ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքը
00:00, October 24, 2011 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Տեղաշարժի ազատություն | Ոստիկանություն2011 թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի բողոքը, որով կազմակերպությունը պահանջում էր բեկանել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքն ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչի՝ 2011 թ. մայիսի 3-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ:
2011 թ. փետրվարի 15-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Վանաձոր-Երեւան ճանապարհի Վանաձորի մուտքի մոտ՝ մինչեւ Վանաձոր-Ստեփանավան խաչմերուկի մոտ 1 կմ հատվածում, ճանապարհը ոստիկանների կողմից փակվել, եւ մոտ 1 ժամ ամբողջ երթեւեկությունը դադարեցված է եղել:
Դատարանը ոստիկանության աշխատակիցների գործողություններն իրավաչափ է որակել՝ նշելով, որ դրանք ուղղված են եղել քաղաքացիների անվտանգության եւ անխափան երթեւեկության ապահովմանը: