ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՈՒԼԻՍԻ 18-ԻՆ ՉԻ ԱՅՑԵԼԻ ՎԱՆԱՁՈՐ
00:00, July 16, 2008 | Հավաքների և միավորումների ազատությունՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցի հուլիսի 18-ին Վանաձորում նախատեսված Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հանրահավաքին:
Համաժողովրդական շարժման կենտրոնի անդամ Լեւոն Զուրաբյանը այսօր «Ա1+»-ին ասաց. «Վանաձորում նախատեսված հանրահավաքի կազմակերպիչը Համաժողովրդական շարժումը չէ: Լեւոն Տեր-Պետրոսյանը չի պլանավորում մասնակցել հանրահավաքին, սակայն եթե Համաժողովրդական շարժման անդամները մասնակցելու հրավեր ստանան, կմասնակցեն»:
Ինչ վերաբերում է օգոստոսի 1-ին Երեւանում նախատեսված հանրահավաքին, ապա Զուրաբյանը նշեց, որ այս պահին կազմակերպչական աշխատանքներ են ընթանում: Նա համոզված է, որ առաջիկա հանրահավաքը ավելի մարդաշատ կլինի, քան նախորդը, եւ այս պահին հիմնական խնդիրն այն է, որ օգոստոսի 1-ին չոտնահարվի մարդկանց ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը:
Ի դեպ, մարզերի այն բնակիչները, որոնց իշխանությունները արգելում են գալ մայրաքաղաք եւ մասնակցել Համաժողովրդական շարժման հանրահավաքներին, կարող են դատական կարգով վիճարկել իրենց սահմանադրական իրավունքի ոտնահարումը:
«Իշխանությունները շատ նուրբ քաղաքականություն են վարում: Նրանք վախեցնում են ամենաանպաշտպան, ամենացածր իրավագիտակցություն ունեցող մարդկանց` հենց այն հաշվարկով, որ նրանք չեն պայքարի իրենց իրավունքների համար»,- ասաց Լեւոն Զուրաբյանը` նշելով, որ կան մարդիկ, ովքեր պատրաստ են պայքարել իրենց ազատ տեղաշարժվելու իրավունքը ոտնահարողների դեմ:
«Ա1+»-ի խնդրանքով պարոն Զուրաբյանը անդրադարձավ նաեւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգի այն հայտարարությունը, թե իրեն խիստ մտահոգել է Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի հանձնարականը Վայոց Ձորի դատախազին, որով հրահանգ էր տվում հետապնդումնների ենթարկել Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբերի պետերին եւ նրա բոլոր կողմնակիցներին:
Լեւոն Զուրաբյանը դժվարացավ ասել, թե Համմերբերգին փաստաթղթի հատկապես որ հատվածն է մտահոգել, սակայն ասաց. «Այդ փաստաթղթում մտահոգվելու շատ բաներ կան: Դա տոտալիտար պետությանը հարիր մի փաստաթուղթ է, որը երեւի Սալտիկով Շեդրինն էլ, Կաֆկան էլ չէին կարող հորինել: Այդ փաստաթուղթը ցուցադրում է մեր երկրում ստեղծված պետության բնույթը, ընդդիմության նկատմամբ իրականացվող տոտալիտար բնույթի գործողությունները եւ մեր իշխանությունների բարոյական իրավագիտակցության մակարդակը»:
Ինչ վերաբերում է Համմերբերգի երեկվա այն դիտողությանը, որը մասնավորապես ուղղված էր իշխանություններին` իր հանդիպումները մեկնաբանելու վերաբերյալ, ապա Զուրաբյանը նկատեց, որ մեր իշխանությունները միայն Համմերբերգի հանդիպումների բովանդակությունն ու հայտարարությունները չէ, որ աղավաղում են. «Ուղղակի առաջին անգամ է, որ բավականին լուրջ գնահատական տրվեց այդ կեղծիքների պրակտիկային: Իշխանությունների կեղծիքները բնական է, քանի որ մենք գործ ունենք ստախոսների, կեղծարարների հետ»:
Պարոն Համմերբերգը երեկ նաեւ հայտարարեց, որ Մարտի 1-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար համապատասխան մասնագետներ կտրամադրվի միայն այն դեպքում, եթե համոզվի, որ հանձնաժողովի ընթացակարգը ճիշտ ուղու վրա է, անկախ եւ օբյեկտիվ: Այս առումով Զուրաբյանը վստահ է, որ համապատասխան հանձնաժողովը կարող է անկախ եւ օբյեկտիվ լինել, եթե ձեւավորվեր Համաժողովրդական շարժման առաջարկած սկզբունքով. «Հանձնաժողովը վստահելի կլիներ, եթե ընդդիմությունն ու իշխանությունը հավասարապես ներկայացված լինեին այնտեղ: Ընդհանրապես` հեղինակավոր կազմակերպությունները իրենց փորձագետներին կտրամադրեն միայն այն դեպքում, եթե համոզվեն, որ այդ հանձնաժողովը իսկապես անկախ է: Վստահ եմ, որ եթե հանձնաժողովը ձեւավորված լիներ մեր առաջարկով` միջազգային փորձագետներ կուղարկվեին»:
Լեւոն Զուրաբյանը նաեւ նշեց, որ այդ դեպքում, բնականաբար, ընդդիմությունն էլ կմասնակցեր Մարտի 1-ի գործով ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.a1plus.am:81/am/?page=issue&iid=62709