Ստեփան Գրիգորյանը դեռ կարող է անդամագրվել ԺՈՒԿ-ին
00:00, April 10, 2007 | Ընտրական իրավունքՔարոզարշավի առաջին օրը «Ժողովրդավարական ուղի» կուսակցության (ԺՈՒԿ) համամասնական ցուցակի երրորդ և հինգերորդ համարները՝ Աղասի Արշակյանն ու Ստեփան Գրիգորյանը Վանաձորում էին: Նրանք Հելսինկյան Քաղացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի անդամների հետ քննարկեցին Հայաստանում քաղաքական գործընթացները, ներկայացրեցին իրենց կուսակցության գաղափարներն ու առաջիկա ընտրություններից սպասումները:
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, ով ղեկավարում է «Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպությունը, ԺՈՒԿ համամասնական ցուցակի հինգերորդ համարն է: Անկախ քաղաքագետն ասում է, որ ընտրել է ԺՈՒԿ-ը, քանի որ, այդ կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանին համարում է ազնիվ եւ սկզբունքային մարդ: Քաղաքագետը կիսում է Մանուկ Գասպարյանի ի սոցիալ-դեմոկրատական հայացքները: Նա գրել է ԺՈՒԿ-ի ծրագրի արտաքին քաղաքականության հատվածը:
Ստեփան Գրիգորյանը որոշել է անդամագրվել ԺՈՒԿ-ին, եթե կուսակցությունը կարողանա հաղթահարել 5 տոկոսանոց արգելքը եւ մտնել խորհրդարան:
Նա կարծում է, որ եթե իշխանությունների կողմից ճնշում չլինի, ԺՈՒԿ-ը հաջողության կհասնի: Ըստ քաղաքագետի ճնշում կլինի, բայց նա հույս ունի, որ իշխանությունն էլ իր հերթին, միջազգային կառույցների ճնշման տակ, կվերցնի պատգամավորական մանդատների միայն 50-55 %-ը, մնացած մասը թողնելով ընդդիմությանը: Ստեփան Գրիգորյանի կանխատեսմամբ, ընդդիմությանը հասանելիք 45-50%-ում տեղ կգտնեն «ժառանգությունը», ՀԺԿ-ն կամ ՕԵԿ-ը եւ, իհարկե, ԺՈՒԿ-ը:
Եթե ԺՈՒԿ-ը խորհրդարանում չհայտնվի, միեւնույնն է, Ստեփան Գրիգորյանը չի բացառում, որ կանդամակցի այդ կուսակցությանը «Ընտրություններից հետո ես իմ ընտրությունը կկատարեմ»:
Նաիրա Բուլղադարյան, Վանաձոր
http://www.echannel.am/?topic_id=365