղային տաքսիներով, այն էլ ավելի բարձր գնով (մեր ուսումնասիրության ժամանակ քաղաքացիները պատրաստվում էին Երեւան մեկնել՝ մեկ հոգու համար վճարելով 2500 դրամ, երբ սովորաբար վճարում են 2000 դրամ):
Վանաձոր-Սպիտակ մայրուղի ողջ երկարությամբ շատ հազվադեպ էին մեքենաները, չնայած նրան, որ մայրուղում ոստիկաններ չկային:
Հիշեցնենք, որ 2011 թ. սա երրորդ դեպքն է, երբ խոչընդոտվում է քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը:
Առաջին դեպքը 2011 թ. փետրվարի 15-ին էր, երբ արգելվեց Գյումրի քաղաքի վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդների մուտքը Վանաձոր եւ Վանաձոր քաղաքի վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդների մուտքը դեպքի Գյումրի:
Երկրորդ դեպքը 2011 թ. փետրվարի 18-ին էր, երբ արգելվեց Վանաձորի քաղաքացիներին մեկնել Երեւան՝ մասնակցելու ՀԱԿ-ի կողմից կազմակերպված հանրահավաքին: