Երկրորդ աշխատանքային քննարկումը «Նախադեպային իրավունքն արդարադատության իրականացման գործընթացում» ծրագրի շրջանակներում
00:00, April 20, 2011 | Քննարկումներ | Արդար դատաքննության իրավունք2011 թ. ապրիլի 16-ին «Նախադեպային իրավունքն արդարադատության իրականացման գործընթացում» ծրագրի շրջանակներում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում կազմակերպվեց երկրորդ աշխատանքային հանդիպումը:
Հանդիպման նպատակն էր` ներկայացնել կազմակերպության կողմից նախաձեռնած գործերի նախնական ամփոփումները, քննարկել այն փորձագետների և փաստաբանների հետ` առկա թերությունների շտկումներ իրականացնելու համար:
Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին ծրագրում ընդգրկված փաստաբաններ, ինչպես նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբաններ և աշխատակիցներ:
Քննարկվեցին քրեական, քաղաքացիական և վարչական ոլորտներից մեկական դատական գործերի ամփոփագրերի ոճական և ակադեմիական առանձնահատկությունների խնդիրը:
Ամփոփագրերը հիմնականում կազմված են Գործի նախապատմությունը, Խախտման նկարագրությունը, Գործի դատաքննությունը ընդհանուր իրավասության դատարանում, Գործի իրավական յուրահատկությունները, Գործի դատաքննությունը վերաքննիչ քրեական դատարանում, Գործի դատաքննությունը վճռաբեկ դատարանում և Գործի ազդեցությունն իրավակիրառ պրակտիկայի վրա բաժինններից:
Հետևյալ կառուցվածքը վերաբերում է քրեական դատական գործերին: Վարչական դատական գործերն ունեն հետևյալ կառուցվածքը` Գործի նախապատմությունը, Խախտման նկարագրությունը, Իրավական գնահատականը, Գործի դատաքննությունը ընդհանուր իրավասության դատարանում, Գործի իրավական յուրահատկությունը, Գործի ազդեցությունն իրավակիրառ պրակտիկայի վրա:
Ըստ Արտակ Զեյնալյանի` «Կարևորը ոչ թե դատական գործի նյութը և որոշումը վերարտադրելն է, այլև վերլուծություն կատարելը»: Կան որոշ գործեր, որոնց առաջադրած խնդիրը մնացել է չբացահայտված, և նկատառումների մեջ պետք է նշել, որ թեպետ խնդիրը դեռևս լուծված չէ, այնուամենայնիվ կունենա լուսաբանում և վերջնական տեսքի կբերվի:
Քննարկման երկրորդ մասում ծրագրի իրավաբանի կողմից ներկայացվեցին իրավական խորհրդտավության շրջանակներում ռազամավարական դատավարության հավանական նախագծերը:
Առաջին գործը վերաբերում էր Երևանում տեղի ունեցող հանրահավաքի օրերին մարզերից Երևան մեկնող քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքի և հավաքների, միավորման ազատության խախտումների փաստին:
Երկրորդ գործը վերաբերում էր Գյումրիի սահմանապահների կողմից սեփականության իրավունքի խախտմանը: 2005 թ.-ին Շիրակի մարզից 57 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ՀՀ սահմանից անց է կացվել Թուրքիա:
Երրորդ գործը վերաբերում էր առանց համապատասխան հիմնավորումների ներկայացված միջնորդությունների կապակցությամբ դատարանի որոշումներով իրականացված խուզարկությունների իրականացման պրակտիկային:
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլ կազմակերպության կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցով: