ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ Վանաձորի քաղաքապետի
10:03, October 20, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք2012 թ. հոկտմբերի 19-ին, ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրում կայացավ նախնական դատական նիստ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ Վանաձորի քաղաքապետի:
Կազմակերպությունը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել Վանաձորի քաղաքապետի գործողությունները (անգործությունը)՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակում տեղի ունենալիք ադրբեջանական ֆիլմերի փառատոնին հրատապ արձագանքնելու նպատակով ՀՀ երկրապահ կամավորականների միության Վանաձորի քաղաքային բաժանմունքի նախագահի կողմից կազմակերպված հավաքի վերաբերյալ:
Դատական նիստը նախագահում էր դատավոր Ա. Ալավերդյանը, նիստին մասնակցում էր հայցվորի ներկայացուցիչ Կարեն Թումանյանը: Պատասխանող կողմը դատական նիստին չէր ներկայացել:
Նիստի ընթացքում Կարեն Թումանյանը ներկայացրեց միջնորդություններ: Առաջին միջնորդությամբ պահանջեց դատարան որպես վկա հրավիրել ՀՀ երկրապահ կամավորականների միության Վանաձորի քաղաքային բաժանմունքի նախագահ Ռ. Մադարյանին՝ «Շտապ» հավաքի և երթի վերաբերյալ պարզաբանումներ տալու համար: Դատարանը բավարարեց միջնորդությունը:
Կ. Թումանյանը միջնորդեց նաև դատարան ներկայացնել 2012 թ. ապրիլի 16-ին Վանաձորի քաղաքապետարան մուտք արված դիմումի և գրանցամատյանի բնօրինակը, ինչպես նաև քաղաքապետի կողմից ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Ա. Համբարյանին ուղղված գրության և ելքի մատյանի բնօրինակը: Միջնորդության նպատակն էր՝ պարզել թե մեկ ժամվա ընթացքում ինչ գործողություններով է այդ գրությունը հասել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչություն:
Դատարանը որոշեց, որպեսզի Վանաձորի քաղաքապետարանը դատարան ներկայացնի Ռ. Մադարյանի դիմումի հիման վրա իրականացված վարչարարության փաստաթղթերը:
Իսկ ինչ վերաբերում էր մուտքի և ելքի գրանցամատյանների բնօրինակներին, դատարանը մերժեց միջնորդությունը, նշելով որ նման պահանջ դրված չէ հայցի հիմքում:
Դատական նիստը հետաձգվեց՝ հայցվորի ներկայացուցչի կողմից հայցի հիմքը և առարկան փոխելու համար:
Դատարանը նիստի վերջում անդրադարձավ նաև քաղաքապետարանի ներկայացուցչի բացակայությանը և պահանջեց ապահովել քաղաքապետարանի ներկայացուցչի պարտադիր մասնակցությունը դատական նիստերին:
Գործով նախորդ հոդվածը՝ http://archive.hcav.am/events/վիճարկվում-է-քաղաքապետի-անգործությո