Թմրանյութ օգտագործողների ընտանիքների խնդիրները
00:00, March 28, 2008 | Թմրամիջոցներ գործածողներ2007թ-ի դեկտեմբեր – 2008թ-ի հունվար ամիսներին անցկացվեց հարցում Վանաձորի այն 44 ընտանիքների շրջանում, որոնց ընտանիքի անդամը կամ անդամները թմրամիջոցներից կախվածություն ունեն:
Հարցման իրականացումը հանդիպեց շատ դժվարությունների, քանի որ ընտանիքների անդամները առաջին անգամ էին մասնակցում նման հարցման: Շատերը մեծ զգուշությամբ էին մոտենում՝ արդյոք տեղեկատվությունը չի օգտագործվի իրենց դեմ: Այնուամենայնիվ, ծրագրի բժիշկ-փորձագետի աջակցությամբ հնարավոր դարձավ հարցման իրականացումը:
Հարցմանը յուրաքանչյուր ընտանիքից հիմնականում մասնակցել է մեկ հոգի, որոնք եղել են թմրամիջոց օգտագործողի ծնողները, քույրը կամ եղբայրը, եթե ամուսնացած է եղել՝ նաև կինը:
Հարցմանը չեն մասնակցել մինչև 19 տարեկան քաղաքացիները: Հարցման մասնակիցների կեսը 19-ից 45 տարեկան է եղել:
Հարցվողների 52.3%-ն /23 հոգի / ունեցել են բարձրագույն և թերի բարձրագույն կրթություն, 20.4%-ը՝ /9 հոգի/ միջնակարգ մասնագիտական և 25%-ը /11 հոգի/՝ միջնակարգ կրթություն:
Հարցվողներից 34-ը հայտնել են, որ աշխատում են, 5 հոգին՝ գործազուրկ են, 5-ը՝ թոշակառու:
• Հարցման մասնակիցներից փորձել ենք պարզել, թե որքա՞ն է նրանց հարազատի կողմից թմրանյութի օգտագործման տևողությունը, և երբվանի՞ց են նրանք տեղյակ այդ մասին:
Ստորև ներկայացնում ենք հարցվողների պատասխանները:
Թմրանյութի օգտագործման Պատասխանների թիվը
տևողությունը /տոկոսը /
1-2 տարի 4 հարցվող /9.1%
2-5 տարի 13 հարցվող/29.5%
5-10 տարի 8 հարցվող/18.2%
10 և ավելի տարիներ 11 հարցվող/ 25%
Չգիտեմ 8 հարցվող/18.2%
Ինչպես տեսնում ենք՝ 44 հարցվողներից 8-ն ընդհանրապես տեղյակ չեն, թե երբվանից է իրենց հարազատն սկսել թմրանյութ օգտագործել: 11 հոգի պատասխանել են, որ իրենց հարազատը թմրամիջոց օգտագործում է արդեն 10 և ավելի տարիներ, որոնցից մեկը նշել է նույնիսկ 14-15 տարի:
5-10 տարի օգտագործողների թիվը կազմել է 8 հոգի, 2-5 տարի օգտագործողներինը՝ 13 հոգի: 1-2 տարի օգտագործում են հարցվողներից 4-ի հարազատները:
Հարցվողներից 30-ն իրենց հարազատի կողմից թմրամիջոցի օգտագործման մասին տեղյակ են եղել հենց սկզբից: Մնացած 14-ը պատասխանել են, որ իմացել են, երբ իրենց հարազատը վերադարձել է արտասահմանից, ամուսնանալու օրվանից կամ դատվելու օրից:
Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ ընտանիքի անդամների գերակշիռ մասը թմրանյութի օգտագործման մասին տեղեկացել են օգտագործման հենց սկզբից:
• Որ՞ն է եղել նրանց մոտեցումը, ինչպե՞ս են արձագանքել:
Բնականաբար մեծ մասի մոտ փաստն առաջ է բերել դեպրեսիա, մի մասն անգամ պատասխանել են, որ չէին պատկերացնի, թե դա կարող է իրենց հետ պատահել: Քիչ չեն դեպքերը, երբ հարազատից պահանջել են վերջ տալ օգտագործմանը:
Ընտանիքի մյուս անդամների առողջության վրա օգտագործման փաստի ազդեցության մասին նշել են 6 հոգի, որոնք դիմել են բժշկի՝ իրենց առողջական վիճակը բարելավելու նպատակով: Հարցվողներից 5-ը նշել են, որ սկզբնական շրջանում վատ են տարել, փորձել են օգնել, բայց տեսնելով, որ անօգուտ է՝ հարմարվել են ստեղծված իրավիճակի հետ: Մեկ հոգի նշել է, որ ամուսնու հետ տղան էլ է սկսել օգտագործել:
• Ի՞նչ քայլեր են ձեռնարկել ընտանիքի անդամները՝ իմանալուց հետո:
Ոմանք դիմել են ֆիզիկական բռնության: Հարցվողներից 2-ը նշել են, որ ֆիզիկական ծեծի են ենթարկել իրենց հարազատին: Նրանցից մեկն անգամ նշել է, որ 1 շաբաթ եղբորը պահել է տան ձեղնահարկում:
Հարցվողներից ընդամենը 3-ն են հայտնել, որ անմիջապես դիմել են բժշկի օգնությանը: Մեծ մասը նշում են, որ իրենց հարազատին օգտագործումից հետ պահելու համար փորձել են հնարավոր բոլոր միջոցները՝ չկոնկրետացնելով դրանք: Ընդամենը 1 հոգի նշել է, որ սովորական է ընդունել փաստը, քանի որ ամուսնու վարքում փոփոխություններ չի նկատել:
Այսինքն՝ կարելի է եզրակացնել, որ հարցվողների գերակշիռ մասը չի իմացել, թե ինչպես դրսևորի իրեն ստեղծված պայմաններում:
• Փորձել ենք թմրանյութ օգտագործողների հարազատներից պարզել, թե որո՞նք են եղել իրենց հարազատի՝ թմրանյութ օգտագործելու պատճառները:
44 հարցվողներից 18-ը նշել են, որ չգիտեն պատճառը: Մեկի հավաստմամբ՝ ամուսնու կողմից օգտագործման պատճառ է հանդիսացել եղբորն ապացուցելու ցանկությունը, որ կարելի է սկսել օգտագործել ու թողնել:
Պատասխաններից երևում է, որ օգտագործողների մեծ մասը սկսել է օգտագործել երիտասարդ տարիքում, երբ մեծ է եղել շրջապատի ազդեցությունը, հետաքրքրասիրությունը, կամ թմրանյութի օգտագործումը համարվել է ինքնահաստատման ձևերից մեկը:
Դրանով է բացատրվում, որ սոցիալական պայմանները՝ որպես թմրանյութի օգտագործման պատճառ, նշել է ընդամենը մեկ հոգի: Մեկն էլ թմրանյութի օգտագործման պատճառ է համարում պատերազմի հետևանքները:
Վերստին նշենք, որ այնուամենայնիվ հարցվողների մեծ մասը թմրանյութի օգտագործման պատճառ է համարում երիտասարդ տարիքին բնորոշ պրոբլեմները /շրջապատի ազդեցություն, հետաքրքրություն, անփորձություն, ուրիշներին նմանվելու ձգտում/:
• Հետաքրքիր էր վերհանել այն դժվարությունները, որոնք ունեն օգտա•ործողի ընտանիքները՝ կապված իրենց հարազատի կողմից թմրանյութի օգտագործման հետ:
Ընտանիքում վեճերի, լարված մթնոլորտի, կոնֆլիկտների մասին նշել են 44 հարցվողից 18-ը: Հոգեբանական ընկճվածություն, մեկուսացվածություն, ոչ լիարժեք դրսևորում շրջապատում /ամաչում է հասարակությունից/ պատասխանները նշել են հարցվողներից 11-ը:
Հետաքրքիր է, որ 4 հարցվող պատասխանել է, որ թմրանյութի օգտագործումը որևէ խնդիր չի առաջացնում ընտանիքում: Սա ամենայն հավանականությամբ վերաբերում է այն դեպքերին, երբ թմրանյութն օգտագործվում է ծխելու միջոցով:
Հիմնականում կոնֆլիկտային և նյարդային լարված իրավիճակները ընտանիքներում զուգորդվում են նաև ֆինանսական խնդիրների առկայությամբ: Այս առումով հետաքրքիր է, որ հարցվողներից մեկը նշել է, թե հարմարվել է իրավիճակին, քանի որ ընտանիքը ֆինանսապես ապահովում է թմրանյութ օգտագործող ամուսինը:
Անմիջականորեն օգտագործողի առողջությամբ մտահոգությունը, որպես դժվարություն, նշել է ընդամենը 4 հարցվող:
Ի մի բերելով՝ կարելի է նշել, որ թմրանյութի օգտագործումը ընտանիքի համար ստեղծում է բարոյահոգեբանական և ֆինանսական անկայունություն:
Եթե նախորդ հարցի պատասխանները թողնվել էին հարցվողների հայեցողությանը, ապա մեր ուղղակի հարցին, թե ինչ խնդիրների հետ է բախվում ընտանիքը, հարցվողներին առաջարկել էինք մեր տարբերակները: Ընդ որում հարցվողները կարող էին ընտրել մեկից ավելի տարբերակներ:
Ի՞նչ խնդիրների հետ է բախվում Պատասխանների թիվը
• ընտանիքը
հոգեբանական 40
ֆինանսական 24
առողջական 8
իրավական 1
այլ 3
Ինչպես երևում է պատասխաններից՝ հարցվողների ընտանիքներն առավելապես ունենում են հոգեբանական խնդիրներ /40 պատասխան/, երկրորդ խնդիրը հանդիսանում է ֆինանսականը: Չնայած թմրանյութից կախվածությունը ինքնին հանդիսանում է զուտ առողջական խնդիր, այս տարբերակը նշվել է միայն 8 անգամ: Սա ցույց է տալիս, որ հարցվողներն, այնուամենայնիվ, ավելի շատ տեսնում են երևույթի հետևանքները, և ոչ թե բուն պատճառները:
Ուշադրություն դարձնենք նաև այն հանգամանքի վրա, որ խնդիրների թվում իրավականը նշվել է ընդամենը 1 անգամ:
• Պարզելու համար, թե որոնք են այդ խնդիրների /ֆինանսական, հոգեբանական, այլ/ դրսևորման ձևերը, հարցվողներին տրվել են լրացուցիչ հարցեր:
Ընտանիքի ֆինանսական խնդիրները պայմանավորված են թմրանյութերի ձեռքբերման համար կատարվող ծախսերով /15 հարցվող/: Ընդ որում գումարի չափը հայտնի չէ հարցվողներից 8 հոգու համար:
Ինչ՞ով են պայմանավորված ֆինանսական Ծախսած գումարի չափը
խնդիրները մեկ ամսվա կտրվածքով
Թմրանյութ ձեռք բերելու համար – 15 500-600 դոլար
20.000-25.000 դրամ
25.000 դրամ
ինչքան տամ, կվերցնի
չգիտեմ – 8
Բուժում ստանալու համար – 11 100.000-150.000 դրամ
100.000 դրամ
50.000-100.000 դրամ
50.000 դրամ
40.000-50.000 դրամ
40.000 դրամ
30.000-40.000 դրամ
25.000 դրամ
չգիտեմ – 3
Կաշառք ոստիկանների համար – 3 100-200 դոլար
շատ
չի պատասխանել
Ինչպես երևում է աղյուսակից՝ մեկ ամսվա կտրվածքով թմրանյութ ձեռքբերելու համար ընտանեկան բյուջեից տրամադրվում է 20.000 դրամից մինչև 500-600 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Բուժման նպատակով ֆինանսական ծախսերը, որպես խնդիր, նշել է 11 հարցվող: Ինչպես երևում է աղյուսակից՝ թմրանյութից կախվածությունից բուժվելու նպատակով ամսական ծախսվող գումարի չափը կազմում է 25.000-ից մինչև 100.000 դրամ: Միջին հաշվով՝ 54.000-70.000 դրամ:
Հաշվի առնելով հանրապետությունում միջին աշխատավարձի չափը՝ կարելի է եզրակացնել, որ կա°մ օգտագործողների ընտանիքները ֆինանսապես ապահովված են, կա°մ թմրանյութի օգտագործումը պետք է նրանց բերի աստիճանական սնանկացման: Ավելի իրատեսական է կարծել, որ ինչոր ձևով այս ֆինանսական ծախսերը լրացվում են /գուցե թմրանյութի իրացմամբ/:
Ընդամենը 3 հարցվող նշել է, որ ընտանիքի ֆինասնական խնդիրները պայմանավորված են ոստիկաններին կաշառք տալով: Նրանցից մեկը որպես կաշառքի չափ նշել է 100-200 դոլար, մյուսը՝ շատ:
Ֆինանսական բնույթի հարցերին հարաժարվել են պատասխանել 15 հոգի:
• Հաշվի առնելով, որ թմրանյութի օգտագործումը ենթակա է քրեական պատասխանատվության, հարցվողներից փորձել ենք ճշտել, թե ինչ բնույթի խնդիրներ են ունենում ոստիկանության հետ: 44 հարցվողից այս հարցին պատասխանել է ընդամենը 7-ը:
Չնայած փոքր թվին՝ այնումենայնիվ ուշագրավ են պատասխանները: 2-ը հայտնել են, որ որևէ խնդիր չեն ունեցել ոստիկանների հետ: Մնացված 5-ից 4-ը ուղղակիորեն նշել է, որ կաշառք է տվել ոստիկաններին, 1-ը նշել է, որ գումար են պահանջել, բայց հարգելով հորը՝ շատ չեն անհանգստացրել:
• «Երբևէ Ձեզ հարցաքննել կամ պահե՞լ են ոստիկանությունում» հարցին պատասխանել են 15 հոգի, որոնցից 12-ը տվել է բացասական պատասխան: 3 հոգի հաստատել է, որ հարցաքննվել է ոստիկանությունում՝ իր հարազատի թմրանյութ օգտագործելու հետ կապված:
Նշված 3 հարցվողից 2-ը նշել են, որ ոստիկանությունում վերաբերմունքն իրենց նկատմամբ եղել է նորմալ, իսկ 3-րդը նշել է, որ որպես վերավաճառողի հայր՝ իր հետ վատ են վարվել, խոսել են արհամարհանքով:
Լրացուցիչ այն հարցին, թե ոստիկանների հետ ունեցած հարաբերություններում արդյոք իրենցից, որպես կաշառք, գումար պահանջել են, պատասխանել է 13 հարցվող: Նրանցից 6-ը տվել է դրական պատասխան՝ նշելով, որ իրենցից պահանջել են 150 ԱՄՆ դոլար և ավելի/ գումար: Վճարել են նրանցից ընդամենը 2-ը:
• Ի՞նչ խնդիրներ են ունեցել ընտանիքի անդամները՝ առողջապահության ոլորտի աշխատակիցների հետ:
Հարցման մասնակիցներից միայն 3-ն են այս հարցին պատասխանել, որոնցից 2-ը նշել են, որ որևէ խնդիր չեն ունեցել:
Հաշվի առնելով, որ թմրանյութ օգտագործողների շրջանում մեծ է ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակի ռիսկը՝ մեզ հետաքրքիր էր ճշտել, թե ընտանիքներն ինչքանո՞վ են տեղյակ իրենց հարազատի առողջական վիճակին այս տեսակետից: 44-ից 14-ը տվել է հստակ բացասական պատասխան՝ նշելով, որ իրենց հարազատը չի հանդիանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիր: 29 հոգին նշել է «չգիտեմ» տարբերակը:
• Փորձել ենք հարցման մասնակիցներից պարզել իրենց ընտանիքի նկատմամբ վերաբերմունքը հարազատների, հարևանների և ընկերների կողմից:
7 հոգի հայտնել են, որ հարազատները տեղյակ չեն իրենց ընտանիքում թմրանյութ օգտագործողի մասին, 12 հոգի հարազատների վերաբերմունքը գնահատել է կարեկցական, 11-ը՝ «նորմալ» կամ «լավ»: Եվ ընդամենը 6 հոգի հարազատների վերաբերմունքն իրենց նկատմամբ գնահատել է «վատ»:
Ի տարբերություն հարազատների՝ հարևաններն ավելի մեծ չափով են անտեղյակ հարցվողների ընտանիքի անդամի կողմից թմրանյութի օգտագործման մասին /հարցվողներից 39-ի կարծիքով/: Ընդամենը 1 հոգի է նշել, որ հարևանը լավ է վերաբերվում իրենց, և 1 հոգի հարևանների վերաբերմունքը գնահատում է «վատ»:
Ընկերների կողմից վերաբերմունքը կարելի է ասել միջին տեղ է զբաղեցնում այս երկու խմբերի համեմատ: 6 հոգու կարծիքով՝ ընկերները չգիտեն իրենց ընտանիքում թմրանյութ օգտագործողի առկայության մասին: Ընկերների վերաբերմունքը որպես սրտացավ կամ որպես աջակից գնահատում է 8 հոգի:
Կարելի է եզրահանգել, որ ընտանիքը ամեն կերպ փորձում է թաքցնել իր անդամի կողմից թմրանյութի օգտագործման փաստը հարևաններից, որը նույնն է, թե հասարակությունից:
Հաշվի առնելով որոշակի ազգային ավանդույթներ՝ առավել կարեցական և սրտացավ վերաբերմունքի թմրանյութ օգտագործողների ընտանիքները արժանանում են հարազատների և որոշ չափով՝ ընկերների կողմից:
• Հաշվի առնելով, որ հարցման 44 մասնակիցներից 34-ն ունեն աշխատանք, հետաքրքիր էր պարզել նրանց նկատմամբ վերաբերմունքը նաև աշխատավայրերում:
13 հարցվող ընդհանրապես չի պատասխանել հարցին:
34 հոգուց 12-ը պատասխանել են, որ աշխատավայրում տեղյակ են իրենց հարազատի կողմից թմրանյութի օգտագործման մասին: Նրանցից 4-ը գտնում է, որ իրենց ըմբռնումով են վերաբերվում /մտնում են դրության մեջ/, 3 հոգու կարծիքով՝ իրենց խղճում են: Հարցին չի պատասխանել 5 հոգի:
19 հարցվողներ նշել են, որ աշխատավայրում տեղյակ չեն ընտանիքում գոյություն ունեցող պրոբլեմի մասին: Նրանց մեծ մասը՝ 15 հոգի, հայտնել են, որ պատճառն այն է, որ իրենք թաքցնում են այդ փաստը, 8 հոգու կարծիքով՝ աշխատավայրում պարզապես չեն հետաքրքրվում ուրիշի ընտանեկան հարցերով: Նշենք, որ այս հարցի դեպքում հարցվողներն ընտրել են մի քանի տարբերակներ:
Այնումենայնիվ, ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե աշխատավայրում իմանան այդ մասին: Այս հարցին պատասխանել է 17 հարցվող, որոնցից միայն 7-ն է գտնում, որ այն բացասաբար կանդրադառնա աշխատավայրում իրենց նկատմամբ վերաբերմունքի վրա:
• Ստեղծված իրավիճակում ի՞նչ քայլերի է դիմել ընտանիքը իր հարազատին օգնելու համար:
44-ից 4-ը չի դիմել որևէ քայլի՝ տարբեր պատճառաբանություններով:
Հարցման մասնակիցների գերակշիռ մասը նշել է, որ որոշ ժամանակ անց դիմել են բժշկին կամ փորձել են համոզել հարազատին՝ բժշկի դիմել: Այսինքն՝ բուժելու տարբերակը հանդիսացել է հարազատների՝ որպես ներընտանեկան ճգնաժամից դուրս գալու հիմնական քայլը:
10 հոգի նշում է, որ հիմնական քայլը եղել է խորհուրդներ տալը, հետ պահելը, նույնիսկ՝ հսկողություն սահմանելը: Նրանցից մեկը նույնիսկ նշել է, որ փորձել է վախեցնել թմրանյութ վաճառողներին:
• Այսուհանդերձ, որքանո՞վ են արդյունավետ եղել ձեռնարկված քայլերը:
Հարցվողների պատասխանները ցույց են տալիս, որ ցավոք, բուժումը կամ ընդհանրապես որևէ արդյունք չի տվել /9 հոգի/, կամ ունեցել է կարճաժամկետ ազդեցություն. նույնիսկ 3-4 անգամ բուժվելուց հետո էլ, եղել են դեպքեր, երբ անձը չի օգտագործել ընդամենը 2-3 ամիս:
Բուժման արդյունավետության առումով, հարցվողների գնահատմամբ, բուժումից հետո թմրանյութի օգտագործումը դադարեցվել է միջին հաշվով 6-8 ամսով, առանձին դեպքերում՝ մինչև 2 տարի ժամանակով:
Այսինքն՝ հարցվողները, չնայած անմիջապես չեն դիմում բժշկի օգնությանը /տես էջ 2, հարց «Ի՞նչ քայլեր են ձեռնարկել իմանալուց հետո»/, այնումենայնիվ հետագայում գալիս են իրենց հարազատին բուժելու անհրաժեշտության մտքին: Սակայն ժամանակի ընթացքում համոզվում են, որ, ցավոք, զուտ բժշկական մեթոդների կիրառումը չի բերում իրենց հարազատի կողմից թմրանյութի օգտագործման դադարեցմանը:
Հարցման մասնակիցներից միայն 19-ն են նշել, որ բժիշկն իրենց ներգրավել է իրենց հարազատի բուժման գործում:
• Ի՞նչ լուծումներ են տեսնում թմրանյութ օգտագործողների ընտանիքները ստեղծված իրավիճակում: Հարցման կարևոր նպատակներից մեկը նաև սա պարզելն էր:
Բուժումը՝ որպես խնդիրների լուծման տարբերակ, համարում է հարցվողների մոտ կեսը: Ընդ որում, նրանց զգալի մասը բուժումը տեսնում է շրջապատի փոփոխման, աշխատանքի տեղավորման հետ զուգակցված:
Այսինքն՝ ընտանիքների զգալի մասը զուտ բժշկական մեթոդների կիրառումը անպայման զուգակցված է տեսնում սոցիալական որոշակի խնդիրների լուծման հետ:
Զգալի թիվ են կազմում նաև հուսալքվածները /10 հոգի/, որոնք որևէ ելք չեն տեսնում իրավիճակից:
Կա կարծիք նաև, որ պետք է խստացվեն օրենքները թմրանյութերի վաճառքի կանխարգելման ուղղությամբ և խստացվեն պատժատեսակները թմրանյութ տարածողների, վաճառողների, առաջարկողների նկատմամբ:
Կանխարգելման կարևոր միջոց է համարվում թմրամոլության վտանգների մասին ԶԼՄ-ներով լուսաբանումը:
Թվով 5 հոգի գտնում է, որ կանխարգելիչ նշանակություն կարող են ունենալ զուտ սոցիալական բնույթի խնդիրների լուծումը:
Եզրահանգումներ
Թմրանյութ օգտագործողների ընտանիքների խնդիրների բացահայտման նպատակով իրականացված հարցման տվյալներից կարելի է կատարել հետևյալ եզրահանգումները.
1. Թմրանյութի օգտագործման փաստին ընտանիքները մեծամասամբ տեղյակ են լինում ի սկզբանե:
2. Ընտանիքի անդամները իրենց հարազատի կողմից թմրանյութի օգտագործման դեպքում, որպես կանոն, չգիտեն ինչպիսի վարքագիծ դրսևորել: Բժշկական ծառայության անմիջապես դիմում են խիստ հազվադեպ:
3. Թմրանյութի օգտագործումը սկսվում է մեծամասամբ երիտասարդ հասակում, իսկ օգտագործողների իրազեկման մակարդակը խիստ անբավարար է թմրանյութի օգտագործման հետևանքների մասին:
4. Չնայած թմրանյութի օգտագործումից հետո որոշ ժամանակ անց հարազատները դիմում են բժշկի օգնությանը, անուամենայնիվ թմրանյութի կախվածությունից բուժվելու արդյունավետությունը գնահատվում է խիստ անբավարար:
5. Առանց սոցիալական և հոգեբանական վերականգնողական աշխատանքների՝ զուտ բժշկական օգնությունն անարդյունավետ է:
6. Թեև թմրանյութի օգտագործումը քրեորեն պատժելի արարք է, այնումենայնիվ հարցվողների աննշան մասն է համարձակվել խոսել իրավապահ մարմինների հետ ունեցած խնդիրների մասին: Իրավապահ մարմինների հետ ունեցած խնդիրները պայմանավորված են կաշառատվությամբ:
7. Թմրանյութի կախվածությունից բուժումը թեև օրենսդրությամբ համարվում է անվճար, իրականում ֆինանսական մեծ ծախսեր է պահանջում ընտանիքներից: