Իրավախորհրդատվության դեկտեմբեր ամսվա արդյունքները Վանաձորում
00:00, February 8, 2010 | Նորություններ2009 թ. դեկտեմբերին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 9 քաղաքացիներ:
Այսպես, Վանաձորի քաղաքացիները դիմել են հետևյալ հարցերով.
Արդար դատաքննության իրավունք
1. Քաղաքացուն ՊԱՏ աշխատակիցների կողմից ներկայացվել է ճանապարհային ոստիկանության կանոնների խախտման փաստ, կազմվել է վարչական ակտ, սակայն քաղաքացին գտնում է, որ ինքն իրականում ճանապարհային ոստիկանության կանոնների խախտում թույլ չի տվել:
Կազմված վարչական ակտը բողոքարկվել է վերադասության կարգով:
Ընտանեկան իրավունք
2. Քաղաքացին ինչպե՞ս կարող է ամուսնալուծվել:
Երկկողմ համաձայնության դեպքում ամուսնությունը կատարվում է ՔԿԱԳ մարմին դիմում ներկայացնելով, ամուսիններից մեկի համաձայնության բացակայության դեպքում ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով:
Նման հարցով դիմել են երկու քաղաքացի:
Տեղեկատվության իրավունք
3. Քաղաքացին դիմել է համատիրություն՝ բնակության վայրի և բնակվող անձանց վերաբերյալ տեղեկանք ստանալու համար: Համատիրության նախագահը մերժել է քաղաքացուն տրամադրել պահանջվող տեղեկանքը՝ պահանջելով որոշակի գումար, որն իբր քաղաքացին պարտք է համատիրությանը:
Քաղաքացու համար պատրաստվել է տեղեկատվության հարցում` ուղղված համատիրության նախագահին` բնակարանում հաշվառված անձանց թվի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու խնդրանքով:
Սեփականության իրավունք
4. Քաղաքացու որդին ներկայացրել է համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանից իր բաժնեմասի առանձնացման և հրապարակային սակարկություններով իր բաժնեմասի վաճառքի պահանջ: Հարուցվել է կատարողական վարույթ, սակայն որդու բաժնեմասը սխալ է հաշվարկվել:
Քաղաքացուն խորհուրդ է տրվել դիմել դատարան` դատարանի որոշմամբ սխալն ուղղելու խնդրանքով:
5. Բնակարանի առուվաճառքի ժամանակ բնակարանի նկատմամբ գրանցվել է միայն մեկ անձի սեփականության իրավունքը: Ներկայումս քաղաքացին ցանկանում է սեփականատեր դարձնել նաև երեխաներին:
Քաղաքացուն խորհուրդ է տրվել ձևակերպել նվիրատվություն երեխաների անունով և այնուհետև գրանցել սեփականության իրավունքը ՀՀ անշարժ գույքի գրանցման կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի ստորաբաժանումում:
Սոցիալական իրավունք
6. Քաղաքացին ստանում է 3-րդ խմբի հաշմանդամության կենսաթոշակ: Սակայն գտնում է, որ աշխատանքային ստաժի տարիները պակաս է հաշվարկված:
Քաղաքացու համար պատրաստվել է գրություն` կենսաթոշակի հաշվարկման հիմքը պարզելու համար:
Գրությանն ի պատասխան քաղաքացուն հայտնվել է, որ նրա աշխատանքային ստաժի տարիները վերահաշվարկի արդյունքում ավելացվել են 1 տարի 8 ամսով:
7. Քաղաքացին աշխատանքից ազատվել է ծերության կենսաթոշակի տարիքի հասնելու պատճառով: Քաղաքացին կարող է արդյոք վերականգնվել իր նախկին աշխատանքին:
Քաղաքացուն բացատրվել է, որ ծերության կենսաթոշակի հասնելու հիմքով աշխատանքից ազատելու վերաբերյալ հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական, և նա կարող է վերականգնվել իր նախկին աշխատանքին դատական կարգով:
Սպառողների իրավունք
8. “Լոռի-ջրմուղկոյուղի” ՓԲԸ-ն քաղաքացուն ներկայացրել է 1993 թ. գոյացած պարտքի կտրոն: Քաղաքացին ցանկանում է իմանալ, թե ինչպես կարող է ճշտել համապատասխան գումարի առաջացման հիմքերը:
Կազմակերպության կողմից քաղաքացու համար պատրաստվել է տեղեկատվության հարցում` ուղղված “Լոռի-ջրմուղկոյուղի” ՓԲԸ-ին: