Մամլո հաղորդագրություն
00:00, September 18, 20072007 թ. սեպտեմբերին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը նախատեսում է մարդու իրավունքների մոնիտորինգ իրականացնել Վանաձորի մանկատանը, ծերանոցում և հոգենյարդաբանական դիսպանսերում:
Մոնիտորինգը նպատակ ունի պարզելու մարդու իրավունքների վիճակն այդ հաստատություններում, և աջակցել իրականացվող բարեփոխումներին:
Մոնիտորինգի իրականացման համար ձևավորվել է աշխատանքային 3 խումբ՝ յուրաքանչյուր խմբում 6 մարդ:
Մոնիտորինգ իրականացնողները վերապատրաստվել են հուլիսի 19-ից 26-ը «Լոռի» հանգստյան տանը կայացած «Մարդու իրավունքների մոնիտորինգ» թեմայով հատուկ դասընթացի ժամանակ: Որպես ուսուցանողներ դասընթացին ներգրավվել են
Ագնեշկա Կլոսովսկան և Զենոն Կոլոդզեյը Լեհաստանի Մարդու Իրավունքների Հելսինկյան Ֆոնդից:
Դասընթացի ընթացքում մասնակիցները փորձագետների օգնությամբ յուրաքանչույուր մոնիտորինգի խմբի համար մշակել են մոնիտորինգի իրականացման պլան, սահմանել նպատակներն ու խնդիրները: Միաժամանակ մանրամասնորեն մշակվել են մոնիտորինգի իրականացման համար անհրաժեշտ գործիքները՝ հարցաթերթիկ, հարցազրույց, ֆոկուսխմբային հարցումներ, դիտարկումներ:
Մոնիտորինգի իրականացման համար կազմակերպությունը համապատասխան կառույցներին ներկայացրել է մոնիտորինգի իրականացման պլանն ու մեթոդները, նպատակն ու խնդիրները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տվել է իր համաձայնությունը մանկատանը մոնիտորինգ իրականացնելու համար, ՀՕՄ-ը՝ Վանաձորի տարեցների տանը մոնիտորինգ իրականացնելու համար, իսկ Առողջապահության նախարարությունը համաձայնության համար լրացուցիչ տեղեկություններ է պահանջել: Կազմակերպությունը ուղարկել է համապատասխան պարզաբանումները և ակնկալում է մոտ ապագայում ստանալ համաձայնությունը և սկսել մոնիտորինգները: