ՀԱՆԴԻՊՈՒՄ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ՀԵՏ
00:00, March 11, 2009 | Մամլո հաղորդագրություններ | ՔաղբանտարկյալներՄտորումներ Շանթի հետ զրույցից հետո
Այն, ինչ կներկայացնեմ, չի հանդիսանում հասարակական դիտորդի հաշվետվություն` գործող կարգի համաձայն:
Շանթ Հարությունյանի հետ հանդիպումից հետո ապրած զգացումները, ծագած մտքերը չեն կարող տեղավորվել որևէ գործող կամ չգործող կանոնների մեջ: Սա զուտ մարդկային ապրումների վերարտադրում է ազատ, անկաշկանդ և մարդկային ձևով:
– Շա°նթ, մենք մինչև հանդիպումը ծանոթ չէինք միմյանց, բայց հանդիպեցինք որպես բարեկամներ և համախոհներ: Հիշում ես, մեջբերեցիր հայտնի միտք` «Ես հմայվեցի` տեսնելով ազատ մարդուն ստրկության մեջ և գարշեցի` տեսնելով ստրուկին ազատության մեջ»: Այդ օրը ես ապրեցի ազատության զգացում հանդիպելով քեզ հետ Վարդաշեն ՔԿՀ-ի խցում:
– Հետաքրքիր էր չէ, մենք նստած, խոսում էինք քո խցում, որի դուռը բաց էր: Մենք թաքուն չէինք խոսում, բարձրաձայն, ազատ, բոլորը լսում էին, դե ինչ թաքցնելու բան էլ ունեինք: Այդ 30-40 րոպեի ընթացքում քո ասածը, միտքը միայն Հայաստանն էր, նրա ճակատագիրը, մեր խնդիրները: Եվ քո բոլոր խոսքերում մշտապես ապրում էր ազատությունը` որպես միակ ապագա:
– Դու հիշատակեցիր Բժեզինսկու, քո թարգմանությամբ, «Շախմատային մեծ խաղատախտակ» գիրքը: Նույնիսկ այդ գրքի վերաբերյալ էլի երևաց քո արժանապատվության սուր և վեհ զգացումը: Մտքովս չէր անցել, որ կարելի է նման ձևով ընկալել մեծ քաղաքագետի գիրքը` որպես մարտահրավեր: Դու ասեցիր, որ մեծ հարգանք ունես նրա նկատմամբ, և իրապես հզոր քաղաքագետ է: Ցավոք չեմ կարդացել քո հիշատակած հոդվածդ, որն ինչքան հիշում եմ վերնագրված է «Բժեզինսկու հետ շախմատային մեծ խաղատախտակի առջև»: Եվ ինչու այդպես, որովհետև ինչպես ասեցիր, դու չես կարողացել հաշտվել, որ Հայաստանը կարող է խաղատախտակ դիտվել կամ խաղատախտակի մի քառակուսի: Հրաշք էր քո այն միտքը, թե Բժեզինսկին ուրախ պետք է լիներ` իմանալու նման առաջարկի համար: Եվ դա այնքան մարդկային հնչեց և միաժամանակ այնքան հզոր, որ չի կարող անտարբեր թողնել որևէ մտածող մարդու:
– Հազար անգամ ճիշտ ես, երբ նշում ես, որ ռուսական կայսերապաշտ ուժերը սերժանտների միջոցով զավթել են Հայաստանում իշխանությունը: Դրա դեմ ոչ մի առարկություն չի կարող լինել: Բայց նման միտք ունեցողը և արտահայտողը այնքան խոցելի է սերժանտների կողմից, որովհետև նրանց ամոբեայի մակարդակի մտածողությունը միայն ենթագիտակցական, ինքնապաշտպանական բնազդով վտանգի զգացում կարող է առաջացնել իրենց մոտ:
– Ինչպիսի դիպուկ, նուրբ հիշատակումներ էին Պապ թագավորի, Կիլիկյան թագավորության հիմնադրման մասին, որոնք զուգահեռվում էին մեր օրերին:
– Շա°նթ, հիշում ես, մենք խոսեցինք Դավիթ Բեկի մասին նաև, Գևորգ Մարզպետունու 20 զինվորների մասին: Ընդամենը 20 հոգի, 20 մարդ դուրս եկան հարյուրհազարավորներից` հանուն ազատության և անկախության: Սա մխիթարություն չէ, սա օրինաչափություն չէ:
– Հա, Շանթ, ում մտքով կանցներ, ցավակցական հեռագիր ուղարկելու ամերիկյան ժողովրդին` Ռեյգանի մահվան առթիվ: Եվ ինչու, որովհետև, նախագահ Ռեյգանը Սովետական Միությանը անվանել էր ՉԱՐԻՔԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ: Այ քեզ օրինաչափություն, այդ կայսրությունը որպես քաղաքական այլախոհ բանտարկել էր քո հորը, հիմա այդ Չարիքի կայսրության ժառանգորդները քո հայացքների համար բանտարկել են քեզ ՔՈ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ… Առավել աննամուսություն և ստորություն դժվար է պատկերացնել: Բայց միակ, իմ պատկերացմամբ, բացատրությունը Շանթ, նրանում է, որ քեզ մեկուսացնողները հաստատ հիվանդ են, պետք է ստուգել դրանց հոգեկանը` հաստատ Ստալինի հիվանդությամբ են տառապում` պարանոյայով:
– Զարմանալի էր, մեր հանդիպման ընթացքում մենք չխոսեցինք երեխաների, ընտանիքների, կանանց, հարազատների, ապրուստ հայթայթելու և այլ նման բաների մասին: Բայց ինչ էլ ասում էիր, վերաբերում էին այդ ամենին` բայց արժանապատվության պրիզմայով:
– Եվ քե°զ` ազատ մարդու°դ, այս խղճուկները փորձում են լռեցնել, զրկել իմ նման հարյուրավոր մարդկանց հետ խոսելու, զրուցելու, մտքեր կիսելու հնարավորությունից: Սա ամենամեծ վնասն է, որ այդ թույլիկները փորձում են անել:
– Մտածում էիր շարժման մասին, պայմանականորեն դրսում գտնվող մարդկանց մասին: Այո°, իրապես քաղաքացիական գիտակցությունը շատ հզոր է, Շա°նթ: Առավել քան երբևէ ազատության և արժանապատվության զգացումը գիտակցական է և ոչ զգայական ու պահային:
– Շա°նթ, ցորենի հատիկը արդեն մասուրի չափ է դարձել և Փոքր Մհերը ուզում է դուրս գալ քարանձավից, բայց մի քանի լակոտներ քարանձավի մուտքը փակող քարը պինդ բռնել են, չեն ուզում նրա դուրս գալը: Բայց իմացի°ր, մենք շատ ավելի հզոր ենք, քարանձավի դուռը բացելու ենք և Փոքր Մհերը դուրս է գալու այնտեղից:
– Հա°, բարեկամս, քո հյուրասիրած հացի պատառը պահում եմ, իրար հետ դա կկիսենք և լավ քեֆ կանենք, պինդ մնա:
ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑ, Քրեակատարողական հիմնարկների հասարակական դիտորդների խմբի անդամ:
Հանդիպել է Շանթ Հարությունյանի հետ երեկ` մարտի 11-ին: Այս «հուշերը» գրվել են գիշերը:
Ճշմարտություն է, ԵՎ Շանթը և Արթուրը առողջ են մտածում, բայց ամենը լավ կազմակերպված պիտի լինի, որովհետև ստրկամիտներ, միայն մարմնի համար ապրող ստորաքարշներ շատ կան