Պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն չտրամադրեց
00:00, April 7, 2010 | Հայտարարություններ | Տեղեկատվության եւ խոսքի ազատություն | Զինված ուժեր2010 թ. ապրիլի 7-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը բաց նամակ է ուղղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Բաց նամակ
Հարգելի’ պարոն նախարար,
Մեր կազմակերպությունը դեռևս 2009 թ-ի դեկտեմբերի 15-ին դիմել է Ձեզ՝ ստանալու հետևյալ տեղեկությունը.
2009 թ-ի գարնանային զորակոչի վերաբերյալ. ըստ Լոռու մարզի Թումանյանի, Ստեփանավանի, Տաշիրի, Սպիտակի ու Վանաձորի տարածաշրջանների, ըստ Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան և Բերդ քաղաքների, ըստ Շիրակի մարզի Գյումրիի, Արթիկի, Մարալիկի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջանների.
1. քանի՞ հոգի են ստացել տարկետում և ի՞նչ տևողությամբ
2. քանի՞ հոգի են ստացել տարկետում
ա/ առողջական վիճակի պատճառով
բ/ ընտանեկան դրության բերումով
գ/ ուսումը շարունակելու համար
3. քանի՞ հոգի են դիմել “Այլընտրանքային ծառայության” անցնելու համար
4. քանի՞ զորակոչիկի գործ է ուղարկվել դատախազություն զորակոչից խուսափելու համար:
Հիշեցնեմ, որ այս կապակցությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայց ներկայացրեց ՀՀ վարչական դատարան: ՀՀ վարչական դատարանի 2009 թ-ի հուլիսի 10-ի որոշմամբ տվյալ տեղեկատվությունը համարվեց ենթակա տրամադրման: Այնուամենայնիվ, ի պատասխան մեր կազմակերպության 2009 թ-ի դեկտեմբերի 15-ին ուղարկված հարցման` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի ղեկավարն իր՝ ՊՆ 1305/ԳՇ գրությամբ մերժել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պահանջը՝ համարելով այն ծառայողական գաղտնիք:
2010 թ-ի հունվարի 13-ին մեր կազմակերպությունը վերստին դիմել է Ձեզ նույն խնդրանքով՝ հաշվի առնելով ՀՀ վարչական դատարանի վճիռը: Սակայն, մինչ օրս որևէ պատասխան չի տրվել:
Այսօր՝ 2010 թ-ի ապրիլի 7-ին, հեռախոսազրույցի միջոցով պարզվել է, որ մեր կազմակերպության կողմից Ձեզ ուղարկված նամակը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի ղեկավարի կողմից դրվել է գործերի մեջ և նրան ընթացք չի տրվել:
Հաշվի առնելով նման վերաբերմունքը՝ կարելի է եզրակացնել, որ կա’մ ՀՀ պաշտպանության նախարարությունը չի կատարում ՀՀ վարչական դատարանի որոշումը, կա’մ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի ղեկավարը կայացնում է ինքնուրույն որոշումներ:
Ելնելով վերը նշված հանգամանքներից՝ վերստին դիմում եմ Ձեզ բաց նամակով՝ օրենքով սահմանված տեղեկատվությունը ստանալու հարցով:
Հարգանքներով՝
կազմակերպության նախագահ Ա. Սաքունց