Իրավախորհրդատվության նոյեմբեր ամսվա արդյունքները Վանաձորում
00:00, December 25, 2009 | Նորություններ2009 թ. նոյեմբերին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 23 քաղաքացիներ:
Այսպես, Վանաձորի քաղաքացիները դիմել են հետևյալ հարցերով.
Ընտանեկան իրավունք
1. 13 տարվա համատեղ ամուսնության ընթացքում /ամուսնությունը գրանցված չէ ՔԿԱԳ մարմնում/ ունեցել են 3 երեխա, որոնց հայրությունը փաստացի ամուսինը չի ճանաչել: Ներկայումս ամուսինը ցանկանում է բաժանվել և մորը զրկել երեխաներից մեկի խնամքից: Հայրը կարող է արդյոք մորը զրկել երեխաներից մեկի խնամքից:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն` երեխայի նկատմամբ ծնողները որոշակի իրավունքներ են ձեռք բերում սերման փաստի հաստատումից հետո, տվյալ դեպքում իրավունք չունի երեխաների նկատմամբ, քանի որ երեխաների հայրությունը չի ճանաչվել:
2. Ամուսնալուծությունից հետո ձեռք բերված գույքի նկատմամբ կինն ունի արդյոք որևէ իրավունք, եթե ունեն համատեղ երեխա, որի խնամքի համար դատարանի որոշմամբ հայրը ալիմենտ է վճարում:
Ամուսիններն իրավունք ունեն միայն համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի նկատմամբ:
3. Քաղաքացին ի՞նչ կարգով կարող է նախկին ամուսնուց պահանջել երեխայի ապրուստի միջոց` ալիմենտ:
Քաղաքացին կարող է դատական կարգով երեխայի համար պահանջել ալիմենտ՝ դատարան ներկայացնելով հայցադիմում՝ երեխայի համար ապրուստի միջոց՝ ալիմենտ նշանակելու պահանջով:
Սեփականության իրավունք
4. Քաղաքացին ի՞նչ իրավունքներ ունի համասեփականությամբ իրեն պատկանող տան նկատմամբ:
Համասեփականությամբ պատկանող գույքի նկատմամբ բոլոր համասեփականատերերն ունեն` օգտագործման, տիրապետման և տնօրինման հավասար իրավունքներ:
5. Քաղաքացու հարևանը հայտնել է, որ այն տարածքը, որտեղ գտնվում է քաղաքացու տնակը, պատկանում է իրեն: Քաղաքացին ինչպե՞ս կարող է ճշտել, թե տվյալ տարածքն ում է պատկանում:
Քաղաքացին պետք է դիմի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանում` պարզելու, թե ում է պատկանում նշված տարածքը:
6. Բրոկերի միջոցով իրականացրել է բնակարանի առուվաճառքի փաստացի գործարք, սակայն այդ գործարքը իրավական որևէ ձևակերպում չի ստացել: Նշված բնակարանը հատկացված է եղել ‘’Լինսի’’ հիմնադրամի կողմից, պայմանով, որ այն չի վաճառվելու: Բրոկերը ձևակերպել է ոչ թե առուվաճառքի պայմանագիր, այլ բնակարանը ձեռքբերողին տրամադրել է բնակարանը ստացողների անունից սեփականաշնորհելու լիազորագիր:
Քաղաքացուն բացատվել է գործարքի անօրինականությունը, խորհուրդ է տրվել նորից դիմել բնակարանը ստացող անձանց` առուվաճառքի պայմանագիր ձևակերպելու համար:
7. Քաղաքացին ինչպե՞ս կարող է սեփականաշնորհել օրդերով իրեն հատկացված բնակարանը:
Քաղաքացուն խորհուրդ է տրվել դիմել գույքի գտնվելու վայրի քաղաքապետարան` սեփականաշնորհման թույլտվություն ստանալու խնդրանքով:
8. Համասեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող բնակարանի մյուս համասեփականատերը վերցրել է բնակարանի բանալին և հրաժարվում է բացել բնակարանի ընդհանուր դուռը: Քաղաքացին ինչպե՞ս կարող է քաղաքացուն պարտավորեցնել բացել բնակարանի դուռը:
Քաղաքացին կարող է դիմել ոստիկանություն՝ խնդիրը կարգավորելու խնդրանքով:
9. Քաղաքացու հարևանը նրա տանը կից շինություն է կառուցում, սակայն չի պահպանում ճարտարապետաշինարարական նորմերը: Քաղաքացին դիմել է քաղաքապետարան, ոստիկանություն, սակայն շինարարությունը չի դադարեցվել: Քաղաքացին ինչպե՞ս կարող է հարևանին պարտավորեցնել դադարեցնել շինության կառուցումը:
Քաղաքացու համար պատրաստվել է դիմում` ուղղված քաղաքապետարան` քաղաքացուն պարտավորեցնելու` դադարեցնելու շինարարական գործողությունները:
10. Քաղաքացին իր բնակարանը և սեփական տունը որդուն կտակելու համար օրենքով սահմանված կարգով որքա՞ն գումար պետք է վճարի նոտարական գրասենյակում: Հնարավոր է արդյոք սեփական երկու գույքի կտակելու համար վճարել միայն մեկի գումարը:
Քաղաքացուն ներկայացվել է, որ պետք է վճարի բազային տուրքի կրկնապատիկի չափով, այյսինքն` երկու հազար դրամ, և որ յուրաքանչյուր գործարքի համար առանձին պետական տուրք է վճարվում:
11. Քաղաքացին 2008 թ. օգոստոսի 1-ին մեկ տարի ժամանակով պարտքով գումար է տվել ստացականով ու նոտարական վավերացմամբ: Պարտքի վերադարձման ժամկետը լրացել է: Քաղաքացին ինչպե՞ս կարող է վերադարձնել գումարը:
Քաղաքացին չվճարելու հանգամանքը կարող է բողոքարկել դատական կարգով:
Սոցիալական իրավունք
12. Քաղաքացին առաջին կարգի հաշմանդամ է, միայնակ թոշակառու: Մինչև 2005 թ. քաղաքացին աշխատանքի ընթացքում ստացած խեղման համար 3000 դրամ թոշակ է ստացել: Քաղաքացին կարող է արդյոք պահանջել այդ երեք տարիների ընթացքում չվճարված գումարը:
Քանի որ, այն ձեռնարկությունը, որտեղ քաղաքացին աշխատել է և այդ աշխատանքի ընթացքում ստացած խեղման համար ստացել ամսական 3000 դրամը, լուծարվել է, իսկ այն իրավահաջորդ չունի, հետևաբար նրա պարտավորությունները փոխանցվում են պետությանը:
13. Քաղաքացին, 3 տարի ապրելով Ռուսաստանի Դաշնությունում, վերադարձել է Հայաստանի Հանրապետություն և ցանկացել ստանալ վերջին տարվա կուտակված կենսաթոշակը: Սակայն սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում նրան բանավոր մերժել են` առանց որևէ պատճառաբանության: Քաղաքացին ինչպե՞ս կարող է ստանալ կենսաթոշակից կուտակված մեկ տարվա գումարը:
Քաղաքացուն խորհուրդ է տրվել վերցնել գրավոր մերժում, որից հետո կազմակերպությունը համապատասխան անմիջական մասնակցություն կունենա տվյալ խնդրի լուծմանը:
14. Քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող բնակարանում գրանցված են թվով 3 անձ, սակայն նրանք փաստացի բնակվում են գյուղում. քաղաքացին բնակվում է միայնակ: Կարող է արդյոք սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը մերժել նպաստ նշանակելը, միայն այն հիմքով, որ բնակարանում մեկից ավելի անձ է գրանցված:
Քաղաքացուն խորհուրդ է տրվել վերցնել տեղեկանք գյուղապետարանից այն մասին, որ տվյալ քաղաքացիները փաստացի բնակվում են գյուղում և վերցնել տեղեկանք թաղամասային հիմնարկից այն մասին, որ այդ բնակարանում քաղաքացին բնակվում է միայնակ, այնուհետև Սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն ներկայացնել դիմում` ընտանիքի առանձին սոցիալական անձնագիր ստանալու խնդրանքով:
15. Քաղաքացին դիմում է ներկայացրել թոշակի անցնելու համար, սակայն նրան բանավոր մերժել են` առանց պատճառաբանության: Քաղաքացին ինչպե՞ս կարող է անցնել թոշակի:
Քաղաքացուն բացատրվել է, որ գրավոր դիմումներին պարտավոր են տրամադրել գրավոր պատասխան և ինքը կարող է բողոքարկել միայն գրավոր որոշումը վերադասության կամ դատական կարգով:
Սպառողների իրավունք
16. Քաղաքացին վճարել է սպառած ջրի դիմաց գումարը, սակայն նրանից բանավոր պահանջում են կրկին վճարել այդ գումարը` պատճառաբանելով, որ վերջինս չի վճարել:
Քաղաքացուն խորհուրդ է տրվել “Լոռի ջրմուղկոյուղի” ՓԲԸ-ից գրավոր տեղեկություն ստանալ` գումարի գոյացման պատճառի վերաբերյալ:
17. ԱրմենՏել-ը 2 ամիս շարունակ ներկայացնում է իրական թվերին չհամապատասխանող վարձի չափ: Քաղաքացին պահանջել է ամսական հաշվետվությունը, որից պարզել է` Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներ զանգեր են կատարվել իրենց հեռախոսահամարից, սակայն այդ քաղաքներում իրենք ծանոթներ չունեն: Քաղաքացին ինչպե՞ս կարող է կարգավորել խնդիրը:
Քաղաքացուն խորհուրդ է տրվել դիմել դատարան:
Ազատ տեղաշարժման իրավունք
18. Ազատազրկման դատապարտված քաղաքացին համաներմամբ ազատվել է ազատազրկումից, սակայն նրա նկատմամբ ոստիկանությունը սահմանել է հսկողություն: Ոստիկանության մարմինը իրավունք ունի արդյոք հսկողություն սահմանել նրա նկատմամբ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով այն արարքի համար, որը կոնկրետ դեպքում իրականացրել է տվյալ քաղաքացին, համաներման ակտ կիրառելուց հետո հսկողության սահմանումը չի թույլատրվում:
Վարչական իրավունք
19. Քաղաքացին դատապարտվել էր 500.000 դրամ վարչական տուգանքի, սակայն գտնվելով սոցիալապես անապահով վիճակում` չի կարող միանվագ վճարել այդ գումարը: Քաղաքացին կարող է արդյոք խուսափել տուգանքի միանվագ վճարումից:Կազմակերպության կողմից քաղաքացու համար պատրաստել է գրություն` ուղղված ԴԱՀԿ-ի պետին՝ գումարը 18 ամիսների ընթացքում վճարելու թույտվության խնդրանքով:
Արդար դատաքննության իրավունք
20. Քաղաքացին ենթարկվել էր վթարի: Քաղաքացին ինչպե՞ս կարող է ստանալ իր կողմից կրած վնասների փոխհատուցումը:Քաղաքացուն խորհուրդ է տրվել հայց ներկայացնել դատարան` կրած վնասների բռնագանձման պահանջով:
Քաղաքացիական իրավունք
21. Քաղաքացու աշխատանքային փաստը հավաստող Մեծ Պարնու գյուղապետի կողմից տրված տեղեկանքում նշվել է քաղաքացու այն անունը, որով նրան կոչում են մտերիմները, թեև անձնագրում քաղաքացու անուն ազգանունն այլ է: Քաղաքացին ինչպե՞ս կարող է ճշտել սխալը:Քաղաքացու համար պատրաստվել է դիմում` ուղղված Մեծ Պարնու գյուղապետին` տեղեկանքում նշված անճշտությունն ուղղելու խնդրանքով:
Քրեական իրավունք
22. Քաղաքացու որդին գտնվում է նախնական կալանքի տակ՝ արգելված արարք կատարելու համար: Քաղաքացին ցանկանում է իմանալ, թե ինչպես կարող է իրականացնել որդու պաշտպանությունը:Քաղաքացուն բացատրվել է հանրային պաշտպանի ինստիտուտից օգտվելու հնարավորությունն ու կարգը:
Տեղեկատվության ազատության իրավունք
23. Քաղաքացուն պատկանող տաղավարի այրման պատճառով հարուցվել է քրեական գործ, սակայն ամիսներ անց էլ տուժողը որեվիցե տեղեկատվություն գործի վերաբերյալ չունի: Քաղաքացին ինչպե՞ս կարող է ստանալ տեղեկատվություն այդ գործի ընթացքի վերաբերյալ:Քաղաքացու համար պատրաստվել է տեղեկատվության հարցում` ուղղված Լոռու մարզի դատախազություն և հատուկ քննչական ծառայություն: