Լոռու մարզպետարանը պատրաստվում է հուլիսի 18-ի հանրահավաքին
00:00, July 15, 2008 | Հավաքների և միավորումների ազատություն2008թ. հուլիսի 15-ին, ըստ Լոռու մարզպետարանի մեր հավաստի աղբյուրների, մարզպետի գլխավորությամբ, մարզպետարանի վարչությունների և համապատասխան բաժինների պետերի մասնակցությամբ կայացել է խորհրդակցություն:
Խորհրդակցության հիմնական հարցը եղել է 2008թ. հուլիսի 18-ին Վանաձորում կազմակերպվող հանրահավաքի ձախողումը:
Խորհրդակցության մասնակիցները քննարկել են այն միջոցառումները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի խոչընդոտել հանրահավաքին մարդկանց մասնակցությունը:
Որոշվել է հրահանգել Լոռու մարզի բոլոր գյուղապետերին, որ վերջիններս չմասնակցեն կայանալիք հանրահավաքին:
Միաժամանակ գյուղապետերը պետք է հնարավորինս արգելեն համագյուղացիների մասնակցությունը հանրահավաքին:
Քննարկվել է նաև Վանաձորի ներքաղաքային տրանսպորտի գործունեության դադարեցման հարցը: Որպեսզի հնարավոր լինի խոչընդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժը Վանաձորի ծայրամասերից հանրահավաքի իրականացման վայր՝ «Շառլ Ազնավուրի» հրապարակին հարող տարածք:
Այս վերջին հարցի վերաբերյալ խորհրդակցության արդյունքում վերջնական որոշում այդպես էլ չի կայացվել: Մասնակիցների մի մասի կարծիքով նման միջոցառումն ավելի կթեժացնեն լարվածությունը քաղաքում:
Հիշեցնենք, որ 2008թ. հուլիսի 18-ին ժամը 17:00-19:00 կայանալիք հանրահավաքը նախաձեռնել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Վերջինս դիմել է Վանաձորի քաղաքապետարան, որը «Իրազեկում ԵԽԽՎ 1609 և 1620 բանաձևերի վերաբերյալ» թեմայով հանրահավաքի իրազեկումն ընդունել է ի գիտություն: