Կուսումնասիրվի զինծառայության ընթացքում զինծառայողների իրավունքների պաշտպանության վիճակը
08:06, November 26, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2012 թ. նոյեմբերի 24-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ «ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների հզորացումը» ծրագրի շրջանակներում իրականացվելիք մոնիթորինգի դասընթացը:
Դասընթացին մասնակցում էին Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերից և Երևան քաղաքից ներգրավված հարցազրուցավարները, ովքեր հարցազրույցներ են իրականացնելու զորացրված անձանց հետ 2012 թ-ի դեկտեմբերից մինչեւ 2013 թվականի հունվար ամիսը:
Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին ընտրանքի սկզբունքները և հարցաշարը, որի միջոցով պետք է իրականացվի հարցազրույցները: Հարցազրույցներ իրականացվելու են ընդհանուր առմամբ 980 զորացրված անձանց հետ, որի նպատակն է բացահայտել զինված ուժերում զինծառայության ժամանակ ներքին բողոքարկման մեխանիզմների արդյունավետությունը, բժշկական ծառայության տրամադրման վիճակը եւ զինծառայության պայմանները:
Ուսումնասիրության արդյունքերը ծրագրի ավարտին կներառվեն զեկույցում, որը կներկայացնի նաև համապատասխան օրենսդրական վերլուծություն:
Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների շրջանակներում Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից ֆինանսավորվող «ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների հզորացումը» ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է 2012 թ. սեպտեմբերին:
Ծրագրի ընթացքում կպատրաստվեն նաև հետաքննական հոդվածներ, որոնք կանդրադառնան վերոնշյալ հարցերին: