ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԲԱՐԵՎԵԼ
00:00, July 17, 2008 | Հավաքների և միավորումների ազատությունՎանաձորում վաղը ժամը 17.00-ին նախատեսված հանրահավաքից առաջ տեղական իշխանությունները սկսել են ճնշել բնակիչներին` հանրահավաքի մասնակիցների թիվը հնարավորինս նվազեցնելու համար:
Այս մասին տեղեկացնելու համար այսօր Վանաձորից մայրաքաղաք էր եկել հանրահավաքի կազմակերպիչ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը:
«Տեղական իշխանությունները վարչարարական մեթոդներ են կիրառում: Մասնավորապես Լոռու մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, հրավիրվել են վարչության պետերը: Քննարկման թեման է եղել` ինչպես անել, որ հանրահավաքին քիչ մարդ մասնակցի, գյուղապետերը թույլ չտան, որ մարդիկ գան հանրահավաքի: Վանաձորի առաջին բուժմիավորման տնօրենը հրավիրել է աշխատակիցներին եւ հրահանգել, որ որեւէ բուժաշխատող չմասնակցի հանրահավաքին:
Վանաձորի ոստիկանություն են հրավիրվել մարտի 1-ի գործով պայմանական ազատազրկման դատապարտված անձինք եւ զգուշացվել` չմասնակցել հանրահավաքին»,- տեղեկացրեց Սաքունցը:
Վերջինս գտնում է, որ ՀՀ ողջ տարածքում իշխանությունների էությունն ու բովանդակությունը նույնն է:
Այսօր Վանաձորում հանրահավաքի անցկացումը Սաքունցը համարում է անհրաժեշտ. «Մարտի 1-ից հետո կարծիք արտահայտելը դարձել է շատ վտանգավոր, մարդիկ կարող են զրկվել աշխատանքից, խնդիրներ ունենալ»:
Հանրահավաքի ընթացքում Սաքունցը Լոռու մարզի բնակիչներին պատրաստվում է ծանոթացնել ՀՀ-ի վերաբերյալ ԵԽԽՎ-ի ընդունած բանաձեվերին, ինչպես նաեւ մի շարք այլ հարցերի, որոնք այնքան էլ չեն լուսաբանվում:
«Ոչ թե այդ հարցերը մարդկանց չեն հետաքրքրում, այլ` արգելված թեմա են»,- ասաց Սաքունցը: Այսօր Վանաձորում հանրահավաքի անցկացումը կարեւորվում է նրանով, որ մարտի 1-ից հետո հայտարարված արտակարգ դրությունը վերաբերում էր ոչ միայն Երեւանին, այլեւ` ամբողջ հանրապետությանը. «Այդ ընթացքում մենք դիմել ենք հանրահավաք անցկացնելու համար, սակայն Վանաձորի քաղաքապետարանը մեզ մերժել է` պատճառաբանությամբ, թե մարտի 1-ի զոհերի հարազատները կարող են մասնակցել հանրահավաքին ու անախորժություններ հրահրել: Մենք հանրահավաքի համար դիմել էինք նաեւ արտակարգ դրությունից հետո, սակայն կրկին մերժել են»:
Վանաձորի վաղվա հանրահավաքը իրազեկված է, սակայն տեղական իշխանությունները չեն դադարեցնում ճնշումները. «Շատ վանաձորցիներ գերադասում են գալ եւ մասնակցել մայրաքաղաքի միջոցառումներին, բայց խուսափում են մասնակցել տեղական հանրահավաքներին»:
Սաքունցը նաեւ տեղեկացրեց, որ այս օրերին մարզպետարանում աշխատողներից շատերը վախենում են իրեն բարեւել` իշխանությունների հետ խնդիրներ չունենալու համար:
Ի դեպ, այսօր լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե ինչպես է իրավապաշտպանը վերաբերվում այն փաստին, որ Համաժողովրդական շարժման առաջնորդ Տեր-Պետրոսյանը չի մասնակցելու Վանաձորի հանրահավաքին. «Շատ նորմալ: Այդ հանրահավաքը ես եմ հրավիրել եւ ոչ թե Համաժողովրդական շարժումը: Բոլորը մոռանում են, որ հանրահավաքի իրավունք ունեն բոլորը, ինչպես իշխանությունն ու ընդդիմությունը, այնպես էլ Հ/կ-ները: Ես վաղվա հանրահավաքը չեմ համաձայնեցրել Համաժողովրդական շարժման հետ: Պարզապես այնպես է ստացվել, որ ՀՀ-ում ոտնահարված են ընդդիմության ներկայացուցիչների իրավունքները: Ես պաշտպանում են այն մարդկանց, որոնց իրավունքները ոտնահարված են, իսկ ընդդիմությունը՝ իր անդամների իրավունքները: Այս առումով մեր գործը համընկել է»: Իրավապաշտպանը տեղեկացրեց, որ հանրահավաքին ելույթ ունենալու համար Վանաձոր է հրավիրել «Ժառանգություն» կուսակցությանը, քանի որ մարտի 1-ին նա ամենակտիվն է գործել մարդու իրավունքները ապահովելու համար, նաեւ Համաժողովրդական շարժմանը. «Առայժմ չգիտեմ, թե ովքեր ելույթ կունենան: Վաղը կգաք, կտեսնեք»:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.a1plus.am/am/?page=issue&iid=62757