Մարդու իրավունքները բանակում
00:00, February 23, 2011 | Քննարկումներ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր2011 թ. փետվարի 22-ին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գրասենյակի /ԺՄԻԳ/ եւ Գործընկերություն հանուն բաց հասարակության աջակցությամբ Երեւանում տեղի ունեցավ քննարկում զինված ուժերում քաղաքացիական վերահսկողության եւ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, որտեղ ներկայացվեց նաեւ միջազգային լավագույն փորձը:
Հանդիպմանը մասնակցում էին կառավարության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, Գերմանիայից, Իռլանդիայից ռազմական ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր քննարկում էին ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վիճակը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ներկայացրեց անցած տարի բանակում մահվան 42 դեպքի մասին՝ ընդգծելով, որ դեպքերից միայն 10-ի վերաբերյալ է ՊՆ պաշտոնական հաղորդագրություն տարածել, միաժամանակ նշելով, որ մահվան դեպքերի հիմնական մասը կանոնադրական հարաբերությունների խախտման հետեւանք են: «Մենք ընկնում ենք տարբեր համայնքներ, որ բանակում գրանցված դեպքերի մասին տեղեկատվություն հայթայթենք»,- ասում է Արթուր Սաքունցը՝ ավելացնելով, որ լավ չէ, երբ միայն տուժող կողմից ստացած տեղեկատվության վրա է հասարակությունը կարծիք և վերաբերմունք ձևավորում։
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը ներկայացրերց այս բնագավառում օրենսդրական նախաձեռնությունները՝ ընդգծելով, որ ներկայումս մշակվում է ՀՀ Զինված ուժերում կարգապահական կանոնագիրը եւ կարեւորեց ՀՀ-ում զինվորական օմբուդսմենի ինստիտուտի ներդրումը:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսն ընդգծեց զինված ուժերի կարեւոր դերը երկրի անվտանգության ապահովման մեջ:
Արձագանքելով հնչեցված տեսակետներին` «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի» հայկական մասնաճյուղի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը իր խոսքում, մասնավորապես, ասաց.- «42 զոհ, 18-20 տարեկան: Ես գտնում եմ, որ կա ընդամենը մեկ հարց` դա մարդկային կյանքն է: Մնացած ցանկացած բացատրություն, հասկացություններ, կոչեր կառուցողական աշխատանքի` դրանք կարող են լինել ածանցյալ, հնարավոր միջոցներ»:
Ըստ Սաքունցի՝ ՀՀ Զինված ուժերի առջև ծառացած հիմնական մարտահրավերները 3-ն են՝ բանակը պետք է զերծ մնա քաղաքականությունից և չօգտագործվի քաղաքական նպատակներով, բանակը պետք է անվտանգ լինի իր ներսում ծառայողների համար, բանակը չպետք է դառնա կոռուպցիայի կամ եկամուտի աղբյուր ուսադիր կրողների համար։ Խոսելով ԶՈւ նկատմամբ քաղաքացիական վերահսկողության մասին՝ Սաքունցը նկատում է, որ համակարգը փակ է, «գաղտնիքները շատ են», և հասարակությունը իրազեկված չէ ԶՈւ համակարգում կատարվող ոչ մի գործընթացից, որը հակասում է ժողովրդավարության չափանիշներին։
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու փաստաբանները, որոնք ներգրավված են կոնկրետ գործերում ներկայացրերին ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների խախտումներ, ընդգծեցին համապատասխան հետաքննության բացակայությունը եւ այն փաստը, որ շատ դեպքերում պաշտպանության նախարարությունը չի տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն եւ չի տարածում տեղեկատվություն մահվան դեպքերի առնչությամբ:
«Անհրաժեշտ է անհանդուրժող լինել բանակում բռնությունների, սպանությունների ու ինքնասպանությունների նկատմամբ», ասաց ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, ռազմական հարցերով փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը: