Ոստիկանապետին պետք է ազատել
00:00, April 16, 2010 | Նորություններ | ՈստիկանությունԱպրիլի 13-ին Չարենցավանի ոստիկանությունում բերման ենթարկված, ապա այնտեղ դանակի մահացու վնասվածքներից զոհված 24-ամյա Վահան Խալաֆյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ նրա նկատմամբ կիրառվել է բռնություն։
Հարուցվել է քրեական գործ՝ քր. օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով «ինքնասպանոության հասցնելը»։ Նշենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն, Վահան Խալաֆյանը ինքն իրեն էր հարվածել դանակով։
Սակայն Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հայտնած տեղեկությունները նոր ու կասկածելի հանգամանքներ են ի հայտ բերում։
Իրավապաշտպանը ապրիլի 14-ին՝ դեպքի հաջորդ օրը եղել է Չարենցավան քաղաքում, հանդիպել Վահան Խալաֆյանի հարազատներին, ինչպես նաև նույն օրը գողության կասկածյալի կարգավիճակով տեղի ոստիկանություն բերման ենթարկված տղաներից երկուսի և սպանվածի եղբոր ու ընկերների հետ։
«Վահանի ընկերների հետ գնացինք բերման ենթարկված տղաներից մեկի տուն։ Սկզբում ասացին, որ նա տանը չէ, հետո լսեցին նրա ընկերներից մեկի ձայնն ու ասացին՝ ներս եկեք։ Բոլորը վախեցած էին։ Նորայրը տանն էր՝ անկողնում պառկած, հազիվ էր շարժվում ու խոսում, սթրեսային վիճակ էր, կարծես վերացած լիներ իրականությունից։ Դժվարությամբ ասաց, որ 7 անց կես տարան։ Ինքը նույնիսկ չէր էլ հիշում, թե երբ է տուն եկել։ Ծնողները նշեցին, որ գիշերը երկուս անց կես ոստիկանությունից զանգել են իրենց ու ասել՝ եկեք ձեր տղային տարեք»,- պատմեց Սաքունցը՝ նշելով, որ երիտասարդը խոսելիս մեկ-մեկ դադար էր տալիս, հետո շարունակում, լռում էր, հետո հանկարծ իրեն-իրեն պատմում։
«Երիտասարդը հազիվ հասկացրեց, որ ինքն ուրիշ սենյակում է եղել, բայց կողքի սենյակներից մնացածների ծեծի ձայները լսել է, իսկ ժամը 16։00-ին մոտ, երբ պետի տեղակալ Տոնոյանը եկել է, իրարանցում է սկսվել։ Պատմեց, որ ոստիկանները մեկը մեկին հայհոյում էին, գոռգոռում, ու հանկարծ ձայները դադարեցին։ Մեկ էլ իմանում է, որ Վահանին ուզում են տեղափոխել հիվանդանոց։ Վահանի եղբայրը ներքևում խոսում է Տոնոյանի հետ, ով նրան ասում է՝ եղբայրդ խփեց։ Տղան կարծում է, թե եղբայրը ոստիկաններից մեկին է խփել, դե երևի հարվածել է ձեռքով։ Հարցնում է՝ ո՞ւմ խփեց։ Սա պատասխանում է՝ ինքն իրեն խփեց։ Վահանի եղբայրը մնում է ապշած ու ասում, թե 4-ին 15 պակաս տեսել է եղբորը ու հաց տվել։ Վահանի եղբայրը գնում է հիվանդանոց ու այնտեղ իմանում, որ Վահանն արդեն մահացած է։
Երբ Վահանի եղբայրը՝ Վարդանը հաց է բերած լինում ոստիկանության բաժնում պահվող եղբորը, Վահանը հրավիրում է ոստիկաններին, թե՝ եկեք միասին ուտենք։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինքնասպանություն գործել ցանկացողը հացի է հրավիրում ոստիկաններին։ Այնինչ՝ մինչև Տոնոյանի գալը ամեն ինչ նորմալ ընթացք է ունեցել։ Սա շատ կարևոր պահ է։ Հետո, խոհանոցային դանակի տեղը որտեղի՞ց կարող է իմանալ երիտասարդը»,- տարակուսում է իրավապաշտպանը։
Իրավապաշտպանը փոխանցեց, որ խոսելով Տոնոյանի մասին՝ տեղացիները նշել են՝ նա տեղի ոստիկանության ֆեոդալն է, տեղի նայողը։
Սաքունցի փոխանցմամբ, երբ Նորայրենց տանից դուրս գալիս են եղել, Նորայրը հուզմունքով ասել է. «Վահանին առանց ինձ չթաղեք»։
Այդ օրը գողության կասկածանքով 5 երիտասարդ են բերման ենթարկում ոստիկանություն։ Նրանցից ևս մեկի հետ է զրուցել Արթուր Սաքունցը, ով սակայն անունը, չի հայտնել։ Այդ երիտասարդին տարել են ոստիկանություն, պարզել են, որ նա գողության արձանագրման պահին եղել է գյուղում, սակայն դա ոստիկաններին հետ չի պահել նրանից, որ նրան մինչև երեկոյան ժամը 9-ը պահեն բաժնում։ «Ի՞նչ նպատակ ուներ մոտ 12 ժամ պահելը։ Նա էլ ասաց, որ իրեն ծեծել են»։
Ըստ իրավապաշտպանի, ՀՀ ոստիկանապետի հայտարարությունը դեպքի առթիվ, մեղմ ասած, դեզինֆորմացիա է։
«Ոստիկանապետը պետք է առնվազն այնքան պրոֆեսիոնալ լինի, որ խորամուխ լինի, նոր նման որակումներ տա։ Առանց դատաբժշկական փորձաքննության, առանց դիահերձման նա հայտարարություն է արել։ Այն երիտասարդները, ում ես լսեցի, ասում էին, որ Վահանի դիակի վրա դանակի երկու հետք են տեսել, ոստիկանապետը հաջորդ օրն ասուլիսում ասել է դանակի մեկ հետք կա։ Սա նշանակում է կոծկել հանցագործությունը՝ ապատեղեկատվություն տարածելով։ Նման պահվածքի համար նրան պիտի ազատել աշխատանքից»,- համոզված է Արթուր Սաքունցը։
Հ.Գ. Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ներկայացրած նոր մանրամասների՝ Չարենցավանի ոստիկանության բաժին բերման ենթարկվածների նկատմամբ կիրառված բռնությունների և Վահան Խալաֆյանի մահվան կասկածելի հանգամանքների վերաբերյալ, փորձեցինք տեղեկատվություն ստանալ Ոստիկանության լրատվական ծառայությունից, սակայն մեզ պատասխանեցին, որ պատասխանատու անձանցից որևէ մեկը տեղում չէ։ Ոստիկանությունն, իրոք, այսօր զբաղված է. մեծ շուքով նշում է իր մասնագիտական տոնը։
ԱՂԲՅՈՒՐԸ` http://www.lragir.am/armsrc/country-lrahos34047.html
Ժաննա Ալեքսանյան