Հերթական այցելությունը Տավուշի մարզ
00:00, December 24, 2009 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | Թմրամիջոցներ գործածողներ2009 թ-ի դեկտեմբերի 22-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «Իրավական աջակցություն Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերի եւ Երեւանի թմրամիջոց գործածողներին» ծրագրի շրջանակներում այցելություն կատարվեց Տավուշի մարզի Դիլիջան եւ Իջեւան քաղաքներ:
Այցելության նպատակն էր հանդիպել «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Դիլիջանի եւ Իջեւանի ներկայացուցչությունների իրավաբանների, Տավուշի մարզում գործող հանրային պաշտպանների հետ, ծանոթանալ Դիլիջան եւ Իջեւան քաղաքների ընդհանուր իրավասության դատարանների շենքային պայմաններին:
Հանդիպումների ժամանակ ներկայացվեց կազմակերպության կողմից իրականացվող ծրագիրը եւ նրա շրջանակներում իրականացվելիք արդար դատաքննության իրավունքի մոնիթորինգի էությունը: Վերջինս ընդգրկելու է թմրամիջոցների գործածման կամ ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությունների եւ դատաքննությունների ընթացքը:
Դիլիջան եւ Իջեւան քաղաքների ընդհանուր իրավասության դատարաններ այցելության արդյունքում պարզվեց, որ ի տարբերություն Դիլիջանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Իջեւանի ընդհանուր իրավասության դատարանը չունի առանձին մասնաշենք, դատարանի աշխատանքներն իրականացվում են վիճակագրական վարչության մասնաշենքում:
Դիլիջանի ընդհանուր իրավասության դատարանի միջանցքում փակցված էր նշանակված դատական նիստերի ժամանակացույցը, ինչպես նաեւ հայցադիմում, հայցադիմումի պատասխան, հակընդդեմ հայց, ինչպես նաեւ տարբեր միջնորդություններ ներկայացնելու դիմումների օրինակելի ձեւեր: Իջեւանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում դատական նիստերի ժամանակացույցը փակցվեց մեր այցելության ընթացքում միայն:
Հանդիպում կայացավ նաեւ Իջեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի հետ, որը ներկայացրեց ոլորտում առկա խնդիրները:
Հանդիպումների ավարտին «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Դիլիջանի եւ Իջեւանի ներկայացուցչությունների իրավաբանների կազմից ընտրվեցին համապատասխան անձինք, ովքեր հետագայում Տավուշի մարզում իրականացնելու են դատական նիստերի մոնիթորինգ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի եւ վերը նշված կազմակերպությունների իրավաբանների ու հանրային պաշտպանի միջեւ պայմանավորվածություն ձեռքբերվեց հետագա համագործակցության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ «Իրավական աջակցություն Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերի եւ Երեւանի թմրամիջոց գործածողներին» ծրագիրը ֆինանսավորվում է Բաց Հասարակության ինստիտուտի Օժանդակության հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի կողմից: