Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով քսաներորդ դատական նիստի մասին
17:43, July 4, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Ավետիսյանների ընտանիք2016 թվականի հունիսի 30-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում տեղի ունեցավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քսաներորդ արտագնա դատական նիստը՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով:
Տուժողների իրավահաջորդներ Անահիտ Կոշտոյանի, Լուսինե Ավետիսյանի, Նարինե Պողոսյանի եւ Անդրանիկ Պողոսյանի շահերը ներկայացնող փաստաբան Արամազդ Կիվիրյանի կողմից նախորդ դատական նիստին ներկայացված քաղաքացիական հայցը՝ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության՝ նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ, Դատարանը մերժեց՝ պատճառաբանելով, որ հայցը ենթական չէ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին՝ չնայած նրան, որ նախորդ դատական նիստին Դատարանը որոշում էր կայացրել քաղաքացիական հայցը վարույթ ընդունելու մասին՝ Ռուսաստանի Դաշնությանը ճանաչելով պատասխանող կողմ, իսկ տուժողների իրավահաջորդներին՝ քաղաքացիական հայցվորներ: Ավելին՝ հենց հայցը թարգմանելու և հասցեատերերին ուղարկելու պատճառաբանությամբ նախորդ դատական նիստը հետաձգվեց շուրջ մեկ ամսով: Սակայն հունիսի 30-ի դատական նիստի ընթացքում Դատարանը, հայցը վարույթ ընդունելու հարցը նորից քննարկելով, մերժեց այն:
Հիշեցնենք, որ վերոնշյալ հայցով սպանված ընտանիքի չափահաս անդամներից յուրաքանչյուրի մասով պահանջվել էր 50.000-ական եվրո, իսկ անչափաս երկու երեխաների մասով՝ 100.000-ական եվրո դրամական փոխհատուցում:
Հաջորդ դատական նիստին տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների կողմից դատավոր Հարություն Մովսիսյանին ինքնաբացարկի միջնորդություն կներկայացվի:
Հաջորդ դատական նիստը նշանակված է 2016 թ. հուլիսի 8-ին՝ ժամը 12:00-ին: