Մեզ հիշում են ընտրություններին
00:00, June 7, 2006 | Նորություններ | Ընտրական իրավունք, Մտքի, խղճի և կրոնի ազատությունՅոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցին անցյալ տարի տոնեց իր հարյուրամյակը: Հայաստանյան կրոնական կազմակերպությունների շարքում թերևս սա այն եկեղեցիներից մեկն է, որն ունի փոքրաքանակ համայնք ու հասարակությունում ինտեգրվելու խնդիրներ:
150 մարդ է դավանում այս եկեղեցու գաղափարախոսությանը, որոնք ընդգրկված են եկեղեցու 19 ընկերություններում: Ադվենտիստների հիմնական խնդիրը կապված է շաբաթ օրը «սուրբ» պահելու հետ: Նրանց անդամներին աշխատանքի չեն ընդունում այն բանի համար, որ շաբաթ օրը չեն կարող աշխատել: Շաբաթը ադվենտիստները նվիրում են Աստծուն ու Ավետարանը քարոզելուն: Աշխատող անդամներն էլ հաճախ ստիպված են լինում լքել աշխատավայրն ու փնտրել այնպիսի աշխատանք, որտեղ կհամաձայնեն շաբաթ օրը հայտարարել հանգստյան օր: Եկեղեցու վարչական կենտրոնի նախագահ, հովիվ Վիգեն Խաչատրյանը պատմում է, թե շաբաթ օրվա խնդիրը պետական մակարդակով ի վիճակի չեն լուծել: «Ասում են փորձեք տեղի մակարդակով լուծել հարցը, այսինքն՝ հարցը թողնում են անձնական հարաբերությունների վրա»,-ասում է եկեղեցու հովիվը, ում կրոնական կազմակերպությունն այս խնդրին ավելի շատ առնչվում է դպրոցներում: Նա պատմում է, թե ինչպես Սյունիքի մարզի Ախլաթյան գյուղի դպրոցում աշխատանքից զրկվել են միանգամից 7 ադվենտիստ ուսուցիչներ: Միաժամանակ նշում է, թե դպրոցի պարագայում այս խնդիրն այնպես է լուծվում, որ թվում է, թե որևէ օրենք չի խախտվում:
«Ստեղծում են այնպիսի պայմաններ, որ ուսուցիչն ինքը դուրս գա աշխատանքից»,-բացատրում է Վիգեն Խաչատրյանը: Եկեղեցու գործունեության խոչընդոտներից մեկն էլ տարբեր միջոցառումների կազմակերպման ժամանակ տարբեր գերատեսչությունների կողմից տարածքներ չստանալն է: Հիմնականում մերժում են ստանում տարբեր պատճառաբանություններով, որոնց հիմքում ընկած է այն վերաբերմունքը, թե «եթե չես պատկանում ավանդական եկեղեցուն, քեզ համար խոչընդոտներ կստեղծվեն»: Վիգեն Խաչատրյանը կարծում է, որ հասարակությունում թյուր մոտեցում կա կրոնական կազմակերպությունների նկատմամբ և հարկավոր է այն փոփոխել հասարակական գործընթացներին ակտիվ մասնակցելու միջոցով: Մինչդեռ նրանց առջև ավելի շատ դռները փակվում են: Նույնիսկ սեփական նախաձեռնությունները, որոնք ամենևին էլ կրոնական բնութ չեն ունենում, մերժվում են տեղական իշխանությունների կամ էլ կազմակերպությունների կողմից: Վիգեն Խաչատրյանը դա պայմանավորում է նրանով, որ տարօրինակ մտավախություն կա, թե մարդիկ կսկսեն հարգել իրենց: Հասարակության մեջ կարծրացած վերաբերմունքը փոփոխելու համար Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցին մտադրություն ունի թերթ տպագրել, լրատվամիջոցների միջոցով իրազեկման աշխատանքներ ծավալել: Վիգեն Խաչատրյանը երկու գործոն է առանձնանցում, որոնք խանգարում են հասարակությունում ինտեգրման գործընթացին: Առաջինը կազմակերպության առջև ծառացած խնդիրներն են, երկրորդը՝ միշտ մերժվելու մտավախությունը:
Վիգեն Խաչատրյանը պատրաստ է ցանկացած օգտակար թեմայի շուրջ քննարկումներ ծավալել, համագործակցություն ձևավորել հասարակական կազմակերպությունների հետ մասնակցել հասարակական կյանքի տարբեր ոլորտների զարգացմանը:
Մինչդեռ առայժմ սահմանափակվում են կրոնական այլ կազմակերպությունների հետ համագործակցության մի քանի դեպքերով, որոնք հիմնականում փոքրամասնությունների խնդիրներին են առնչվել:
Կարևորում են բարեգործությունը, որն իրականացվում է երկու ասպեկտով: Մեկն առնչվում է սոցիալական ոլորտին, մյուսը՝ առողջապահական: Եկեղեցու «Այծեմնիկ» անունը կրող սոցիալական բաժինը կարիքավորներին նյութական օգնություն է բաժանում, այցելում մանկատներ, ծերանոցներ, իրականացնում սոցիալական տարբեր ծրագրեր: Առողջապահական բաժինը զբաղվում է ընտանիքի առղջապահական խնդիրներին, նպաստում ընտանիքների ամրության պահպանմանը:
Ինչպես կրոնական այլ կազմակերպությունները, ադվենտիստները ևս չեզոք են քաղաքականության նկատմամբ: Չնայած մասնակցում են քաղաքական ընտրություններին, բայց խուսափում են խառնվել քաղաքական գործընթացներին: «Հիսուս Քրիստոսը չի խառնվել քաղաքական գործընթացներին: Մենք դա չենք ողջունում»,-Ավետարանն է մեջբերում Վիգեն Խաչատրյանը, որը քաղաքականության տեսակետից դրական է գնահատում ժողովրդավարությունը: Նա ասում է, որ իրենք, ճիշտ է, չեն մասնակցում քաղաքականությանը, բայց աջակցում են ժողովրդավարական գործընթացներին և պատրաստ են ընտրել այն թեկնածուին կամ կուսակցությանը, որոնք ևս համարվում են ժողովրդավարության ջատագով: Ադվենտիստներին սովորաբար հիշում են ընտրություններից ընտրություն, երբ այս կամ այն թեկնածուն այցելում է կազմակերպություն, խոստումներ տալիս, առաջարկություններ անում: Բայց քաղաքական հարցեր կազմակերպության ներսում չեն քննարկվում ու յուրաքանչյուր անդամ ազատ է իր ընտրության մեջ:
Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցին Աստծո խոսքը տարածում է քարոզների, տնային այցելություների միջոցով: Բայց, ինչպես կրոնական կազմակերպությունների մեծ մասը, անծանոթներին չի այցելում: