Հանրահավաքի իրավունքը շարունակվում է խախտվել
00:00, May 1, 2008 | Հավաքների և միավորումների ազատություն2008թ. ապրիլի 30-ին Վանաձորի քաղաքապետի որոշմամբ արգելվեցին քաղաքացիներ Արթուր Սաքունցի, Նիկոլայ Ամիրբեկյանի, Վանիկ Մանուկյանի կողմից կազմակերպվող հանրահավաքները:
Հանրահավաքները նախատեսվում էին կազմակերպվել 2008թ. մայիսի 8-ին, 9-ին և 10-ին հետևյալ թեմաներով.
• մայիսի 8-ին՝ «Քաղբանտարկյալների դերը Շուշիի ազատագրման գործում»
• մայիսի 9-ին՝ «Քաղբանտարկյալների դերը ժողովրդավարության զարգացման գործում»
• մայիսի 10-ին՝ «Քաղբանտարկյալները որպես պետության կայացման մարտիկներ»:
Վանաձորի քաղաքապետ Ս.Դարբինյանի որոշման կայացման համար հավաստի տվյալներ են համարվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզի վարչության 30.04.2008թ-ի թիվ 70/1-848 և ՀՀ ԱԱԾ Լոռու մարզային վարչության 30.04.2008թ-ի թիվ ԱԱ-27 պաշտոնական եզրակացությունները:
Մերժման համար հիմք է ընդունվել նաև իրազեկման քննարկման արդյունքում ձևավորված այն կարծիքը, որ առկա են հավաստի տվյալներ՝ նշված օրը, ժամին և նշված վայրում միջոցառման անցկացումն իրական վտանգ կարող է սպառնալ հանրահավաքներին մասնակցող անձանց կյանքին կամ առողջությանը:
Հանրահավաքների անցկացման իրավունքը Վանաձորում շարունակում է մնալ սահմանափակված: