Խաղաղության Երկխոսության հայտարարությունը
11:50, April 18, 2012 | ՀայտարարություններԱպրիլի 17-ին Վանաձորում, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում պետք է կայանար Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի կողմից նախաձեռնված, «Ստոպ» անվանումը կրող ադրբեջանական ֆիլմերի փառատոնը: Դրանից մի քանի օր առաջ Գյումրիում, «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբում նախատեսված նույն միջոցառումը չկայացավ. բազմաթիվ մարդիկ իրենց քաղաքացիական անհամաձայնությունն արտահայտեցին՝ հավաքվելով «Ասպարեզ» ակումբի մոտ եւ թույլ չտալով փառատոնի անցկացումը:
Նույնատիպ քաղաքացիական դիմադրության արժանացավ նաեւ Վանաձորում կայանալիք միջոցառումը. նախորդ օրը՝ ամսի 16-ին, հարյուրավոր մարդիկ, ընդ որում՝ ոչ միայն Վանաձորից, հավաքվել էին ՀՔԱՎ գրասենյակի առջեւ՝ իրենց դիրքորոշումն արտահայտելու համար ադրբեջանական ֆիլմերի ցուցադրման դեմ:
Սակայն թե՛ Վանաձորի, թե՛ Գյումրիի դեպքում քաղաքացիական դիրքորոշման արտահայտման գործընթացը վերածվեց բռնության ակտերի: Գյումրիում հոգեբանական եւ ֆիզիկական բռնության ենթարկվեց կազմակերպիչը՝ Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանը, որին ստիպեցին լքել քաղաքը՝ խփելով եւ ձվեր նետելով նրա ուղղությամբ, ստիպելով կազմակերպիչներին հրաժարվել միջոցառման անցկացման գաղափարից:
Վանաձորում բողոքի ակցիայի մասնակիցներն ավելի հեռուն գնացին: Միջոցառումը դադարացնելու պահանջով ստորագրահավաք կազմակերպելուց, այնուհետեւ՝ հրապարակային հայտարարություն անելուց հետո, ապրիլի 16-ին ՀՔԱՎ գրասենյակի դիմաց կազմակերպեցին բողոքի ակցիա: Ակցիայի կազմակերպիչները, մտնելով կազմակերպության գրասենյակ, պահանջեցին տարածք չտրամադրել ֆիլմերի ցուցադրության համար: Իրենց պահանջները շարադրելու հետ միաժամանակ ակցիայի մասնակիցները սկսեցին ձվեր եւ քարեր նետել կազմակերպության ուղղությամբ, ինչի արդյունքում կոտրեցին գրասենյակի պատուհանները եւ վնասեցին աշխատակցուհիներից մեկի ոտքը: Այնուհետեւ, սպառնալիքներ եւ հայհոյանքներ տեղացին կազմակերպության աշխատակիցների հասցեին:
Հանրության անվտանգությունը ապահովելու համար տեղում գտնվող ոստիկանության աշխատակիցները որեւէ քայլ չեն ձեռնարկել բռնությունը կանխելու համար, եւ ՀՔԱՎ գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի հավաստմամբ, փաստի վերաբերյալ ապրիլի 17-ի դրությամբ ոչ քրեական եւ ոչ էլ վարչական գործ չի հարուցվել:
Կատարվածի մեջ կան ուշադրության արժանի մի քանի փաստեր: Նախ՝ «քաղաքացիական» կոչվող այս նախաձեռնությունն ուղղորդվել եւ կոորդինացվել է Լոռու մարզպետարանի որոշ աշխատակիցների եւ իշխող՝ Հանրապետական կուսակցության որոշ անդամների կողմից, ապա՝ ակցիայի կազմակերպման համար ուսումնական հաստատություններից բերվել են ուսանողական խմբեր: Զարմանալին այն է, որ միջոցառմանն իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերել քաղաքացիական հասարակության հզորացման ուղղությամբ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունները, թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխող կուսակցությունների ներկայացուցիչներն ու տարբեր բուհերի ուսանողներ, ինչպես նաեւ՝ վանաձորցի մտավորականներ, անգամ՝ լրագրողներ: Իրավիճակի ավելի սրացումը կանխելու, գրասենյակի աշխատակիցների անվտանգության վերաբերյալ մտավախության պատճառով Սաքունցն ստիպված է եղել հայտարարել, որ ֆիլմերի դիտումը հետաձգվում է, սակայն նրան ստիպել են հայտարարել նաեւ, որ այն ընդհանրապես չի կայանա:
Հաշվի առնելով վերը շարադրվածը, կոչ ենք անում՝
– համապատասխան արձագանք եւ գնահատական տալ կատարված փաստի առիթով,
– պահանջում ՀՀ իշխանություններից՝ թույլ չտալ երկրում պատերազմական հռետորաբանության քարոզումը,
– թույլ չտալ բռնի ուժի կիրառման եւ անօրինականությունների ցանկացած դրսեւորում՝ քաղաքացիական այլախոհության դրսեւորման նկատմամբ,
– պահանջում ենք իրավապահ մարմիններից՝ հետամուտ լինել, որպեսզի փաստի առթիվ անաչառ եւ համակողմանի քննություն իրականացվի:
Անկասկած, Գեորգի Վանյանն ու մյուսները ցանկացած՝ օրենքով չարգելված գործունեություն ծավալելու իրավունք ունեն, ինչպես և ուրիշներն իրավունք ունեն չլսելու նրանց կոչերը և նույնիսկ բողոքել դրանց դեմ: Միանշանակ կողմ լինելով քաղաքացիական դիրքորոշումների ազատ արտահայտման գաղափարին, այնուամենայնիվ, դատապարտում ենք տեղի ունեցածը: Առավել վտանգավոր է երիտասարդների էներգիան նման մանր բաների դեմ պայքարի վրա ուղղորդել-ծախսելը, այսպես ասած՝ պարպելը: Ֆիլմերի դեմ այս պայքարը ցույց տվեց, որ հայ երիտասարդությունն ունի մոբիլիզացման բավական ներուժ, որը սակայն որոշ ուժերի կողմից օգտագործվում է կասկածելի, ազգայնամոլական, կեղծ-հայրենասիրական նպատակներով:Մեր համոզմամբ, իրավիճակը, երբ այս եւ նման այլ միջադեպերի արդյունքում այլախոհությունը լռեցնելու համար իրավապաշտպանական եւ խաղաղասիրական կազմակերպությունների, ընդհանրապես ակտիվ քաղաքացիների նկատմամբ բռնի ուժի կիրառմամբ կատարված գործողությունները համապատասխան գնահատականի չեն արժանանում, նպաստում է անպատժելիության մթնոլորտի առաջացմանը: Արդյունքում՝ բռնությունը Հայաստանում դառնում է մշակույթ, դրսեւորվում ամենատարբեր բնագավառներում՝ կենցաղից մինչեւ ընտրություններ: Ակնհայտ է նաեւ, որ նույն տեխնոլոգիաներն օգտագործվում են՝ համակարգի համար անհաճո գործիչներին պիտակավորելու, «դավաճան» եւ «գրանտակեր» հայտարարելու եւ բարոյապես ոչնչացնելու համար:
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպություն
Աղբյուրը՝ http://peacedialogue.am/armenian/news_more_arm.php?SID=1&AID=487&TopicId=1&Language=Arm