Նախընտրական քարոզչության մոնիթորինգ
00:00, March 19, 2007 | Ընտրական իրավունքՄարտի 18-ին Վանաձորում կայացավ «Նախընտրական քարոզչության մոնիտորինգ» դասընթացը: Դասընթացին մասնակցում էին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի 16 նորընտիր կամավորները:
Նախատեսվում է, որ սեմինարից հետո մասնակիցները Լոռու մարզի Սպիտակ, Տաշիր, Ստեփանավան, Ալավերդի և Վանաձոր քաղաքներում իրականացնելու են նախընտրական քարոզչության մոնիտորինգ:
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» կազմակերպության խորհրդի անդամ Վարուժան Հովտանյանը մասնակիցներին ծանոթացրեց Խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցող կուսակցությունների /կուսակցությունների դաշինքների/ նախընտրական հիմնադրամների, այդ հիմնադրամներով կատարվող մուտքերի և ծախսերի, ինչպես նաև քարոզչության ժամանակ վարչական ռեսուրսների չարաշահման կանխարգելման օրենսդրական կարգավորումները:
Ըստ Ընտրական օրենսգրքի 25 հոդվածի խորհրդարանական ընտրությունների մասնակցող կուսակցությունները իրենց նախընտրական քարոզչությունը ֆինանսավորելու համար իրավունք ունեն ձևավորելու նախընտրական հիմնադրամ, որի միջոցները հավաքվում են ՀՀ Կենտրոնական բանկում: Նախընտրական քարոզչության համար միջոցները պետք է օգտագործվեն միայն նախընտրական հիմնադրամից:
Խորհրդարանական ընտությունների մասնակիցների համար պետք է լինեն հավասար պայմաններ և հավասար սակագներ: Համաձայն Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքի ընտրությունների քարոզչության ժամանակաշրջանում հեռուստառադիոընկերությունները հրապարակավ հայտնում են վճարովի քաղաքական գովազդի և քարոզչական այլ հաղորդումների՝ իրենց եթերային արժեքը: Հեռուստատեսությամբ այդ հաղորդումների սփռումը պետք է ուղեկցվի էկրանի վրա «քաղաքական գովազդ» կամ «նախընտրական քարոզչական հաղորդում» տեքստերով:
Նախընտրական քարոզչության ժամանակ վարչական ռեսուրսի չարաշահումը կանխարգելելուն ուղղված հիմնական դրույթները ներառված են Ընտրական օրենսգրքի Գլուխ 4-ում:
Մասնավորապես, արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև դրանց աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս, և սահմանադրական դատարանի անդամներին, դատավորներին, ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության, դատախազության մարմինների աշխատակիցներին, զինծառայողներին, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամներին:
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» կազմակերպության փորձագետ Վախթանգ Սիրադեղյանը ներկայացրեց նախընտրական քարոզչության մոնիտորինգի մեթոդները:
Մոնիտորինգն իր մեջ կընդգրկի նախընտրական հիմնադրամներին, այդ հիմնադրամներով կատարվող ծախսերին և մուտքերին, նախընտրական քարոզչության ժամանակ և ընտրությունների ֆինանսավորման հարցերում վարչական ռեսուրսների չարաշահման կանխարգելմանը վերաբերվող մի շարք հարցեր:
Մասնակիցները նախընրական քարոզչության յուրաքանչյուր օրվա համար համապատասխան նշումներ են անելու հատուկ մշակված թերթիկներում:
Դասընթացն իրականացվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական գործունեության պոտենցիալի զարգացում» ծրագրի շրջանակներում՝ Բաց Հասարակության Ինստիտուտի աջակցության հիմնադրամի Երեվանի գրասենյակի և Նիդեռլանդների թագավորության դեսպանատան աջակցությամբ: