Սպանություն ոստիկանությունում
00:00, April 16, 2010 | Նորություններ | ՈստիկանությունՆախօրեին Չարենցավանի ոստիկանության բաժնում սպանված քաղաքացին Չարենցավանի բնակիչ, 1986-ին ծնված Վահան Խալաֆյանն է:
Երեկվա դրությամբ դեպքի մասին հայտնի դարձած տվյալները արդեն իսկ վկայում են, որ ոստիկանության բաժնում տեղի ունեցածը հենց սպանություն է:
Ոստիկանության բաժին բերման ենթարկված 24-ամյա երիտասարդն առայժմ անհայտ պայմաններում դանակահարվել եւ սպանվել է: Սակայն ոստիկանությունը փորձում է կոծկել տեղի ունեցածն, այն էլ` ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մակարդակով: Ինչպես եւ սպասվում էր, ոստիկանությունը փորձում է դեպքը ներկայացնել որպես ինքնասպանություն: Այսպես, ոստիկանության ներկայացրած վարկածով` ապրիլի 13-ին Վահան Խալաֆյանը, 1986-ին ծնված Արթուր Իսպիրյանի, 1976-ին ծնված Շիրազ Մարկոսյանի եւ 1974-ին ծնված Դավիթ Գյուլումյանի հետ, բերման է ենթարկվել ոստիկանության Չարենցավանի բաժին: Նրանք կասկածվել են ապրիլի 4-ից 6-ը Չարենցավանի 3-րդ թաղամասի 29 շենքի մոտ գտնվող շինությունից մեկուկես միլիոն դրամի հագուստի գողություն կատարելու մեջ: Ըստ հաղորդագրության, իբր բերման ենթարկվածները ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել: Սակայն, ոստիկանությունը չի հստակեցնում, թե բերման ենթարկվածներից ով է խոստովանական ցուցմունք տվել, ով է գողոնի գտնվելու վայրը մատնանշել եւ այսպես շարունակ, ոչ մի կոնկրետություն, սա պատահական չէ, ինչին դեռ կանդրադառնանք:
Ըստ հաղորդագրության, Վահան Խալաֆյանը, «գտնվելով ոստիկանության Չարենցավանի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետի աշխատասենյակում` պահարանից վերցրել է խոհանոցային դանակն ու հարվածել իրեն` որովայնի մասում պատճառելով մարմնական վնասվածք: Խալաֆյանը շտապօգնության մեքենայով անմիջապես տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղ մահացել է»:
Ըստ ոստիկանության, Վահան Խալաֆյանը տառապել է «Անձի պաթոլոգիկ զարգացում` վարքի կոպիտ խանգարումներով, ինքնավնասումներով» ախտորոշմամբ հիվանդությամբ, ինչի հիման վրա նա 2005-ին ազատվել է զինվորական ծառայությունից: Երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ավելի զարգացրեց ոստիկանական վարկածը` նշելով, որ Խալաֆյանը եւ մյուսները ոստիկանության բաժին են բերման ենթարկվել ապրիլի 13-ին ժամը 16.50-ին: Ալիկ Սարգսյանը հայտարարեց, թե գողություն կատարողները եղել են չորսը, իսկ Խալաֆյանը եղել է խմբի հինգերորդ անդամը. «Ավելին նա եղել է այս հանցագործության կազմակերպիչը, բոլորը խոստովանական ցուցմունքներ են տվել եւ նշել են, որ նա է եղել կազմակերպիչը»,- ասաց Սարգսյանը: Վերջինս նաեւ հայտարարեց, թե Խալաֆյանի մարմնի վրա բռնության ոչ մի հետք չկա: Խալաֆյանն իբր մինչեւ միջադեպն արդեն ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել եւ նրա հետ բոլոր քննչական գործողությունները ավարտված են եղել:
Ոստիկանական վարկածում իրականությանը համապատասխանող տվյալն այն է, որ Չարենցավանում գողություն է կատարվել եւ, որ վերը նշված երիտասարդները, դրա հետ կապված, բերման են ենթարկվել ոստիկանության բաժին:
Վահան Խալաֆյանի հորեղբայրը` Համիկ Խալաֆյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ իր զարմիկին ոստիկանություն են տարել առանց ծանուցագրի` ապրիլի 13-ի առավոտյան, ժամը 10-ի սահմաններում: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը կարողացել է զրուցել ոստիկանություն տարված երիտասարդներից երկուսի հետ, որոնցից պարզել էր, որ նրանք ոստիկանություն են տարվել ապրիլի 13-ի առավոտյան, ժամը 7.30-ի սահմաններում: Այսինքն, ոստիկանությունը` անձամբ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի բերանով փորձում է կեղծել երիտասարդներին բերման ենթարկելու ժամը: Վահան Խալաֆյանի պարագայում ստացվում է, որ միջադեպը տեղի է ունեցել բերման ենթարկելու պաշտոնական ժամից 16.50-ից 25 րոպե անց, քանի որ միջադեպի արձանագրման ժամը 17.15-ն է: Այսինքն, Ալիկ Սարգսյանի ներկայացրած տարբերակով ստացվում է, որ 25 րոպեում Չարենցավանի ոստիկանության աշխատակիցները հասցրել են բացահայտել գողության դեպքը եւ ավարտել քննչական գործողությունները:
Ինչեւէ, ըստ Վահան Խալաֆյանի հորեղբոր, իր զարմիկը խոստովանական ցուցմունք չի տվել եւ նշված գողության հետ որեւէ կապ չի ունեցել: Նրան ոստիկանություն են բերման ենթարկել, քանի որ այն շինությունը, որտեղից գողությունը կատարվել է, նրանց տան դիմաց է գտնվում:
Իսկ ինչ վերաբերում է մյուս երիտասարդների կողմից ինքնախոստովանական ցուցմունքներ տալուն, ըստ Սաքունցի, ոստիկանությունում հարցաքննված երիտասարդներից մեկը անկողնային վիճակում է եւ նույնիսկ ի վիճակի չէ կանգնել եւ նորմալ խոսել: Կասկածվում է, որ նրա մոտ առկա է ծնոտի կոտրվածք: Բացի այդ երիտասարդները պատմել են, որ ոստիկանությունում իրենց խոշտանգելիս ոստիկանները սպառնացել են, որ եթե մեղքը չընդունեն, ապա իրենց նկատմամբ նաեւ սեռական բռնություն կգործադրվի եւ համապատասխան կադրերը տարածելուց հետո նրանք այլեւս չեն կարողանա ապրել: Այլ կերպ ասած, երիտասարդները անմարդկային խոշտանգումների ենթարկվելու պայմաններում ինչ-որ թղթեր են ստորագրել եւ հայտնի չէ` իրականում նրանցից ով է գողության հետ առնչություն ունեցել, իսկ ով` ոչ:
Ահա նման պայմաններում ողջ օրն անցկացրած «հարցաքննությունների» արդյունքում Վահան Խալաֆյանը եղել է միակը, ով, այսպես ասած, չի «կոտրվել», բայց նրա ճակատագիրն ավելի սարսափելի ավարտ է ունեցել:
Ըստ Ալիկ Սարգսյանի, Վահան Խալաֆյանը մինչեւ այս էլ մի քանի անգամ փորձել է ինքնասպանություն գործել: «Բազմաթիվ անգամ, դեպքը առաջինը չէ, երբ նա ուզեցել է կյանքին վերջ տալ ինքնասպանության միջոցով: Նույն դեպքը կարող էր լինել տանը, հասարակական տրանսպորտում եւ այլուր, քանի որ նրա մոտ այդ շեղումը եղել է»,- ասաց ՀՀ ոստիկանապետը: Սպանված երիտասարդի հորեղբայրը, վերը բերված պնդումը կտրականապես հերքեց` նշելով, որ նման դեպք երբեք չի եղել: Իսկ երիտասարդի մոտ ախտորոշված «հիվանդությունը» միայն մեկ նշանակություն է ունեցել` նա այդպիսով ազատվել է զինվորական ծառայությունից: Ալիկ Սարգսյանը չկարողացավ պատասխանել այն հարցին, թե Վահան Խալաֆյանին դանակի մեկ, թե երկու հարված է հասցված եղել: Փոխարենը Համիկ Խալաֆյանը հստակեցրեց, որ վնասվածքները երկուսն են: Ավելին, դիահերձում եւ դիակի դատաբժշկական փորձաքննություն չի անցկացվել, եւ այն պետք է այսօր տեղի ունենա: Այսինքն, ակնհայտ է, որ ոստիկանապետն ասուլիսի ժամանակ առանց քաշվելու չճշտված եւ սուտ տվյալ էր հրապարակում` ասելով, թե Վահան Խալաֆյանի մարմնի վրա բռնության ոչ մի հետք չկա: Մարմնի նկարագիրը վերջնական պարզ կլինի այսօր:
Ոստիկանապետի այն հայտարարությունը, թե երիտասարդին անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, նույնպես սուտ է: «Իրանք իրենց ավտոմեքենայով գնացել հիվանդանոցից երկու բժիշկ են բերել, որպեսզի տեղում` բաժնում օգնություն ցույց տան: Երբ տեսել են, որ բանը բանից անցել է, նոր շտապօգնություն են կանչել եւ տեղափոխել են հիվանդանոց: Բայց երբ արդեն հասցրել են հիվանդանոց, երեխան արդեն կենդանության նշաններ ցույց չի տվել»,- ասաց Համիկ Խալաֆյանը: Այլ կերպ ասած, մեկ բան ակնհայտ է ապրիլի 13-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում սպանություն է տեղի ունեցել, եւ դրա կատարողը ոստիկանության աշխատակիցներ են եւ այսօր ոստիկանությունը անմիջական ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ փորձում է կոծկել տեղի ունեցածը:
ԱՂԲՅՈՒՐԸ` http://www.armtimes.com/6504