Ինչու էր պետք Արմանը ոստիկանությանը
00:00, September 27, 2011 | Նորություններ | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | ՈստիկանությունԱլավերդիում սեպտեմբերի 4-ին տեղի ունեցած բռնաբարության դեպքը ցնցել էր բոլորին: Հիշեցնենք, որ 82-ամյա Ռոզա Մոսինյանն ոստիկանությանը հայտնել էր, որ իր տուն է ներխուժել անծանոթ մի երիտասարդ՝ ծեծել, կողոպտել, ապա բռնաբարել:
Ոստիկանությունը նույն օրը բերման էր ենթարկել 21-ամյա Արման Ռամազյանին, որն ընդունել էր իր մեղքը, սակայն առերեսման ժամանակ տուժածը չէր ճանաչել այդ տղային: Դրանից հետո ստիպված էին տղայի խափանման միջոցը փոխել՝ չնայած ինքնախոստովանական ցուցմունքին: Սկսեցին լուրեր շրջանառվել, որ ոստիկանությունը փորձել է գործ «սարքել» սոցիալապես անապահով, նախկինում դատապարտված Արմանի գլխին: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հանդիպել է Արմանի, նրա մոր եւ տուժածի հետ:
Ըստ Ա. Սաքունցի, Ռոզա տատիկի նկարագրությամբ, կասկածյալը եղել է կլոր դեմքով, հասակը՝ միջին կամ կարճ, թիկնեղ, սեւ մազերով, սեւ աչքերով: Իսկ Արմանի արտաքին տվյալները բոլորովին այլ են՝ միջինից բարձր հասակ ունի, շիկահեր է, աչքերն էլ բաց գույնի են: Սաքունցի խոսքով, չնայած Արմանը զրուցել է իր հետ, բայց նրա վարքագծում վախ է նկատվել, ինչը ենթադրել է տալիս, որ Արմանի նկատմամբ ոստիկանությունում բռնություն են կիրառել:
Իրավապաշտպանի այն հարցին, թե արդյո՞ք իրեն ծեծել են ոստիկանությունում, Արմանը պատասխանել է՝ «ախպոր պես, ոչ մի բան չեմ ասում»: Իսկ ինչո՞ւ էին նրան կալանավորել: «Բա դե ուրիշ ճար չկար: Բայց փորձաքննության համար վերցրել են բոլոր անհրաժեշտ նմուշները, ես համոզված եմ, որ 99 տոկոսով դրանց մեջ ես չկամ»,-ասել է Արմանը: