Հեռուստատեսության և տպագիր մամուլի նախընտրական քարոզչության մոնիտորինգ
00:00, March 26, 2007 | Ընտրական իրավունքՄարտի 24-ին Վանաձորում կայացավ «Հեռուստատեսության և տպագիր մամուլի նախընտրական քարոզչության մոնիտորինգ» սեմինարը: Սեմինարին մասնակցում էին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նորընտիր 16 կամավորները: Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը կամավորներին սովորեցրեց հեռուստաեթերի և տպագիր մամուլի մոնիտորինգի իրականացման մեթոդները ու մեխանիզմները:
Նախատեսվում է, որ նախընտրական քարոզչության ժամանակաշրջանում՝ ապրիլի 8-ից մայիսի 10-ը, մասնակիցներն իրականացնելու են տեղական հեռուստաալիքների և թերթերի մոնիտորիգներ:
Դիտարկվելու են Սպիտակի «Սլավ-մեդիա», Ալավերդու «Անկյուն գումարած 3», Տաշիրի «Տաշիրք», Ստեփանավանի «Ֆորտունա» և Վանաձորի «Միգ TV», «ՎաԲա», «Լոռի TV» հեռուստալիքների եթերները 18:00-24:00 ժամանակահատվածում:
Ուսումնասիրության առարկա են նաև Վանաձորի «Վանաձորյան խճանկար», «Լոռու մարզ», «Քաղաքացիական նախաձեռնություն», «Իրավական մշակույթ», Սպիտակի «Սպիտակ», Ստեփանավանի «Ստեփանավան», «Տաշիրի «Աղարա» շաբաթաթերթերը:
Մոնիտորինգի ընթացքում դիտարկվելու են Լոռու մարզից մեծամասնական և համամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին և կուսակցություններին առնչվող հրապարակումների կամ հաղորդումների ծավալները, բնույթը:
Հաղորդումները դասակարգվելու են ըստ բնույթի՝ ակնհայտ պատվիրված գովազդի, ակնհայտ հակագովազդի, ենթադրյալ քաղաքական, բայց քողարկված անուղղակի գովազդի և ակնհայտ անկողմնակալ խմբագրական նյութեր: Հաշվի են առնվելու հաղորդման յուրաքանչյուր տեսակին ու թեկնածուին տրամադրված եթերի ժամանակն ու ծավալները:
«Միայն մոնիտորինգի միջոցով կարելի է ուսումնասիրել հեռուստաընկերությունների և թերթերի վարքը նախընտրական քարոզչության շրջանում»,-նշեց Գյումրու «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Իրականացվող մոնիտորինգը նպատակ ունի պարզելու, թե որքանով են նախընտրական քարոզչության ընթացքում հեռուստալիքներն իրենց հաղորդումներում պահպանում «Ընտրական օրենսգրքով» սահմանված ընտրական իրավունքները: Մոնիտորինգի արդյունքները ցույց կտան նաև, թե նախընտրական քարոզչության ընթացքում որքանով է տեղական լրատվամիջոցների կողմից տրամադրվող տեղեկատվությունն անկողմնակալ և օբյեկտիվ:
Դասընթացն իրականացվեց «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական գործունեության պոտենցիալի զարգացում» ծրագրի շրջանակներում՝ Բաց Հասարակության Ինստիտուտի աջակցության հիմնադրամի Երևանի գրասենյակի և Նիդեռլանդների թագավորության դեսպանատան աջակցությամբ: