Նվազագույնը՝ 2 ամիս կալանք
00:00, November 3, 2007 | Թմրամիջոցներ գործածողներ2007թ նոյեմբերի 2-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը մեղավոր ճանաչեց վանաձորցի Ռոբերտ Անտոնյանին՝ 14.5 գրամ չչորացված քաշով վայրի աճած կանեփի թփի գլխիկները ապօրինի կերպով ձեռք բերելու և իր մոտ պահելու համար:
Դատաքննությունը՝ /պաշտոնական տվյալներ/
Ռ. Անտոնյանի դատաքննությունը նշանակվել էր 2007թ. հոկտեմբերի 30-ին: Առաջին նիստը հետաձգվել է մինչև նոյեմբերի 2-ը, քանի որ դատավորը որոշել է գործով հանրային պաշտպան ներգրավել:
Նոյեմբերի 2-ի դռնբաց դատական նիստում Լոռու մարզի դատախազությունը պնդեց իր մեղադրանքը, որ Ռ. Անտոնյանը 2007թ.-ի հուլիսի 20-ին առանց իրացնելու նպատակի ապօրինի կերպով ձեռք է բերել 14.5 գրամ չչորացված քաշով վայրի աճած կանեփի թփի 4 գլխիկներ:
Ամբաստանյալ Ռ. Անտոնյանը ընդունեց, որ նշված օրը աշխատանքից տուն վերադառնալիս ճանապարհին աճած վայրի կանեփի թփեր է հավաքել: Ռ. Անտոնյանը բացատրեց, որ կանեփի թփերը ձեռք է բերել բացառապես իր արու ճագարին կերակրելու համար:
Մեղադրող կողմը միջնորդեց որպես պատիժ սահմանել 6 ամիս ազատազրկումը: Հանրային պաշտպանի միջնորդությամբ, ինչպես նաև հաշվի առնելով Ռ. Ա.-ի դրական բնութագրերը, և որ նա հանդիսանում է ընտանիքի միակ կերակրողը, դատավորը վճռեց Ռ. Ա.-ին դատապարտել 2 ամիս կալանքի եւ հենց դատարանի դահլիճում վերցվեց կալանքի տակ :
Ռ.Ա.-ն դատարանի դահլիճում հրաժարվեց բողոքարկել դատարանի վճիռը:
Դատաքննության ընթացքի խախտումներ /ըստ մեր դիտարկումների/
Դատաքննության ընթացքում դատարանը ուսումնասիրեց փաստաթղթեր, որոնց առնչությամբ փաստացի գործողություններ չեն իրականացվել: Մասնավորապես Ռ. Անտոնյանի բնակարանում խուզարկություն չի իրականացվել, սակայն մեղադրող կողմը ներկայացրեց բնակարանի խուզարկության փաստաթուղթ:
Դատարանի դահլիճում ոստիկանության աշխատակիցը հայտարարեց, որ նախաքննության ընթացքում որպես վկա չի հարցաքննվել, մինչդեռ դատավորի ձեռքին կար համապատասխան փաստաթուղթ:
Նախաքննություն /պաշտոնական տվյալներ/
2007թ.-ի հուլիսի 20-ին աշխատանքից տուն գնալիս Ռ. Անտոնյանը ճանապարհին աճած վայրի կանեփի թփեր է քաղել: Նույն պահին նրան են մոտեցել քաղաքացիական հագուստով ՀՀ Լոռու մարզի ոստիկանության բաժանմունքի 2 աշխատակիցները:
Ռ. Անտոնյանի ձեռքին հայտնաբերելով կանեփի թփերը՝ նրան բերման են ենթարկել ՀՀ Լոռու մարզի ոստիկանության Բազումի բաժանմունք: Բաժանմունքում վերցրել են Ռ.Ա.-ից մատնահետքերը, այնուհետև մոտ 2 ժամ Ռ. Ա.-ն բացատրություններ է տվել:
Նա բազմիցս նշել է, որ վերոհիշյալ «խոտը» ձեռք է բերել իր արու ճագարին կերակրելու համար: Ոստիկանության աշխատակիցները ծիծաղել են, բայց չեն արձանագրել այս փաստը: Ռ. Անտոնյանը բաժանմունքում պահանջել է նաեւ իր օրգանիզմում թմրանյութի առկայության փորձաքննություն, սակայն նրա պահանջը հաշվի չեն առել:
Բացատրություններ տալիս սենյակում միաժամանակ գտնվել են 6 աշխատակից, որոնք հրավիրել են 2 ընթերական: Վերջիններիս ներկայությամբ Ռ. Ա.-ն գրպանից հանել է կանեփի 4 գլխիկները, ոստիկանության հատուկ աշխատակիցը կշռել է զանգվածը:
Ռ. Նտոնյանի նկատմաբ հարուցվել է քրեկան գործ՝ ՀՀ «Քրեական օրենսգրքի» 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքել:
Նախաքննության ընթացքի խախտումներ /ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակին Ռ. Անտոնյանի կողմից հայտնած տեղեկատվության/
Ոստիկանության աշխատակիցները, առանց որևէ բացատրության, Ռ. Անտոնյանին բերման են ներկայացրել ՀՀ Լոռու մարզի ոստիկանության Բազումի բաժանմունք:
Միայն արդեն ճանապարհին, մեքենայի մեջ ոստիկանության աշխատակիցները տեղեկացրել, որ իրենք ոստիկանության աշխատակիցներ են, պահանջել են Ռ.Ա.-ից հավաքած վայրի կանեփի 4 գլխիկը դնել գրպանը և ասել, որ Ռ.Ա.-ին բերման են ենթարկում, քանի որ նրա ձեռքին հայտնաբերել են կանեփի թփեր:
Ըստ Ռ. Անտոնյանի՝ բաժանմունքում իրեն
նախապես չեն ներկայացրել իր իրավունքներն ու պարտականությունները, մասնավորապես՝ որ անվճար փաստաբանի ծառայություններից օգտվելու և առարկություն գրելու իրավունք ունի:
Բացատրություններ տալիս ոստիկանության աշխատակիցները նրա նկատմամաբ հոգեբանական ճնշումներ են գործադրել և սպառնացել:
Նույնը վկայել է Ռ. Անտոնյանի որդին, որը ոստիկանների պահանջով հոր անձնագիրը ներկայացրել է բաժանմունք: « 20 րոպե դրսում ՝ պատուհանի տակ,կանգնած լսում էի, թե ինչպես են բղավում, հայհոյում հորս: Ասում էին ՝ ստորագրի, որ տուն գնաս, քո համար ենք ասում, քո երեխեքի համար ենք ասում, և այլն: Հայրս էլ երկար ժամանակ չէր ստորագրում, ասում էր՝ եթե ես էդպիսի բան չեմ արել, ո՞նց ստորագրեմ»:
Բացատրություններ տալիս սենյակում միաժամանակ գտնվել են 6 աշխատակից:
Մինչ ընթերականների ներակյությամբ կանեփը գրպանից հանելը մի քանի անգամ արդեն ոստիկանության աշխատակիցների պահանջով կանեփի գլխիկները Ռ. Անտոնյանը հանել և նորից գրպանն է դրել:
Ամբողջ ընթացքում կշեռքը Ռ.Անտոնյանից և ընթերականներից մոտ 1.5 մետր հեռավորության վրա է գտնվել: Նրանք հնարավորություն չեն ունեցել տեսնելու կշռելու ընթացքը և արդյունքը:
Այնուամենայնիվ, ընթերականներին խնդրել են ստորագրել, որ նրանց ներկայությամբ առգրավվել է 14.5 գրամ չչորացված վայրի կանեփ: Ոստիկանության հատուկ աշխատակիցը կշռել է զանգվածը, սկզբում հայտարարել, որ այն 8,6 գրամ է, հետո մեկ ալ աշխատակից մոտեցել է կշեռքին, ձեռք տվել,ինչ-որ կշռաքարեր ավելացրել և հետո հայտարարել, որ զանգավածը 14.5 գրամ է:
Ընթերականների հեռանալուց հետո Ռ. Անտոնյանը մոտ 40 րոպե մնացել է բաժանմունքում:
Ոստիկանության աշխատակիցները պահանջել են, որ Ռ. Անտոնյանը ևս ստորագրի: Վերջինս հրաժարվել է, ասելով, թե ես չեմ կարողանում կարդալ ու չգիտեմ ինչ է գրված, ինչպե՞ս ստորագրեմ:
Այս ժամանակ է, որ ոստիկանության աշխատակիցները հայհոյել են, անպատվել ու սպառնացել Ռ. Անտոնյանին: «Եթե չստորագրես, տուն չես գնա»: Վախեցած ու շփոթված Ռ. Անտոնյանը ստորագրել է ոստիկանության աշխատակիցների տված բոլոր փաստաթղթերը, որից հետո վերցրել են նրան անձնագիրն ու նրան բաց թողել:
2-3 օր հետո ժամը՝ 14:00-ի սահմաններում, առանց պատճառների մասին տեղեկացնելու, ոստիկանության աշխատակիցները Ռ. Անտոնյանին նորից հրավիրել են ոստիկանության բաժանմունք: Նորից հարցեր են տվել:
Ռ.Անտոնյանը նկատել է, որ աշխատակիցներից մեկի ձեռքին թուղթ ու գրիչ կա և նա գաղտնի ինչ-որ բան է գրում: Զրուցել են մոտ 15 րոպե և Ռ.Անտոնյանը տուն է գնացել: Այդ օրը նա ոչինչ չի ստորագրել :
2007թ-ի օգոստոսի 26-ին, Լոռու մարզի դատախազի սպանությունից հետո, Ռ. Անտոնյանին առավոտյան ժամը 10:00-ին կրկին հրավիրել են ոստիկանություն, պահել այնտեղ մինչև երեկոյան 20:00-ն:
Այդ ընթացքում Ռ. Անտոնյանին միայն 1 անգամ են հարցաքննել՝ պարզելու համար, թե նա ինչ գիտի դատախազի սպանության վերաբերյալ: Որից հետո վերցրել են մեզի փորձանմուշ:
Փորձամնուշի պատասխանի մասին Ռ. Անտոնյանին միայն 5 օր հետո են տեղեկացրել, որտեղ ասվում էր, որ Ռ. Անտոնյանի օրգանիզմում թմրանյութի օգտագործման հետքեր չեն հայտնաբերվել:
Լիլիթ Զարգարյան
Դատաքննության և գործի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59, հեռ. /0322/ 42268, էլ. էջ www.hcav.am