Հին գործելաոճ` նոր ընտրություններից առաջ
00:00, April 14, 2009 | Նորություններ | Ընտրական իրավունքԵրեկ տեղեկություն ստացանք, որ մոտ 10 օր առաջ խուզարկություններ են իրականացվել Գյումրիում, Վանաձորում բնակվող ընդդիմության ակտիվիստներից շատերի բնակարաններում:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը մեզ փոխանցեց, որ մասնավորապես Վանաձորում խուզարկություններն իրականացվում են` հղում անելով ստացված «օպերատիվ-հետախուզական տվյալներին», ըստ որոնց` իբր տվյալ քաղաքացու բնակարանում պահվում են գողացված իրեր: Մեզ հաջողվեց պարզել խուզարկության ենթարկված քաղաքացիներից միայն երկուսի անունները` Սասուն Սեյրանյան (նա որսորդմիության անդամ է) եւ Հրայր Հարությունյան (պաշտոնաթող փոխգնդապետ, ով արցախյան պատերազմի ժամանակ եղել է «Վանաձոր» ջոկատի անդամ, այժմ էլ դպրոցում ռազմագիտություն է դասավանդում):
Ա.Սաքունցի գնահատմամբ` «նման միջոցառումներն իրականացվում են հատուկ պրոֆիլակտիկ նպատակներով եւ ուղղված են կոնկրետ անձանց դեմ, «ովքեր իշխանությունների ընկալմամբ անբարեհույս են եւ պետք եղած ժամանակ չեն կատարի իրենց հրահանգները»: Իրավապաշտպանը նշեց նաեւ, որ առաջնորդվելով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի համապատասխան դրույթով` երեք ամիսը լրանալուց հետո իրենց կազմակերպությունը պատրաստվում է դիմել հետաքննչական մարմիններին` պահանջելով իրենց տրամադրել այն օպերատիվ-հետախուզական տվյալները, որոնց հիման վրա կատարվել են նշված հետախուզական աշխատանքները: «Մեր նպատակը պարզելն է, թե որքանո՞վ են այդ տվյալները հիմնավոր, քանի որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքը կարող է կիրառվել ռեպրեսիվ նպատակներով, ու ելնելով ինչ-ինչ օպերատիվ տվյալներից` քննչական մարմինները կարող են գալ ու խուզարկություն իրականացնել մեզանից ցանկացածի բնակարանում»: Սաքունցը նշեց նաեւ, որ նմանատիպ խուզարկությունները Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին ընդառաջ գործի դրվող ռեպրեսիվ մեթոդներ են, որոնց նպատակը ընտրությունների ժամանակ քաղաքացիների հնարավոր ակտիվությունը ճնշելն է:
ԱՂԲՅՈՒՐԸ` http://www.zhamanak.com/news/6981/