Հերթական անգամ ազատ տեղաշարժի սահմանափակում Լոռու մարզում
00:00, November 25, 2011 | Նորություններ | Տեղաշարժի ազատություն2011 թ. նոյեմբերի 25-ին կրկին անգամ խախտվում է Լոռու մարզի բնակիչների ազատ տեղաշարժի իրավունքը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և գրասենյակի տեղական ներկայացուցչությունների կողմից իրականացվել է մոնիթորինգ Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր քաղաքներում:
Սպիտակ, Ալավերդի քաղաքներում քաղաքացիները միկրոավտոբուսներով Երեւան գնալու հնարավորություն են ունեցել միայն առավոտյան, որից հետո միկրոավտոբուսներ չեն աշխատել: Սպիտակ քաղաքում միկրոավտոբուսները մեկնել են ոստիկանների ուղեկցությամբ:
Տաշիր քաղաքում միկրոավտոբուսներով Երևան մեկնելու հնարավորություն ընձեռնվել է միայն այն քաղաքացիներին, ովքեր ինքնաթիռի տոմս կամ շտապ բուժօգնություն ստանալու կարիք են ունեցել:
Ի տարբերություն Սպիտակ, Ալավերդի և Տաշիր քաղաքների, Ստեփանավանի բնակիչները ամբողջ օրն են զրկված եղել միկրոավտոբուսներ Երևան գնալու հնարավորությունից:
Լոռու մարզի քաղաքներից միայն Վանաձորում են միկրոավտոբուսներն աշխատել ամբողջ օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ այսօր՝ 2011 թ. նոյեմբերի 25-ին, Հայ ազգային կոնգրեսը Ազատության հրապարակում հրավիրել է հանրահավաքի և երթի: