Պատիժ, թե՞ հալածանք. Զինվորն ասում է՝ բռնությունների է ենթարկվում
00:00, July 28, 2008 | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքՎանաձորցի Կարեն Հովսեփյանի զինվորական ծառայությանը մնացել է կես տարի, բայց նա այլևս չի կարող մնալ բանակում ծեծի և վիրավորանքի պատճառով:
19-ամյա վանաձորցին ծառայում է հայկական ուժերի կողմից վերահսկվող Կուբաթլուի զորամասում: Ծառայության մեկուկես տարին հոր՝ Արթուր Հովսեփյանի պատմելով՝ որդին անց է կացրել ճնշումների ու քաշքշուկների պայմաններում:
«Պապ, սենց շարունակվելու դեպքում ինքնասպան եմ լինելու»,- հորն ահազանգել է զինվորը:
Հայրը որդուն հորդորել է համբերել՝ մինչ այդ դիմելով ՀՀ նախագահին ու վարչապետին:
«Որդիս հիմա ծառայում է, և կարող է վտանգվի նրա խաղաղ ծառայությունը, որին մնացել է ընդամենը վեց ամիս»,- պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հուլիսի 3-ին ուղղված բողոք-դիմումում գրել է Հովսեփյանը:
Տղայի կյանքով մտահոգ հայրը, դիմելով ՀՀ նախագահին, որդու անվտանգ ծառայության համար խնդրել է նրան տեղափոխել Վանաձորի ցանկացած զորամասերից մեկը:
Ի պատասխան Սերժ Սարգսյանին ուղղված դիմումի հայրն անցած շաբաթ հանդիպել է նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանի հետ: Նրան պատմել է որդու նկատմամբ հրամանատարության ցուցաբերած վերաբերմունքի մասին և հանձնել կաշառքի մասին վկայող ձայնագրություն: Հարությունյանը հանձնարարել է իր ենթականերին ուսումնասիրել կատարվածը և ձայնագրության արժանահավատությունը:
Հովսեփյանը պնդում է, որ ձայնագրությունում իրենից 700 դոլար (217.000 դրամ) կաշառք պահանջողը Ռազմական ոստիկանության որիսի բաժանմունքի պետի տեղակալ Վանիկ Մանասյանն է: Գումարը նա պահանջել է, որպեսզի մարտին զորամասում մի քանի զինվորների հետ վիճաբանության ու ծեծկռտուքի համար զինվոր Հովսեփյանի նկատմամբ քրեական գործ չհարուցվի:
«Բայց որդիս արդեն պատժվել է անկարգության համար կալանքով, ինչի՞ պետք է նրա դեմ քրեական գործ հարուցվի»,- Մանասյանի հետ հեռախոսազրույցում հարցրել է հայրը:
Պահանջվող կաշառքի գումարը Հովսեփյանը չունի, ուստի ձայնագրել է խոսակցությունը ու այն ուղարկել ռազմական ոստիկանության որիսի բաժանմունքից մինչև ՀՀ նախագահի վերահսկողական ծառայություն:
Ռազմական ոստիկանության Կապանի կայազորային բաժնի պետ Աշոտ Վանյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ կատարվածի վերաբերյալ՝ խոստանալով խոսել միայն պաշտպանության նախարարի գրավոր թույլտվության դեպքում:
Վանյանը հրաժարվեց հաստատել կամ հերքել խոսակցությունները, թե իր ենթական՝ Մանասյանը, սեփական նախաձեռնությամբ ազատվել է աշխատանքից և այդ համակարգում ծառայությունից, որպեսզի նրա դեմ քրեական գործ չհարուցվի:
Վանաձորցի զինվորի հոր բողոքը սրանով չի ավարտվում: ՀՀ գլխավոր ռազմական տեսուչին նա տեղեկացրել է նաև Կուբաթլուի զորամասի հրամանատար Ֆելիքս Պողոսյանի կողմից որդուն ծեծելու մասին:
Հունիսի 27-ին Ֆելիքս Պողոսյանը երեկոյան տողանի ժամանակ շարքից դուրս է կանչել որդուն, ապտակել և պոկել կրտսեր սերժանտի տարբերանշանը: Ծեծելուց հետո Պողոսյանը տասնօրյա կալանքի է ենթարկել զինվորին (ըստ հոր և որդու):
«Ինչպե՞ս կարող եմ զինվորին ծեծել, մեզ արգելված են նման արարքները»,-հեռախոսազրույցում հերքեց Պողոսյանը:
Հրամանատարը նշեց, որ զինվոր Հովսեփյանին երկու անգամ կալանքի է ենթարկել՝ չմանրամասնելով նրա արարքը և չորակելով, թե ինչպիսի զինվոր է Հովսեփյանը: Նա ընդամենը հիշեցրեց, որ վանաձորցի զինվորը Կուբաթլու է տեղափոխվել Հայաստանի Լուսակերտի զորամասից, որտեղ ևս խնդիրներ է ունեցել հրամանատարության հետ:
Անցյալ աշնանը Կուբաթլուից Լուսակերտ տեղափոխվելու պատճառը զորամասի սպա, մայոր Հովսեփ Սահակյանն էր: Զինվորին ծեծելուց, սեռական բնույթի հայհոյանքներ տալուց և հեռախոսը ջարդելուց հետո Սահակյանի նկատմամբ ՀՀ զինվորական դատախազությունը հարուցում է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի առաջին մասով՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով: Մինչդեռ զինվոր Հովսեփյանը հետագայում չի բողոքել և մայորի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել:
«Ինձ ասեց՝ դե կտենաս՝ինչ եմ դարձնելու տղուդ ծառայությունը, ուր էլ գնա, հետևից քսիֆ եմ ուղարկելու»,- պատմում է զինվորի հայրը: Այդպես էլ եղել է: Երբ պաշտպանության նախարարը ընդառաջել է որդու անվտանգությամբ մտահոգ հոր խնդրանքին՝ նրան Լուսակերտից տեղափոխելով այլ զորամաս՝ Կուբաթլու, զինվորի վիճակը չի փոխվել՝ հետապնդումը շարունակվել է նաև այնտեղ:
Զինվորի նկատմամբ հետապնդումները սկսվեցին այն ժամանակ, երբ նրա հայրը ծառայության սկզբում դիմելով այն ժամանակ ՀՀ վարչապետ, ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանին, խնդրեց որդուն Լուսակերտի զորամասից չտեղափոխել այլ զորամաս:
«Մեծ որդիս ծառայում էր Լեռնային Ղարաբաղում, ու վարչապետին խնդրեցի՝ փոքրին հեռու չտանել»:
Վարչապետի միջամտությունը դուր չի գալիս Լուսակերտի զորամասի հրամանատար Սևադա Հովհաննիսյանին:
«Ես համարձակվեցի բարձրաձայնել բանակում տիրող անօրինականությունների մասին, դրա համար էլ որդուս հետևից ընկան»,- կարծում է զինվորի հայրը՝ Հովսեփյանը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ում ևս դիմել է վանաձորցի զինվորի հայրը, զինվորների իրավունքների ոտնահարման կանխարգելումը պայմանավորում է երկրում տիրող անօրինականությունների վերացմամբ:
«Կոռուպցիան, չբացահայտված մահվան դեպքերը բանակում կշարունակվեն այնքան, քանի դեռ չեն բարելավվել պետության մնացած ոլորտները»,- կարծում է Սաքունցը:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.armenianow.com/?action=viewArticle&AID=3225&lng=arm&IID=1197&CID=3090#comments
Նաիրա Բուլղադարյան
«ԱրմենիաՆաուի» Վանաձորի թղթակից