Սերժ Սարգսյանի մոտ առկա է երկերեսանիության և խաբեության ֆենոմենը. Սաքունց
13:53, February 6, 2013 | Նորություններ | Ընտրական իրավունքԻրավապաշտպանների Հարավկովկասյան ցանցի անդամ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից կազմվել է զեկույց՝ «Իրավապաշտպանների վիճակը Հայաստանում՝ 2011թ. հունվար-2012թ. նոյեմբեր», որը, ըստ էության, ՀՀ-ում իրավապաշտպանների վիճակի մասին առաջին զեկույցն է:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ 2010-ին իրավապաշտպանների իրավիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մարգարեթ Սեկագիայի հրապարակած՝ Հայաստանում իրավապաշտպանների վիճակի մասին զեկույցից հետո, ցավոք սրտի, ոչ մի բան չի փոխվել:
Արթուր Սաքունցը նաև նկատեց, որ տարածաշրջանում մտահոգություններ կան՝ կապված Ադրբեջանում իրավապաշտպան Ինտիգամ Ալիևի նկատմամբ քրեական հետապնդման և ազատազրկման, ինչպես նաև Հայաստանում այս պահին ՀԱԿ ակտիվիստների՝ Տիգրան Առաքելյանի ազատազրկման և մյուս ակտիվիստների նկատմամբ քրեական հետապնդումների հետ:
Ըստ նրա՝ իրավապաշտպան գործունեության նկատմամբ ոտնձգությունները հովանավորվում են իշխանության մարմինների կողմից: Նրա խոսքով՝ այս ընթացքում մի քանի ոտնձգություններ տեղի ունեցան իրավապաշտպաններ Լալա Ասլիկյանի, Արման Վեզիրյանի նկատմամբ, իսկ Հանրային հեռուստատեսությունն էլ ակնհայտ հակաքարոզչություն է իրականացնում իրավապաշտպանների գործունեության նկատմամբ և անպատիժ մնում:
Իսկ այն, որ Սերժ Սարգսյանը իր ելույթներում անդրադառնում է խոսքի ազատությանը, քաղաքացիական հասարակության դերին ու նշանակությանը, դա վկայում է այն մասին, որ նրա խոսքի և գործի միջև տարբերություն կա:
Ա. Սաքունցը հիշեցրեց DIY ակումբի հրկիզումը, որտեղ հենց ՀՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչներն էին իրենց ակնհայտ վերաբերմունքը արտահայտում՝ աջակցելով ակումբը հրկիզողներին: Կամ՝ Հայկ Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ հետո կալանքի տակ պահելը նույնպես Սերժ Սարգսյանի օրոք է եղել: Իսկ նրա հավաստիացումները, թե կարևորում է քաղաքացիական հասարակության դերը, ընդամենը նախընտրական շրջանի տրամաբանության մեջ են, և որևէ հիմք չկա՝ կարծելու, թե Սերժ Սարգսյանն ունի քաղաքական կամք:
Ըստ նրա՝ այստեղ առկա է երկերեսանիության և խաբեության ֆենոմենը. Սերժ Սարգսյանը կարող է գեղեցիկ խոսքեր ասել, բայց երբ ասում է՝ «եկել, իմ տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես» արտահայտությունը, ապա դա ցույց է տալիս իր վերաբերմունքը քաղաքացու նկատմամբ:
«Կամ՝ երբ ասում է, որ ինքը պատասխանատվություն չունի, որ մարդիկ արտագաղթում են: Չի հասկանում, որ վերջին հաշվով արդարության համապատասխան պայմանների բացակայության պատճառով են մարդիկ թողնում-գնում, իսկ ինքը որևէ պատասխանատվություն չի զգում: Ստացվում է՝ նախօրոք գրված մնացած հայտարարությունները, որոնք նա ընթերցում է, իրականում չեն համապատասխանում նրա իրական մտածողությանը. ըստ էության, նա բռնության մշակույթի կրող է»,- իր կարծիքը հայտնեց իրավապաշտպանը: