Ռուբեն Հայրապետյանի մանդատի հարցը պետք է օրակարգային դառնա. իրավապաշտպան
06:11, June 26, 2012 | ՆորություններԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպից հետո պետք է օրակարգային դառնա տվյալ խորհրդարանականի մանդատի հարցը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ միաժամանակ հավելելով, որ այդ մեխանիզմը, որպես նախադեպ, պետք է տարածել քաղաքացիների իրավունքները ոտնահարող ցանկացած պատգամավորի վրա:
«Որքան էլ ասենք, որ ընտրությունների արդյունքները կեղծվում են, այնուամենայնիվ, պատգամավորներն Ազգային ժողովում հայտնվում են քաղաքացիների քվեների շնորհիվ: Հետևաբար նույն այդ պատգամավորներին պատկանող հաստատություններում ընտրողների, այսինքն՝ սովորական քաղաքացու նկատմամբ ցանկացած ոտնձգության դեպքում պետք է օրակարգում դրվի տվյալ խորհրդարանականին մանդատից զրկելու հարցը՝ որպես վերջինիս քաղաքական պատասխանատվության ենթարկելու տարբերակներից մեկը»,- ասաց նա:
Իրավապաշտպանի խոսքերով՝ այն երկրներում, որտեղ խորհրդարանականները պատասխանատու են իրենց ընտրողների առջև, սոփեստական ձևակերպումներով հնարավոր չէ խուսափել պատժից: «Պատժից հնարավոր չէ խուսափել այնպիսի հայտարարություններով, ինչպիսին, ասենք, հետևյալն է. տվյալ պատգամավորը պատասխանատու չէ իր բիզնեսում ընդգրկված աշխատողների վարքագծի համար»,- ասաց Արթուր Սաքունցը:
Ամփոփելով՝ իրավապաշտպանը կրկին ընդգծեց, որ քաղաքացիների իրավունքները ոտնահարող խորհրդարանականները ոչ միայն քրեական կամ իրավական պատասխանատվության ենթարկվեն, այլ նաև՝ քաղաքական: «Միակ ճանապարհը հասարակության պահանջատիրությունն ու քաղաքացիական վերահսկողությունն է,- ասաց Սաքունցը:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը և ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Վերջինիս գլխի ծանր վնասվածքով տեղափոխել էին հոսպիտալ և նյարդավիրաբուժական վիրահատության ենթարկել: Վիրահատությունը տևել էր մի քանի ժամ, և Ավետյանն այժմ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում: