Մարդու իրավունքների այգու հարցը Վանաձորի ավագանու նիստի օրակարգում
10:07, June 29, 2012 | Մամլո հաղորդագրություններ2012 թ. հունիսի 29-ին Վանաձորի քաղաքապետարանում տեղի ունեցավ ավագանու նիստ: Տասնչորս ավագանիներից նիստին մասնակցում էին ինը: Նիստի օրակարգի նախնական տարբերակում ընդգրկված էր 9 հարց, սակայն ընթացքում 3 հարց ևս ավելացվեց:
Օրակարգի հարցերից մեկը վերաբերում էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակին Տարոն 4 թաղամասում մարդու իրավունքների այգի կառուցելու համար 5785 քառ. մ մակերեսով հողամաս տրամադրելուն:
Մինչ Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Տիգրան Պապանյանը կներկայացներ կազմակերպության կողմից ներկայացված դիմումը, Գայանե Քալաթարյանը փորձեց ճշտել, թե ում կողմից է ֆինանսավորվելու ծրագիրը, նա մտահոգություն հայտնեց, թե արդյոք այն չի ֆինանսավորվելու աղանդավորական կազմակերպությունների կողմից:
Տիգրան Պապանյանը ներկայացրեց, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է տարածք տրամադրելու համար և անդրադառնալով տիկին Քալանթարյանի հարցին՝ նշեց, որ ինքը իրավունք չունի այգու կառուցապատման ֆինանսական հարցերին միջամտելու: Այնուամենայնիվ Տ. Պապանյանը տեղեկացրեց, որ այգու կառուցապատման համար կազմակերպությունը գրանտային ծրագիր ունի: Նա նաև տեղեկացրեց, որ հասարակական կազմակերպությունների օրենդրության պահանջների համաձայն, հասարակական կազմակերպությունները կարող են շահագործել տարածքը առանց որևէ շահույթի ակնկալիք ունելու:
Հարցի վերաբերյալ Սամվել Դարբինյանի կարծիքը միանշանակ էր: Նա պնդեց, որ Տարոն 4 թաղամասում ոչ մի հանգստի գոտի չկա, ուստի անպայման պետք է տարածք տրամադրել այգի կառուցելու համար:
Տ. Պապանյանը նշեց, որ կազմակերպության կողմից նույնիսկ մեկ անգամ ծառատունկ է կազմակերպվել այգու տարածքում:
Այնուհետև Ս. Դարբինյանը կարգադրեց, ըստ տարիների, հոդվածավորված նշել, թե ինչ աշխատանքներ են կատարվելու: Ըստ նրա՝ նախ պետք է իրարից առանձնացնել կանաչ տարածքները և ճանապարհները՝ գլխավոր հատակագծի համաձայն, որից հետո լուծել լուսավորման, կանաչ տարածքների ստեղծման, նստարանների և երեխաների համար հետաքրքիր խաղասարքերի տեղադրման խնդիրները: Քաղաքապետը նշեց, որ պայմանագիրը կարող է կնքվել միայն եթե այս հարցերը հստակ արծածված լինեն պայմանագրում:
Ս. Դարբինյանը նաև առաջարկեց պայմանագիրը և որոշման բոլոր կետերը նախքան պայմանագրի կնքելը ներկայացնել ավագանուն:
Հարցը դրվեց քվեարկության, արձանագրվեց կողմ քվեարկած՝ յոթ, դեմ՝ մեկ և ձեռնպահ մեկ ձայն: