ԾԵԾԵՑԻՆ
00:00, March 22, 2008 | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքՀՀ Արտաքին գործերի նախարարության, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի, ՀՀ Դատախազության շենքերի ամբողջ երկարությամբ մոմերը ձեռքներին ու սգո սեւ ժապավենները թեւերին կապած կանգնած էին բազմաթիվ մարդիկ, որոնք եկել էին հարգելու մարտի 1-ի դեպքերի զոհերի հիշատակը:
Մարդկանց այս շարքը հետո շարժվեց դեպի Մյասնիկյանի արձան:
Բողոքի այս լուռ ակցիային ակամա մասնակցեցին նաեւ ոստիկանները, որոնք թեեւ Հանրապետության հրապարակում մի շարքով` վահանները պատրաստ պահած, կանգնել էին բոլորովին այլ նպատակով:
Ակցիայի մասնակիցներն այստեղ եկել էին Ազատության հրապարակից, ուր նրանց այդպես էլ ոստիկանները թույլ չտվեցին մտնել:
Ի դեպ, մինչ մարդիկ կամաց-կամաց հավաքվում էին Հյուսիսային պողոտայում՝ «Նորդ» էլիտար համալիրի մոտ ընդհարում տեղի ունեցավ ոստիկանության եւ մարդկանց միչեւ: Ինչպես «Ա1+»-ին պատմեցին համալիրի ներսում գործող սրճարանի հաճախորդները, երբ մի երիտասարդ փորձել է անցնել գազոնը, ոստիկանները հաձակվել են նրա վրա ու սկսել անխնա ծեծել ու էլեկտրաշոկով խփել: Մարդկանց մեջ այս դեպքից հետո մեծ խուճապ է առաջացել, որից ոստիկանության աշխատակիցներն սկսել են էլ ավելի կատաղել եւ հարվածել աջ ու ձախ:
Նրանց հարվածներից չխուսափեց նաեւ Ֆիրդուսի փողոցի մի բնակչուհի, որին մեր աչքի առաջ ոստիկանները գցեցին գետնին ու սկսեցին հարվածել: Ավելի ուշ՝ կնոջ հետ զրուցելու ընթացքում նա պատմեց, որ ինքը փորձել էր պաշտպանել տղային, իսկ արդյունքում ընկել ոստիկանների մահակների տակ:
Փորձեցինք նաեւ իմանալ ՀՀ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսիկ Նազարյանի կարծիքն այս դեպքի առնչությամբ: Նա խուսափեց որեւէ կոնկետ բան նշել՝ ասելով, որ տղան ինքն է հարձակվել ոստիկանի վրա: Ինչ վերաբերում է դեպքի հանգամանքներին, ապա դրանք, ըստ նրա՝ կպարզվեն ավելի ուշ:
Մարդիկ քաղբանտարկյալների նկարները ձեռքերին, փորձում էին ոստիկաններին բացատրել իրենց բողոքի ու զայրույթի պատճառները: Իսկ ոստիկաններից ոմանք հեգնանքով հարցնում էին նրանց՝ արդյոք ճանաչո՞ւմ են այն մարդկանց, ում նկաները բռնել են:
Ի դեպ, արտակարգ իրավիճակը թեեւ հանվել է, սակայն ՀՀ Ֆինանսների նախարարության նկուղում «ապրում են» բանակայիները, որոնք ժամանակ առ ժամանակ ռեպլիկներ են բաց թողնում անցնող- դարձողների հասցեին:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.a1plus.am/am/?page=issue&iid=58715