Հայտարարություն
00:00, August 11, 2011 | Հայտարարություններ | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | ՈստիկանությունՕգոստոսի 9-ի երեկոյան Կարապի լճի հարակից տարածքից ոստիկանության Կենտրոնի բաժին բերման են ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի յոթ երիտասարդ ակտիվիստներ` Սահակ Մուրադյանը, Արեգ Գեւորգյանը, Արտակ Կարապետյանը, Տիգրան Առաքելյանը, Դավիթ Քիրամիջյանը, Վահագն Գեւորգյանը եւ Սարգիս Գեւորգյանը: Արդեն այսօր` օգոստոսի 10-ին, հայտնի դարձավ, որ նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
Բերման ենթարկվելուց առաջ եւ հետո երիտասարդները ոստիկանների կողմից ենթարկվել են բռնությունների ու ծեծի, ինչի հետեւանքով ստացել են մարմնական վնասվածքներ: Ոստիկանության շենքում բռնության է ենթարկվել անգամ երիտասարդների փաստաբաններից մեկը:
Կեղծված ընտրությունների արդյունքում իշխանությունը զավթած խմբավորումը երկիրն, ըստ էության, վերածել է ոստիկանական պետության: Օրենքը չի գործում: Ոչ ոք պաշտպանված չէ: Իսկ նրանք, ովքեր փորձում են պաշտպանել իրենց, առավել եւս` այլոց իրավունքները, հայտնվում են թիրախի կարգավիճակում: Սա է պատճառը, որ այս երիտասարդները այդքան հաճախ ոստիկանների կողմից բռնությունների են ենթարկվում, ձերբակալվում ու կալանավորվում են:
Մենք` իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներս, դատապարտում ենք Կոնգրեսի երիտասարդ յոթ ակտիվիստների նկատմամբ ոստիկանների կողմից իրականացված բռնությունը եւ նրանց նկատմամբ շինծու քրեական հետապնդում սկսելու փորձերը: Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բոլորին եւ անաչառ հետաքննության արդյունքում պատժել բռնություն գործադրողներին ու շինծու քրեական գործ սարքողներին:
Վարդան Հարությունյան
Իրավունքի եւ ազատության կենտրոն հ/կ
Իզաբելլա Սարգսյան
Երիտասարդություն հանուն ժողովրդավարության հ/կ
Նատալյա Մարտիրոսյան
Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե հ/կ
Լեւոն Բարսեղյան
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հ/կ
Արթուր Սաքունց
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ հ/կ
«Հույս» հ/կ