Զինված ուժերում շարունակում են իշխել ոչ կանոնակարգային հարաբերությունները
13:59, April 5, 2012 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների խախտման դեպքերի ուղղությամբ մինչ օրս պատշաճ քննություն չի իրականացվում. «Հայաստանում զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական, քաղաքացիական և հասարակական վերահսկողության հնարավորությունները» զեկույցի շրջանակներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում այս եզրահանգմանն է եկել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
Գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը այսօր ներկայացնելով զեկույցը՝ նշեց, որ վերլուծելով ՀՀ պաշտպանության բնագավառին վերաբերող օրենսդրությունը, մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ փաստերը` եզրակացրել են, որ ՀՀ-ում բացակայում են զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական, քաղաքացիական և հասարակական վերահսկողության մեխանիզմների իրականացման համար անհրաժեշտ իրավական նորմերը, ՀՀ պաշտպանական գերատեսչության գործունեության վերաբերյալ տեղեկությունները ամբողջովին գաղտնի են, ինչն ամրագրված է օրենսդրորեն, ՀՀ պաշպանական բյուջեն ևս ամբողջովին գաղտնի է, գաղտնի են նաև ոչ ռազմական նշանակության ծախսերը, իսկ զինված ուժերի վերաբերյալ օրենսդրական բազան, հատկապես գերատեսչական նորմատիվ փաստաթղթերը, մատչելի չեն քաղաքացիներին:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, որը նույնպես ներկա էր զեկույցի ներկայացմանը, լրագրողների հարցերին ի պատասխան՝ նշեց, որ իրավիճակը բանակում շարունակում է մնալ մտահոգիչ՝ ինչպես ցանկացած փակ հաստատությունում, պարզապես բանակում եղած խնդիրները առավել են սրվում հատկապես ոչ կանոնակարգային հարաբերությունների, ինչպես նաև որոշակի անպատժելիության պատճառով, ինչն առկա է սպայական միջին, ցածր և նույնիսկ բարձր խավի մոտ: Իսկ սրանից ելնելով էլ՝ ձևավորվում են այնպիսի երևույթներ, որոնք ի վերջո հանգեցնում են բռնությունների, իսկ բռնությունների արդյունքում նաև զոհերի:
«Զինված ուժերում կան նաև մի շարք այլ խնդիրներ, որոնց մասին ավելի քիչ են տեղյակ: Զինվորներին պատշաճ ժամկետներում չեն զորացրում, ընդհանուր սպայական կազմը ունի սոցիալական լուրջ խնդիրներ: Հարց է, թե ով որտեղ պետք է ծառայի, և ինչ-որ արտոնյալ մարդիկ ծառայում են, օրինակ, ՊՆ կամ զինդատախազության համակարգում: Այս շարքը մեծ է»,- ընդգծեց պաշտպանը: